Պուտինի հետ ջերմացող, Արևմուտքի հետ լարվող հարաբերություններ

2017-ի տարածաշրջանային իրադարձություններն առանձնացնելիս պետք է անդրադառնալ Թուրքիա-արևմուտք և Թուրքիա-Ռուսաստան հարաբերություններին: Առաջին դեպքում ժամանակ առ ժամանակ առաջ էին գալիս լարվածության դրսևորումներ, իսկ երկրորդի դեպքում՝ ակնհայտ ջերմացման ու հարաբերությունների խորացման գործընթացներ: Թե՛ ԵՄ-ից, թե՛ ԱՄՆ-ի Թուրքիայի ուղղությամբ պարբերական քննադատություններին Էրդողանը հակադարձում էր կոշտ քննադատությամբ, թե՛ ԵՄ-ին, թե՛ Վաշինգտոնին երկերսանության մեջ մեղադրելով և քննադատելիս անցնելով դիվանագիտության սահմանները: Արևմուտքի հետ հարաբերությունների շարունակական սրման ֆոնին՝ Ռուսաստանի հետ Թուրքիայի հարաբերություններն ակնհայտորեն գնացին ջերմացման հունով: 2017-ի ընթացքում Պուտինն ու Էրդողանը հասցրեցին մի քանի անգամ հանդիպել: Նոյեմբերին կայացած բանակցություններին Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները չշրջանցեցին երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության զարգացման թեման, ինչը թերևս պատահական չէ` 2017 թվականը երկկողմ հարաբերություններում կմնա որպես Ռուսաստանի կողմից Թուրքիային նորագույն C-400 (S-400) տիպի հրթիռային համակարգերի վաճառքի տարի: «Մենք մեծ նշանակություն ենք ընձեռում հատկապես այն համատեղ ջանքերին, որոնք գործադրվում են պաշտպանական արդյունաբերության ոլորտում», - հայտարարում էր Ռեջեփ Էրդողանը: Բանակցությունների մյուս կարևորագույն թեման 2016 թվականին նկատված անկումից հետո Թուրքիայի և Ռուսաստանի միջև տնտեսական կապերի վերականգնումն էր: Այս առումով, ըստ Վլադիմիր Պուտինի, կողմերին արդեն իսկ հաջողվել է լուրջ հաջողություններ արձանագրել` տնտեսական հարաբերությունները հասցնելով նախաճգնաժամային մակարդակին: «Կարելի է ասել, որ մեր հարաբերությունները գործնականում վերականգնվել են ողջ ծավալով: Դա են վկայում նաև ապրանքաշրջանառության աճող ծավալները: Այդ աճը 2017 թվականի ինը ամիսներին 36 տոկոս է կազմել: Մենք բոլոր հիմքերն ունենք ակնկալելու, որ մեզ կհաջողվի ամբողջությամբ փոխհատուցել նախորդ տարի արձանագրված անկումը», - հայտարարում էր Ռուսաստանի նախագահը: «Մենք ակնկալում ենք, որ արդեն առաջիկա շաբաթներին տեղի կունենա «Ակկույու» ատոմակայանի հիմնարկեքի արարողությունը: Մեր ցանկությունն է, որպեսզի այդ արարողությանը ներկա գտնվի նաև նախագահ Պուտինը, եթե իհարկե նրա օրակարգը նման հնարավորություն ընձեռի», - հայտարարում էր Թուրքիայի նախագահը: Հիշեցնենք, որ առաջին թուրքական ատոմակայանի շինարարությունն իրականացնում է "РосАтом" պետական կորպորացիան: Ռուսական կողմը խոստանում է ատոմակայանի առաջին էներգաբլոկը շահագործման հանձնել 2023 թվականին: Արդեն դեկտեմբերին հայտնի դարձավ, որ Մոսկվան և Անկարան ավարտին են հասցնում C-400 համակարգերի վաճառքի գործարքի ձևակերպումը: Ռուսաստանի կողմից Թուրքիային նորագույն C-400 տիպի հակահրթիռային համակարգերի վաճառքի շուրջ գործարքն ավարտին կհասցվի արդեն առաջիկա օրերին, Անկարայում, ՌԴ իր պաշտոնակցի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, ասաց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Թույլ տվեք ինձ հատուկ ընդգծել, որ C-400 համակարգերի ձեռքբերման համար անհրաժեշտ բոլոր քայլերը մեր պաշտոնյաները կավարտեն արդեն այս շաբաթ կայանալիք հանդիպման ընթացքում: Ես նրանց հաջողություն եմ մաղթում և անչափ շնորհակալ եմ»,- դիմելով Ռուսաստանի նախագահին, նշեց Էրդողանը: Դատելով Թուրքիայի նախագահի այս հայտարարություններից` Մոսկվան և Անկարան այժմ զբաղված են C-400 հակահրթիռային համակարգերի ձեռքբերման գործարքում առկա վերջին տեխնիկական խոչընդոտների հաղթահարմամբ: Դրանց հիմնական