2017-ը հայ-չինական և հայ-իրանական հարաբերություններում սպասումների՞, թե՞ հիասթափությունների տարի
Հայաստանն ու «Մետաքսի ճանապարհի» խաչմերուկը Դեռևս 2015-2016թթ.-ից շատ է խոսվել այն մասին, որ Հայաստանը իր աշխարհագրական դիրքի շնորհիվ կարող է դառնալ չինական հավակնոտ ծրագրի՝ Ասիան Եվրոպայի հետ կապող «Մետաքսի ճանապարհի» խաչմերուկը: «Մետաքսի ճանապարհ» ծրագրով Չինաստանը ցանկանում է ժամանակակից առևտրային մայրուղիների տեսքով ձևավորել նոր «Մետաքսի ճանապարհ»՝ Շանհայից մինչև Բեռլին: Ծրագրի կյանքի կոչման հիմնական նպատակներից մեկը բեռների փոխադրման ժամկետի նվազեցումն է: Մեկնաբանելով հայ-չինական հարաբերությունները, չինացի փորձագետները նշում էին, որ Չինաստանի կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում Հայաստանի հետ հարաբերություններին: Հայ-չինական շփումներ եղան այս ընթացքում և կարծես, ակնհայտ էր, որ հայկական կողմը պետք է շահագրգռի չինական ընկերություններին և կառավարությանը Հայաստանում ներդրումների հնարավորություն տեսնելու համար: Հայաստանի Վարչապետը խոստանում էր, թե Հայաստանը կարող է չինական բիզնեսի համար կարևոր հարթակ դառնալ... Հայաստանը կարող է չինական բիզնեսի համար կարևոր հարթակ դառնալ՝ նաև երրորդ երկրներ մուտք գործելու տեսանկյունից, դեռ 2016-ի վերջին հայտարարում էր վարչապետ Կարեն Կարապետյանը։ Վարչապետը նշում էր, թե անհրաժեշտ է հստակ քայլեր ձեռնարկել՝ տնտեսական համագործակցության հետագա զարգացմանն ուղղված առկա մեծ ներուժի իրացման ուղղությամբ։ Ընդգծելով Հայաստանի ենթակառուցվածքային մի շարք ծրագրերում չինական բիզնեսին ներգրավելու հնարավորությունը վարչապետը հավելում էր, որ կառավարությունը պատրաստ է մանրամասն քննարկման առարկա դարձնել բոլոր առաջարկները: Ի՞նչ ունենք արդյունքում՝ հայ-չինական տնտեսական հարաբերություններում, ո՞ւր են վարչապետի խոստացած չինական բիզնեսին ներգրավելու գործընթացները, «Մետաքսի ճանապարհին»՝ Հայաստանի դերակատարումը... Ցավոք, հայ-չինական հարաբերություններում, ակնհայտ է, որ Հայաստանի չկարողացավ հասնել գոնե այն մակարդակին, որը կարելի էր նույնիսկ համեստ մեկնարկ անվանել, էլ չենք խոսում Հայաստանի իշխանությունների հավակնոտ, բայց չիրականացված ծրագրերի մասին ցանկությունների մասին: Հայաստան-Իրան՝ շարունակական հույսեր Հայաստան-Իրան հարաբերությունները, թերևս, այն ճյուղն է, որում երկու կողմն էլ ձգտում են հասնել ավելիին: Իրանը, բացահայտ, տարածաշրջանում ակտիվ քաղաքականություն է վարում՝ ձգտելով հարևան երկրների հետ հասնել փոխշահավետ քաղաքականության: Հայաստան-Իրան հարաբերությունները ևս, բացառություն չէին: Պաշտոնական Թեհրանը վերջին տարիներին անընդմեջ ցույց էր տալիս, որ շահագրգիռ է Հայաստանի հետ հարաբերություններ նոր մակարդակի բարձրացնել: Սակայն, 2017թ. հունվարին կառավարությունը լուծարեց հայ-իրանական երկաթուղու համար պատասխանատու ընկերությունը: Ավելի վաղ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը նշել էր, որ հայ-իրանական երկաթգծի կառուցման գործում որևէ նշանակալից առաջընթաց չկա, առայժմ միայն քննարկումներ են ներդնողների հետ: Հարցին, թե ինչու նախագահի հայտարարությունից 8 տարի անց պատրաստ չէ վերջնական նախագիծը, նախարարը պատասխանեց․ - «Որովհետև ինվեստորը, որ պիտի ներդրում կատարի, ինքը պետք է անի իրեն հարմար նախագիծ»: Հիշեցնենք, որ 2008թ. հոկտեմբերին, ժողովրդին և Ազգային ժողովին հասցեագրած ուղերձում նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը խոստացավ․ - «Առաջիկա տարիների ընթացքում սկսվելու է Իրան - Հայաստան երկաթուղի կառուցվել»: Հայ-իրանական երկաթգիծը Սարգսյանի առաջարկած երեք խոշոր նախագծերից մեկն էր: Մինչդեռ անգամ բարձրաստիճան իշխանավորները կասկած հայտնեցին, որ հայ-իրանական երկաթուղու կառուցումը հնարավոր է: Ինչ վերաբերում է հայ-իրանական շփումներին, ապա դրանք 2017-ին բավական ինտենսիվ էին: Փետրվարի սկզբին պաշտոնական այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում էր ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, որը հանդիպումներ ունեցավ ԻԻՀ արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի և ԻԻՀ Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Ալի Շամխանիի հետ: Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ հանդիպման ընթացքում կարևորվել էր անվտանգության ոլորտում երկու պետությունների համագործակցության ընդլայնումը: Քննարկվել էին հայ-իրանական փոխգործակցության ամրապնդման, երկու ժողովուրդների բարեկամական կապերի խորացման, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումների հետ կապված հարցեր: Բարձր գնահատելով երկու պետությունների համագործակցությունը տարբեր բնագավառներում և ընդգծելով հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը, կողմերը շեշտել են նաև տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման կարևորությունը՝ որպես տարածաշրջանի պետությունների կայուն զարգացման անհրաժեշտ նախապայման Անցյալ տարվա օգոստոսին Երևանն ու Թեհրանը բանակցում էին Հայաստան մատակարարվող իրանական գազի ծավալները 2,5 անգամ մեծացնելու շուրջ, հնարավոր է՝ նոր համաձայնագրով հայկական կողմը Իրանին վճարի ոչ թե էլեկտրաէներգիայով, այլ դրամով, ինչը թույլ կտա իրանական գազը հասցնել հայաստանյան սպառողներին՝ բնակիչներին և ձեռնարկություններին: Իրանական «Շանա» լրատվական գործակալության հետ զրույցում այս մասին նշեց Իրանի ազգային գազային ընկերության միջազգային համագործակցության ղեկավար Բեհզադ Բաբազադեհը՝ ներկայացնելով մի քանի այլ ուշագրավ մանրամասներ ևս: Ըստ այդմ՝ «Գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ձևաչափով պայմանավորվածության շրջանակում Հայաստան իրանական գազի արտահանման առավելագույն ծավալը օրական 1 միլիոն խորանարդ մետրից պակաս է, և հայկական կողմն առաջարկել է ավելացնել ներկրվող իրանական գազի ծավալը, այն հասցնելով օրական մինչև 2 կամ 2,5 միլիոն խորանարդ մետրի: Հայտնի է, որ Իրանի ազգային գազային ընկերությունը քննարկում էր այդ առաջարկը: Իհարկե, ընկերությունը նախընտրում էր ուղղակի պայմանագիր կնքել Հայաստանի հետ՝ գազի առաքման ծավալները մեծացնելու համար, որպեսզի լրացուցիչ գազի դիմաց վճարվի ուղղակիորեն, ասել է Բեհզադ Բաբազադեհը: Հարցին՝ ծրագրու՞մ եք նոր համաձայնագիր կնքել Հայաստանի հետ, նա դրական պատասխան է տվել․ «Այո, մենք քննարկումներ ենք ունեցել այդ կապակցությամբ: Իհարկե, Հայաստանը նախընտրում է ռուսական գազի զեղչված գինը, որը ցածր է և մեզ համար անընդունելի»: Բաբազադեհը, միաժամանակ, ընդգծել է՝ Հայաստանի հետ «Գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ձևաչափով համաձայնագիրը կպահպանվի: ««Գազ էլեկտրաէներգիայի դիմաց» համաձայնագիրը ստորագրվել է Իրանի ու Հայաստանի կառավարությունների միջև, այն կպահպանվի: Բայց եթե Հայաստանը շահագրգռվածություն է ցուցաբերում Իրանից ավելի շատ գազ ստանալու հարցում, Իրանի ազգային գազային ընկերությունը, որպես գազի առևտրով զբաղվող սուբյեկտ, կցանկանար այդ հարցով առանձին համաձայնագիր ստորագրել Հայաստանի հետ, որպեսզի գազի արտահանման դիմաց մենք դրամ ստանանք»,- նշել է Բեհզադ Բաբազադեհը: Տարեսկզբին Թեհրան կատարած այցին ընդառաջ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուշագրավ հայտարարություն արեց, նշելով, թե Հայաստանի և Վրաստանի տարածքով Իրանից դեպի Եվրոպա գազի տարանցման հարցը ներկայումս փորձագիտական քննարկումների փուլում է: Իրանական «Շարղ» օրաթերթին տված հարցազրույցում