Կիևին միջուկային զենք փոխանցելու ծրագրերի մասին ՌԴ ԱՀԾ տեղեկատվությունը չափազանց վտանգավոր է․ Պեսկով
Լոնդոնի և Փարիզի կողմից Կիևին միջուկային զենք փոխանցելու ծրագրերի մասին ՌԴ արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) տեղեկատվությունը չափազանց վտանգավոր է և հաշվի կառնվի Ուկրաինայի շուրջ բանակցությունների ընթացքում:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Սա միջազգային իրավունքի համապատասխան ակտերի բոլոր նորմերի ու սկզբունքների բացարձակ աղաղակող խախտում է։ Անշուշտ, մենք այս տեղեկատվությանը ուշադրություն կդարձնենք և հաշվի կառնենք շարունակվող բանակցությունների ընթացքում, քանի որ դա հնարավոր չափազանց վտանգավոր տեղեկատվություն է», – ասել է Պեսկովը լրագրողներին:
Ավելի վաղ Ռուսաստանի ԱՀԾ-ն հայտարարել էր, որ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան պատրաստվում են Կիևին միջուկային զենք և դրանց առաքման միջոցներ տրամադրել։
