Ռուբինյանն ինչու՞ է Սաղմոսավանք գնացել
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն այսօր Սաղմոսավանք է այցելել և պարզաբանումներ պահանջել եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Օշինից։ Դրանից ժամեր առաջ Ռուբինյանը գրառում էր արել այն մասին, թե իրեն ծանոթ երիտասարդ զույգը պսակադրության նպատակով Սաղմոսավանք է գնացել, Տեր Օշինն էլ, իբրև թե, ասել է․ «կարևորը քավորը նորմալ տղա լինի, թասիբով տղա լինի, նկատի ունեմ՝ ՔՊ–ական չլինի»։ Գրառման մեջ Ռուբինյանը սպառնալից տոնով ասել էր. «Տեր Օշինին խորհուրդ եմ տալիս խելքը գլուխը հավաքել»։
Տեր Օշին քահանա Հայրապետյանը NEWS.am–ի հետ զրույցում չի հերքել իր վերաբերմունքը ՔՊ–ականների նկատմամբ, բայց հերքել է, թե պսակադրվել պատրաստվող երիտասարդներին նման բան է ասել։
«Նման խոսակցություն չի եղել, ինձ ոչ մեկ չի դիմել, ես էլ ոչ ոքի չեմ ասել՝ եթե քավորը ՔՊ–ական է․․․։ Չգիտեմ, թե այդ խոսակցությունները որտեղից են գալիս։ Պարզապես ես միշտ ասել եմ՝ չի կարող քավոր լինել այն անձը, որը Հայ Առաքելական Եկեղեցու դեմ է, ճշմարիտ զավակը չէ Աստծո»,–նշեց Տեր Օշինը։
Հարցին, թե ինչ նպատակով էր Ռուբեն Ռուբինյանը Սաղմոսավանք այցելել, և ինչ խոսակցություն են ունեցել, Տեր Օշինը պատասխանեց․
«Նրա այցի նպատակը բոլորի համար էլ պարզ է։ Տեր Օշինը նույնն է այսօր, վաղը, ամեն վայրկյան։ Տեր Օշինը ծառայում է Հայ Առաքելական եկեղեցուն և իր ժողովրդին»։
Ավելի վաղ, Տեր Օշինը Aysor.am–ի հետ զրույցում անդրադառնալով ԱԺ փոխնախագահի գրառմանը՝ նշել էր․ «ՔՊ... ինձ համար նման կուսակցություն չկա, ՔՊ-ական կլինի, չի լինի՝ կարևորը հայրենավաճառ չլինի, հայրենասեր, եկեղեցասեր մարդ լինի, ասել եմ, ասում եմ»։
Լրատվամիջոցը Տեր Օշինից հետաքրքրվել է՝ մտավախություն չկա՞, որ հիմա էլ իր նկատմամբ հետապնդում կսկսեն, ինչի Սաղմոսավանքի հոգեւոր հովիվը պատասխանել էր, որ «մտավախություն չունի, արդեն վեց ամիս է, որ իր հետևից են ընկած»։
ԱԺ փոխնախագահն էլ եկեղեցուց դուրս գալուց րոպեներ անց ֆեյսբուքյան ուղիղ եթերով պատմել է հոգևորականի հետ ունեցած իր զրույցի մասին ու նշել, թե Տեր Օշինը չի հերքել, թե երիտասարդ զույգին նման բան է ասել։
«Ստիպված եղա Տեր Օշինին բացատրել և զգուշացնել, որ եկեղեցում մարդուն քաղաքական հայացքներով կամ կուսակցական պատկանելությամբ պայմանավորված խտրականության ենթարկելը ե՛ւ հակասում է եկեղեցական կանոնին, ե՛ւ պարունակում քրեական օրենսգրքով սահմանված հոդվածի տարրեր»,– պատմել է Ռուբինյանը։