մասը, ըստ մոսկովյան մամուլի, վերաբերում էր գործարքի ֆինանսական կողմին: Դեռ բանակցությունների նախնական փուլում Անկարան հասկացնում էր ռուսական կողմին, որ թեև նորագույն սպառազինություն գնելու ցանկությունը մեծ է, այդուհանդերձ, թուրքական կողմը բավարար ֆինանսական միջոցներ չունի: Հակահրթիռային համակարգերի արտադրությամբ զբաղվող РосТех ընկերությունը, սակայն, հրաժարվում էր գնի հարցում զիջումների գնալ` փոխարենն Անկարային առաջարկելով Ռուսաստանից միջպետական վարկ վերցնել: Դեռ մայիս ամսին մոսկովյան РБК հեռուստաընկերությունը պնդում էր, որ թուրքական կողմն անում է հնարավորը՝ վարկ վերցնելու տարբերակից խուսափելու և Ռուսաստանից ավելորդ ֆինանսական կախվածության մեջ չհայտնվելու համար: Ռուսաստանի ղեկավարի հայտարարություններից, սակայն, պարզ դարձավ, որ թուրքական իշխանություններն ի վերջո ստիպված են եղել համաձայնել ռուսական վարկի տարբերակին: «Այսօրվա աշխատանքի ընթացքում մենք վերջնականապես համաձայնեցրինք վարկային պայմանագիրը, որը, հուսով եմ, կստորագրվի առաջիկա օրերին»,- հայտարարում էր Վլադիմիր Պուտինը: Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովի խոսքով էլ՝ վարկի տրամադրման բոլոր պայմանները համաձայնեցված են, և պայմանագիրը կկնքվի ամենամոտ ապագայում: РосТех ընկերության ղեկավար Սերգեյ Չեմեզովն էլ նշում է, որ Թուրքիային C-400 համակարգերի վաճառքի ընդհանուր ֆինանսական ծավալը հասնում է 2 միլիարդ ամերիկյան դոլարի: Դեկտեմբերի վերջին հայտնի դարձավ, որ Մոսկվան և Անկարան ավարտել են ռուսական S-400 (C-400) հակաօդային պաշտպանության համակարգերի՝ Թուրքիային վաճառելու գործարքի ձևակերպումը: Ստորագրվեց 2 միլիարդ 500 միլիոն դոլարի վարկային համաձայնագիրը՝ ռուսական վարկով Անկարան ռուսական հրթիռներ է գնում: Ըստ համաձայնագրի՝ Ռուսաստանը Թուրքիային վաճառելու է S-400 հակաօդային պաշտպանության չորս համակարգ: Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ առաջին երկիրն է, որ Ռուսաստանի հետ նման խոշոր ռազմական գործարքի է գնում՝ Ռուսաստանից հակաօդային հրթիռային պաշտպանական համակարգ է ձեռք բերում: Թուրքական Daily Sabah-ը նշում է, որ դաշնակիցները քննադատել են Անկարային՝ նշելով, թե այդ քայլով Թուրքիան հեռանում է ՆԱՏՕ-ից: Սակայն Թուրքիան պնդում է, որ երկրի հակաօդային պաշտպանությունը ապահովելու համար նախ դիմել է Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրներին, փորձել է հակաօդային համակարգ ձեռք բերել դաշնակիցներից, բայց անհրաժեշտ աջակցություն չի ստացել, ինչից հետո արդեն սկսել է Ռուսաստանի հետ բանակցությունները: Գործարքի շուրջ պայմանավորվածություն էր ձեռք բերվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի Ռուսաստան այցելության ժամանակ: Իսկ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը անցած ամիս Միացյալ Նահանգներ այցի ընթացքում ասել էր, թե ստիպված են գնացել այդ քայլին: Անկարան պնդում է, որ Մոսկվայի հետ ռազմական այդ խոշոր գործարքը քաղաքական ենթատեքստ չունի, և այն պետք է դիտարկել միայն որպես երկրի պաշտպանական համակարգը ամրապնդելու անհրաժեշտ քայլ: Ռուսական S-400 համակարգերով Թուրքիան կստեղծի երկար հեռահարության և հակահրթիռային պաշտպանության առաջին համակարգը երկրում: Անկարան պնդում է, որ դա անհրաժեշտ է տարածաշրջանային սպառնալիքներին դիմակայելու համար: S-400 նորագույն համակարգերը Ռուսաստանը սկսել է արտադրել 2007 թվականից: Մինչև հիմա այն վաճառվել էր Չինաստանին և Հնդկաստանին: Ռուս-թուրքական ռազմական գործարքն արժանացավ Արևմուտքի քննադատությանը: Իսկ պաշտոնական Անկարան խստորեն քննադատեց Սպիտակ տան ազգային անվտանգության հարցով խորհրդական Հերբերտ ՄըքՄասթերի վերջին հայտարարությունները, որոնցում