Եթե «Վեոլիան» ջուր ունենա, ժողովո՛ւրդ ջան, էտ ջուրը կմատակարարի. Ջրային կոմիտեի նախագահ
Եթե «Վեոլիան» ջուր ունենա, ժողովո՛ւրդ ջան, էդ ջուրը կմատակարարի․ լրագրողների հետ զրույցում պնդեց Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը։
«Մի՞թե շահույթ հետապնդող «Վեոլիա ջուր» ընկերության շահերից չի բխում ավելի շատ ջուր մատակարարել և ունենալ ավելի մեծ շահույթ, իհարկե, մասնավոր ընկերություն է, այսինքն՝ եթե ունենա՝ կմատակարարի»,- ասաց նա։
Հարցին, թե որքա՞ն է կազմում ջրի կորուստն ու ի՞նչ է արվում դա կանխելու համար՝ կոմիտեի նախագահը պատասխանեց՝ նշելով, որ կորուստները տարեկան միջինում կազմում են 45 տոկոս։
«Դեպի Երևան խողովակաշարերից մերձակա գյուղերի բնակիչները, Երևանի բնակիչները, Երևանի արվարձանների բնակիչները սկսում են ոռոգում իրականացնել խմելու ջրով, դրա համար ջուրը չի բավարարում, բնականաբար, շոգ եղանակ է, չի բավարարում»,- ասաց նա։
Հաջորդ պատճառը, ըստ նրա, կլիմայական փոփոխություններն են․«Ջրաղբյուրներում այս սեզոնին 24 տոկոս ջրի նվազում կա»։
Մեկ այլ պատճառ, ըստ նրա, Երևանում տնտեսությունների աճն է։ «Կառուցապատման ահռելի բարձր տեմպ կա, նոր բաժանորդների մեծ քանակ՝ 600 նոր բաժանորդ ունեցել ենք 2020-ին, 8700 նոր բաժանորդ՝ 2025-ին»։
Դիտարկմանը, թե արդյո՞ք նախապես այդ թվերը չէին կարող հաշվարկել՝ պատասխանեց․ «Ժողովո՛ւրդ ջան, բնությունը պետք է հաշվարկի, մենք այդ ջուրը չենք կարող չէ՞ հորինել»։
Կոմիտեի նախագահին ուղղեցին, որ խոսքը ոչ թե բնության, այլ կառավարման մասին է, որ նախապես հաշվի առնեն ռեսուրսները և նոր միայն նման քանակի կառուցապատման թույլտվություններ տան։
