Կ․Պոլսի հայոց պատրիարքությունը Մայր Աթոռին քննադատող և անուղղակիորեն Նիկոլ Փաշինյանին աջակցող հայտարարություն է տարածել. Կարպիս Փաշոյան
Լրագրող Կարպիս Փաշոյանը գրում է. «Կ․Պոլսի հայոց պատրիարքությունը Մայր Աթոռին քննադատող և անուղղակիորեն Նիկոլ Փաշինյանին աջակցող հայտարարություն է տարածել։
Բայց հայ առաջադեմ շրջանակները այս փաստը աննկատ են թողել։ Նրանք այդ հայտարարության մեջ թուրքական հետք, հիբրիդային գրոհ և կայսերական ազդեցություն չեն տեսնում։ Նրանց ուղեղները ծրագրավորված են միայն ռուսների ուղղությամբ։ Թուրքերի պարագայում նրանք խիստ պրագմատիկ են ու ռացիոնալ, նրանց չի մտահոգում այն փաստը, որ այդ պատրիարքարանը գործում է Ստամբուլի քաղաքապետարանի ենթակայության ներքո և ընդհանրապես ստեղծվել է օսմանների կողմից։
Բայց ռուսների պարագայում դառնում են խիստ զգայուն և անհանգիստ, նույնիսկ Կրեմլի շողքն ու ԿԳԲ-ի հուշը նրանց խելագարության են հասցնում՝ ստիպելով խրամատավորվել հիբրիդային գրոհների դեմ։
Ի դեպ ես չեմ պնդում, թե Սահակ արք․ Մաշալյանը գործում է բացառապես Թուրքիայի Հանրապետության շահերից։ Նրան ճանաչում եմ դեռևս ուսանողական տարիներից և միշտ մասնակցել եմ նրա դասախոսություններին։
Ինձ ուրիշ հարց է հետաքրքրում, ինչի՞ են հայ ուսյալ զանգվածները ծռվում և տվայտվում ռուսներից, բայց ռացիոնալ և պրագմատիվ սիրով լցված դեպի Թուրքիան։Ռուսական բիզնեսից ահաբեկվում են, իսկ թուրքական բիզնեսի վերաբերյալ որևէ քննադատական միտք դիտարկում որպես դավադրության տեսություն։
Չի բացառվում, որ Ռուսաստանը հիբրիդային գործիքակազմերով քարոզչական գրոհներ երբեմն նախաձեռնում է ՀՀ իշխանությունների դեմ, իսկ Թուրքիան և Ադրբեջանը, իմ խորին համոզմամբ, Հայաստանի դեմ մղվող հիբրիդային պատերազմը արդեն իսկ հասցնում են ավարտին։ Վերջնարդյունքը՝ մենք աշխարհին սկսել ենք նայել նրանց աչքերով»։
