Պայքարի դաշտում այնպիսի «հրմշտոց» է, որ ոչ մի իրեն հարգող մարդ չի էլ ուզում մտնել այնտեղ
Հրապարակ օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը գրում է․
Ամեն օր ցավով ու ափսոսանքով արձանագրում եմ, թե ինչքան գրագետ, խելացի, ազնիվ, հայրենասեր մարդիկ կան մեր շուրջը, որոնք ոչ իշխանության շարքերում են, ոչ` ընդդիմության: Առհասարակ` քաղաքական ուժերի մաս չկազմող մարդիկ մեզանում ավելի առողջ են դատում, ավելի լավ են հասկանում, թե ուր է գնում երկիրը, շատ ավելի են թացը չորից զատում, բայց, ցավոք սրտի, չեն մասնակցում երկրի կառավարմանը, որոշում կայացնողների մեջ չեն եւ անգամ չեն ձգտում լինել նրանց մեջ:
Շատ ցավալի է, որ այս բոլոր մարդիկ երկրի ընթացքին միջամտելու շատ սահմանափակ հնարավորություններ ունեն: Նրանցից մեկը բժիշկ է, մյուսը` գիտնական, այթի ոլորտի մասնագետ, ուսուցիչ, փոքր բիզնես ունի, լրագրող է կամ դասախոս... Նրանք բոլորը, մեծ հաշվով, դուրս են մնացել երկրի կառավարումից եւ իշխանության գալու պայքարից: Նրանց մասնակցությունը երկրի կառավարմանը սկսվում եւ ավարտվում է ընտրությունների ժամանակ քվեարկության գնալով, ինչը նրանք բարեխղճորեն կատարում են` տարեց տարի, չնայած մեծ հույսեր չունեն, թե իրենց ընտրած անձինք եւ ուժերն են գալու իշխանության, կամ` իշխանության գալուց հետո ինչ որ բան է փոխվելու:
Այնպես է ստացվել, որ կուսակցական գործունեությունը, քաղաքական պայքարը, ընտրություններին մասնակցելն ու առաջադրվելը մեզանում մի կողմից վարկաբեկվել են եւ հասարակության առողջ ուժերը դուրս են մնացել այդ պայքարից, մյուս կողմից` այդ պայքարի դաշտում այնպիսի «հրմշտոց» է, որ ոչ մի իրեն հարգող մարդ չի էլ ուզում մտնել այնտեղ: Չեն ուզում որպես անձ վարկաբեկվել, հայտնվել ցածրորակ միջավայրում, կամ էլ` կախման մեջ ընկնել մեկ անձի` կուսղեկավարի կամքից:
Արդյունքում` իշխանության եւ իշխանության ձգտողների շարքերում հայտնվել են լիքը անմաքուր, ոչ շատ գրագետ, հայրենիքի մասին ոչ այնքան մտահոգ, հստակ սկզբունքներ չունեցող, ճամբարից ճամբար վազող անհասկանալի մարդիկ: Այս տեսակն է գալիս իշխանության եւ պայքարում` իշխանության գալու համար, այլ ոչ թե իրենց գործն իմացող մարդկանց մի մեծ զանգված, որոնք չեն համարձակվում, կամ չեն ուզում մտնել այդ պղտոր դաշտը:
Սակայն իշխանության եկածների եւ իշխանության գալու համար պայքարողների վարքագծի, քաղաքականության հետեւանքները կրում են հենց նրանք` նույն այդ բժիշկը, գիտնականը, լրագրողն ու ուսուցիչը, որոնք վատ քաղաքացիներ չեն, անտարբեր չեն իրենց պետության ճակատագրի նկատմամբ, խելացի են եւ շատ ավելի լավ կկառավարեին այս պետությունը:
Պարադոքսալ ու ցավալի վիճակ...
