Հայաստանը ջրի պակաս չունի. Այն, որ անցնում են ջրամատակարարման 17–ժամյա ռեժիմի, վատ կառավարման արդյունք է. երկրաբան
Ո՞րն է պատճառը, որ անցնում են ջրամատակարարման 17–ամյա ռեժիմի, որոշ տեղերում նաև 6–ժամյա կամ 4–ժամյա. ջրի պաշարները չի բավարարո՞ւմ, թե՞ իրենք հնարավորություն չունեն եղած ջրաքանակը ռեալ օգտագործելու, շահագործելու։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց երկրաբան Մարատ Գրիգորյանը։
«Հայաստանը խմելու ջրով և ոռոգման ջրով ինքնաբավ երկիր է, ո՞րն է պատճառը, որ սահմանափակ քանակությամբ ջուր են տալիս, և ոռոգման, և խմելու համար։ Չեն կարող եղած պաշարներն արդյունավետ օգտագործե՞լ, թե՞ այլ ինչ-որ պատճառներ կան։ Այս հարցին պետք է պատասխանել։ Իմ կարծիքով, այն ջրաքանակը, որը մտնում է Երևան, դրա մեծ մասը կորսվում է և չի հասնում բնակչությանը։
Ի՞նչ են արել այդ կորուստները դեմն առնելու համար, արդյոք միջոցներ, գումարներ ներդրվե՞լ են, փոխվե՞լ են ջրատարները, կամ ինչ քանակությամբ, թե՞ միայն շահույթի հետևից են ընկած, մտածում են գերշահույթ ապահովելու մասին։
Նորից եմ կրկնում, մենք ինքնաբավ երկիր ենք։ Այն, որ այսօր մեր գյուղատնտեսության համար ոռոգման ջուրը բավարար չի լինում կամ այն, որ որոնք խմելու ջուրը չի հասնում բնակչությանը, ոչ թե եղած պաշարների պակասից է, այլ վատ կառավարման հետևանք է։
Փորձագետները, մասնագետները պետք է նստեն, քննարկեն, տեսնեն՝ ի՞նչ է ներդրվել, ի՞նչ նպատակների համարո են դրանք օգտագործվել։ Հսկայական քանակությամբ գումարներ են ներդրվել, ո՞ւր են այդ գումարների արդյունքները։
Եթե չենք կարողանում ապահով բնակչությանը անհրաժեշտ քանակությամբ ջրով, նշանակում է՝ վատ ենք կառավարում: Կառավարումն է այստեղ ամենամեծ խնդիրը»,–ասաց նա։
Երկրաբանը նկատեց, որ իհարկե, հսկայական ծախսեր են պահանջվում խմելու ջրի ցանցը վերանորոգելու, բարվոք տեսքի բերելու համար, բայց դրանք չեն արվում։
Անդրադառնալով ոռոգման ջրին, Մարատ Գրիգորյանն ասաց. «Ոռոգման համակարգում էլ մեծ խնդիրներ ունենք, 100–ավոր հեկտար հողեր այսօր չեն մշակում ջրի ոչ բավարար լինելու պատճառով. «Ի՞նչն է պատճառը, ոչ ոք պատասխան չի տալիս, բայց որ նայենք, թե ինչքան է գումարներ են ներդրվել անկախության տարիներին այդ համակարգը բարելավելու համար, բայց որևէ արդյունքի չենք հասել։ Ցավոք սրտի, այս ոլորտում զբաղված շատ մարդկանց մեծ մասը սիրողական մակարդակով են զբաղվում, հեռու են համակարգեց մասնագիտական առումով»։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ «Վեոլիա ջուրը» մայիսի 1–ից մինչև սեպտեմբերի 16–ը գիշերները կանջատի ջրամատակարարումը գրեթե ողջ երկրով մեկ։
Մասնավորապես, Երևանի բոլոր վարչական շրջաններում բնակիչները ջուր չեն ունենա կեսգիշերից մինչև առավոտյան ժամը 7–ը։
Բացի այդ, Երևանի բոլոր վարչական շրջանների որոշ հասցեներում այս գրաֆիկը կպահպանվի ողջ տարվա ընթացքում։
Իհարկե, կան նաև հասցեներ, մասնավորապես, Դավիթաշեն , Կենտրոն, Ավան, Էրեբուն, Շենգավիթ վարչական շրջաններում, որտեղ ջրամատակարարումը կլինի շուրջօրյա։
Հատկանշական է, որ Շենգավիթ վարչական շրջանում կան հասցեներ, որտեղ ջրամատակարարումը լինելու է օրական 6 ժամ՝ առավոտյան 3 ժամ և երեկոյան 3 ժամ։
6–ժամյա գրաֆիկ կլինի նաև Հայաստան բոլոր մարզերի տարբեր բնակավայրերում։ Կան բնակավայրեր, որտեղ ջրամատակարարումը կլինի 7 ժամ, 8 ժամ, 10 ժամ և այլն։
Իսկ ահա Տավուշի մարզի Ազատամուտ և Կոտայքի մարզի Սարալանջ գյուղերում ջրամատարկարարումը կլինի 4 ժամ օրական։