Սարգսյանը, մասնավորապես, նշել էր․ «Ինչ վերաբերում է Իրանից Եվրոպա գազի տարանցման հարցին՝ նման մեծածավալ նախագծին, ապա դա պետք է բազմակողմանիորեն ուսումնասիրվի, հաշվարկվի, և եթե տնտեսապես շահավետ լինի բոլոր կողմերի համար, ապա ինչու՞ ոչ։ Ձեր նշած հարցը ներկա պահին գտնվում է փորձագիտական քննարկումների մակարդակում: Մենք մեր հերթին բազմիցս նշել ենք, որ շահագրգռված ենք՝ մասնակցելու տարածաշրջանային տնտեսական խոշոր նախագծերին և պատրաստ ենք համագործակցության համար»: Հայ-իրանական այս քննարկումների ֆոնին, մինչդեռ, պարզվեց Իրանից Հայաստան ներկրվող գազի ծավալները նախորդ տարիներին նկատելիորեն նվազել են: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տվյալներով, եթե 2012-ին Հայաստանը Իրանից ներկրել էր 488,3 միլիոն խորանարդ մետր գազ, ապա անցած տարի՝ այդ ցուցանիշը եղել է 372 միլիոն խորանարդ մետր, կամ 23,8 տոկոսով պակաս: Հայաստանը գազ է ներկրում երկու երկրից՝ Ռուսաստանից և Իրանից: Անցած տարիներին Իրանից ներկրվող գազի ծավալներն, ըստ էության, պակասեցվել են՝ հօգուտ ռուսական գազի: Եթե 2012 թվականին իրանական գազի չափաբաժինը ներկրված գազի ընդհանուր քանակության մեջ 19,8 տոկոս էր, ապա անցած տարի այդ ցուցանիշը կազմել է 16,6 տոկոս: Մինչդեռ, փորձագետների համոզմամբ՝ Թեհրանը նպատակ ունի առաջիկա տարիներին զբաղեցնել միջազգային գազի շուկայի առնվազն 10%-ը, ինչը ենթադրում այդ վառելիքի արտահանման ծավալների աճ: Այս առումով, ըստ իրանագետի, Թեհրանում կարևոր են համարում եվրոպական շուկան, իսկ Հայաստանը դիտարկվում է որպես այդ շուկա տանող ուղիներից մեկը: Թեհրանը կարևորում է Երևանի հետ համագործակցությունը էներգետիկ ոլորտում Այս տարվա առաջին ինը ամիսներին հայ-իրանական առևտուրը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 10 տոկոսով: Իրանը Հայաստանի հետ համագործակցության կարևորագույն ուղղություններ է դիտարկում էներգետիկ և տրանսպորտային ոլորտները, նոյեմբերին Երևանում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարեց Իրանի արտաքին գերատեսչության ղեկավար Մոհամմադ Ջավադ Զարիֆը։ Իրանի արտգործնախարարին ընդունել էին նաև նախագահ Սերժ Սարգսյանն ու վարչապետ Կարեն Կարապետյանը: «Բավական լավ հնարավորություններ կան երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացման համար: Այսօր ինձ ուղեկցում են [իրանցի] գործարարներ, տնտեսական ոլորտի ներկայացուցիչներ: Հայաստանի հետ մեր համագործակցության կարևորագույն ուղղություններն են էներգետիկ ու տարանցման ոլորտները: Կարևորում ենք նաև համագործակցությունը գիտության և տեխնոլոգիաների ոլորտում»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մոհամմադ Ջավադ Զարիֆը: Իրանի ԱԳ նախարարը նաև հույս հայտնեց, որ երկկողմ հարաբերությունների բոլոր ոլորտներում հաջողություն կգրանցվի: Ազգային-վիճակագրական ծառայության ներկայացրած վերջին տվյալների համաձայն, այս տարվա առաջին ինը ամիսներին հայ-իրանական առևտուրը կազմել է 197,4 միլիոն դոլար: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այն աճել է 10 տոկոսով: Ընդ որում, Հայաստանից արտահանումը Իրան կազմել է 62,8 միլիոն դոլար, ներմուծումը՝ 134,5 միլիոն դոլար: Այս ցուցանիշով Իրանը Հայաստանի վեցերորդ խոշորագույն առևտրային գործընկերն է: Վերջին շրջանում նկատելիորեն ակտիվացել են հայ-իրանական միջպետական շփումները: Անցած տարվա դեկտեմբերին Երևանում էր Իրանի նախագահ Հասան Ռոհանին: Այս տարվա օգոստոսին Թեհրան այցելեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Անցած ամիս Իրանի մայրաքաղաքում հյուրընկալել էին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին: Այդ այցից հետո Իրանի նավթի փոխնախարար Ամիրհոսեյն Զամանինիային հայտարարեց, որ Կարապետյանը