Հիմա ամբողջ աշխարհում «թուրքական քամի» է փչում. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում անցկացված կառավարության նիստից հետո հայտարարել է, որ «այժմ ամբողջ աշխարհում «թուրքական քամի» է փչում», հաղորդում է Anadolu-ն։
«Մարդիկ հետաքրքրվում են, թե ինչ է մտածում Թուրքիան, ինչ է անում, ինչ դիրքորոշում ունի նոր զարգացումների նկատմամբ և ինչ քայլեր կձեռնարկի»,- ասել է Էրդողանը։
Նա խոսել է նաև վերջին միջազգային բանակցությունների մասին։
«Փետրվարի 11-ին մենք հյուրընկալեցինք Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին։ Բանակցությունների ընթացքում քննարկեցինք մեր երկրների միջև հարաբերությունները, ինչպես նաև մեր դիրքորոշումները Եգեյան և Միջերկրական ծովերի հարցերի վերաբերյալ։ Մեր ստորագրած փաստաթղթերով ամրապնդեցինք մեր հարաբերությունների պայմանագրային հիմքը։ Ես վարչապետի հետ խոսեցի Արևմտյան Թրակիայի թուրքական փոքրամասնության կրթական և կրոնական իրավունքների լիարժեք իրականացման վերաբերյալ մեր սպասումների մասին։ Մենք նպատակ ունենք Հունաստանի հետ երկկողմ առևտուրը, որը նախորդ տարի հասել էր մոտ 7 միլիարդ դոլարի, հասցնել 10 միլիարդ դոլարի»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը։
Հիշեցնելով Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի փետրվարի 12-ին Անկարա կատարած այցը՝ Էրդողանն ասել է. «մեր հանդիպման ժամանակ ես ու Վուչիչը քննարկեցինք մեր ընդհանուր օրակարգի բոլոր հարցերը, ներառյալ՝ Սանջակ շրջանը։ Փոխադարձ առևտուրը հասել է 3,5 միլիարդ դոլարի, իսկ Սերբիայում թուրքական ընկերությունների թիվը գերազանցել է 1500-ը։ Հուսով ենք Սերբիայի հետ տարբեր ոլորտներում ավելի խորացնել մեր հարաբերությունները, մասնավորապես՝քաղաքացիական ավիացիայի, մշակույթի, կրթության, էներգետիկայի, տրանսպորտի և զբոսաշրջության ոլորտներում»։
Թուրքիայի նախագահը գովաբանել է նաև երկրի զինված ուժերը։
«ՆԱՏՕ-ի ամենամեծ և ամենաընդգրկուն զորավարժություններից մեկը՝ «Steadfast»-ը, կրկին աշխարհին ցույց տվեց Թուրքիայի զինված ուժերի ձեռք բերած մակարդակը»,- նշել է նա։
