Արմավիրում սիրած տղայի հետ փախած աղջկան ծնողները տուն են բերել
Արմավիրի մարզի Արևիկ գյուղից մոտ 2 շաբաթ առաջ առևանգված 15-ամյա աղջկան հարազատները օրեր առաջ գտել և տուն են բերել։ Այս մասին այսօր՝ փետրվարի 25-ին, NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Արևիկի վարչական ղեկավար Գառնիկ Ծատուրյանը։
«Մենակ իմացել եմ, որ այդ երեխուն փախցրել են, մի քանի օր անց ծնողները դիմել են ոստիկանություն, երեխուն գտել, բերել են։ Մնացած հարցերից տեղյակ չեմ»,- ասաց վարչական ղեկավարը։
Ճշտող հարցին՝ երեխան շարունակո՞ւմ է դպրոց հաճախել, վարչական ղեկավարը պատասխանեց, որ այդ տեղեկատվությանը չի տիրապետում։
Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել փետրվարի 11-ին։ 15-ամյա աղջկա հարազատները փետրվարի 14-ին դիմել էին իրավապահներին։
Բնակիչներն ու դպրոցի տնօրենը NEWS.am-ին պատմել էին, որ ազգությամբ եզդի աղջիկը սիրած տղայի հետ է փախել։ Նա ծնողներին նամակ էր թողել, որտեղ ըստ բնակիչների գրված է եղել․ «Ես գնում եմ իմ երջանկության հետևից, ինձ չփնտրեք․․․»։