Թեհրանում քննարկել է իրանական գազ գնելու և Իրանի տարածքով դեպի Հայաստան թուրքմենական գազը տեղափոխելու հարցերը: Վարչապետի իրանական այցից մոտ տասն օր անց Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը լրագրողներին ասաց, որ գազի գնման շուրջ Թեհրանի հետ քննարկումներ մշտապես ընթացել ու ընթանում են, սակայն հավելեց․ «Եթե ցածր գնի առաջարկ կլինի, մենք անպայման կգնենք»: Հայաստանի ու Եվրամիության միջև օրերս ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործակցության համաձայնագիրը բարձրացրել է Հայաստանի հեղինակությունը Իսլամական հանրապետությունում, և այս հանգամանքը չի կարող ազդեցություն չունենալ հայ-իրանական հարաբերությունների վրա: Իրանը շահագրգիռ է՝ աշխատելու ԵՄ երկրների հետ և շահագրգիռ են՝ կառուցելու գործընկերային հարաբերություններ: Փոխադարձ շահագրգռություն կա նաև եվրոպական կողմից, և այս առումով՝ Հայաստանը Իրանի կողմից ընկալվում է փոքր Եվրոպա: ՀՀ-ն Իրանի համար դարպաս՝ դեպի ԵԱՏՄ, ԱՊՀ, ԵՄ երկրներ Հայաստանում ստեղծված են բարենպաստ պայմաններ շահավետ ներդրումներ կատարելու և հաջողությամբ գործարարությամբ զբաղվելու համար, տարեվերջին Երևանում հայ-իրանական գործարար համաժողովի ժամանակ ասաց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ հույս հայտնելով, որ այս համաժողովը կնպաստի իրանական գործարար շրջանակների կողմից Հայաստանի ներդրումային հնարավորությունների բացահայտմանը: «Հայաստանում իրականացվող բարեփոխումները նախատեսում են ամրագրել առավել բարենպաստության ռեժիմներ, հստակեցնել օտարերկրյա ներդրողներին տրվող երաշխիքները, հնարավորություն տալ գործարարներին օգտվելու Հայաստանում գործող և նախատեսվող լրացուցիչ արտոնություններից, ներդրումային վեճերի լուծման ժամանակակից մեխանիզմներից, հետևողականորեն կրճատվել և պարզեցվում են մի շարք ընթացակարգեր», - ասել էր Նալբանդյանը՝ շարունակելով. - «Հայաստանում ներդրումներ կատարելու առավելություններից է, որ մեր երկիրն ունի առևտրի արտոնյալ ռեժիմ բազմաթիվ երկրների հետ: Մասնավորապես, Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությամբ ստեղծվել են նոր հնարավորություններ: Հայաստանում արտադրված ապրանքները զրոյական մաքսատուրքերով, առանց վարչարարական խոչընդոտների, կարող են ազատ մուտք գործել Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների 180 միլիոնանոց սպառողական շուկա: Բացի այդ, մեր երկիրն ունի ազատ առևտրի համաձայնագրեր ԱՊՀ գրեթե բոլոր երկրների հետ։ Հայաստանն օգտվում է նաև ԱՄՆ-ի, Կանադայի, Շվեյցարիայի, Ճապոնիայի, Նորվեգիայի «Արտոնությունների ընդհանրացված GSP համակարգերից», Եվրամիության կողմից տրամադրվող «Արտոնությունների ընդհանրացված համալրված GSP+ համակարգից»: Ըստ Նալբանդյանի՝ Հայաստանը, հանդիսանալով ԵԱՏՄ անդամ երկրներից միակը, որը ցամաքային սահման ունի բարեկամ Իրանի հետ, կարող է դարպաս հանդիսանալ դեպի ԵԱՏՄ, ԱՊՀ և ԵՄ երկրներ մուտք գործելու համար. «Այս առումով կարևորում ենք իրականացման փուլում գտնվող Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի նշանակությունը՝ որպես Պարսից ծոցի նավահանգիստները Սև ծովի նավահանգիստներին կապող ամենակարճ տարանցիկ երթուղի»: Հիշեցնենք, որ 2017թ. մարտի 30-ին Հայաստանի կառավարությունը որոշում ընդունեց Սյունիքում՝ Իրանի սահմանագծին ազատ տնտեսական գոտի ստեղծելու մասին: Պաշտոնական Երևանը շեշտում էր, որ դրա գործարկումը կնպաստի Իրանի հետ տնտեսական կապերի ամրապնդմանը, Հայաստանի տնտեսական ներուժի առավել արդյունավետ օգտագործմանը: Դեկտեմբեր 15-ին հայ-իրանական սահմանին բացվեց «Մեղրի» ազատ տնտեսական գոտին: Բացմանը մասնակցող վարչապետ Կարեն Կարապետյանը վստահեցրեց, որ սա նպաստելու է բիզնեսի զարգացմանը։ Թամար Բագրատունի