վերջինս Թուրքիայի իշխանություններին մեղադրել է աշխարհով մեկ իսլամական ծայրահեղականության գաղափարների տարածմանն ուղղված քայլեր ձեռնարկելու մեջ: «Ազգային Անվտանգության գծով խորհրդական ՄըքՄասթերի հայտարարությունները զուրկ են փաստական որևէ հիմքից, ապշեցուցիչ են, հիմնազուրկ և անընդունելի: Ամերիկացի պաշտոնյան պետք է որ տեղյակ լիներ, թե ինչպես է Թուրքիան պայքարում ահաբեկչության և բոլոր տեսակի արմատականության դրսևորումների դեմ»,- նշել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը` հինգշաբթի տարածած գրավոր հայտարարության մեջ: Թուրքիայի և Միացյալ Նահանգների միջև հերթական դիվանագիտական սկանդալը ծագեց այն բանից հետո, երբ բրիտանական Policy Exchange վերլուծական կենտրոնի կողմից Վաշինգտոնում կազմակերպված քննարկման ժամանակ ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության գծով խորհրդականը Թուրքիան համեմատեց Պարսից ծոցի արաբական այն միապետությունների հետ, որոնք տարիներ շարունակ ֆինանսավորում էին առավել ծայրահեղական հայացքներով աչքի ընկնող իսլամական կազմակերպությունների գործունեությունը: «Թուրքիան հետևում է Քաթարի օրինակին` վերածվելով ծայրահեղական գաղափարախոսության տարածումը ֆինանսավորող առաջնային աղբյուրներից մեկի»,- նշում էր ամերիկացի պաշտոնյան, մանրամասնելով` «Թուրքիայի ներգրավումն այդ գործընթացներում մենք տեսնում ենք ամենուր` Արևմտյան Աֆրիկայից մինչև Հարավ-արևելյան Ասիա: Բալկանները ևս լուրջ մտահոգություններ են առաջացնում»: Զարգացնելով իր միտքը` Հերբերտ ՄըքՄասթերը նաև հայտարարում էր, թե պաշտոնական Անկարան արտերկրի իսլամիստներին ցուցաբերվող աջակցության առումով կրկնօրինակում է Սաուդյան Արաբիայի կողմից դեռ տասնամյակներ առաջ` 70-ական թվականներին որդեգրած մարտավարությունը: «Այն ժամանակ մենք բավարար ուշադրություն չդարձրեցինք այն ուղիների վրա, որոնց միջոցով լայնորեն տարածվում էր ծայրահեղական գաղափարախոսությունը` կրոնական դպրոցներ, մզկիթներ և, այսպես կոչված, բարեգործական կառույցներ»,- նշում էր Հերբերտ ՄըքՄասթերը: Թրամփի խորհրդականի խոսքով` «Էրդղանի իշխանության օրոք Թուրքիան աստիճանաբար հեռանում է Արևմուտքից»: Թուրքիայի արտգործնախարարությունը, սակայն տարածած հայտարարության մեջ կրկին նշել է, որ Անկարան ցանկանում է պահպանել դաշնակցային հարաբերությունները ամերիկացիների հետ: «Թուրքիան շարունակում է Միացյալ Նահանգները դիտարկել որպես բարեկամ և դաշնակից պետություն և նույն վերաբերմունքն է ակնկալում Վաշինգտոնից»,- նշված է թուրքական դիվանագիտական գերատեսչության հայտարարության մեջ: Ի դեպ, թուրքական կողմի կոշտ արձագանքը կարծես պաշտոնական Վաշինգտոնին որոշակիորեն ստիպել է վերաձևակերպել Հերբերթ ՄըքՄասթերի վերջին հայտարարությունները: Թուրքիայի պաշտոնական Anadolu լրատվական գործակալության հետ զրույցում Միացյալ Նահանգների Ազգային Անվտանգության խորհրդի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը, ով չի ցանկացել հրապարակել իր անունը, նշել է․ «Միացյալ Նահանգները հավատարիմ են Թուրքիայի հետ ռազմավարական գործակցության ոգուն: Այդ համագործակցությունը միտված է տարածաշրջանում կայունության վերահաստատմանը և ահաբեկչության բոլոր տեսակի դրսևորումների դեմ պայքարին»,- ասել էր թուրքական գործակալության զրուցակիցը` հավելելով․ «Սահմանների անվտանգության ամրապնդմանը, Թուրքիայի տարածքով «Իսլամական պետության» զինյալների հոսքը կանխելուն և Սիրիայի խոշորագույն քաղաքներն այդ խմբավորման զինյալներից զտելուն ուղղված՝ Անկարայի ջանքերը մենք բարձր ենք գնահատում»: Ամերիկացի պաշտոնյայի պնդմամբ՝ առաջիկայում պայքարի հիմնական ուղղություններն են լինելու ահաբեկչության ֆինանսավորման կանխումն ու բռնությունն արդարացնող գաղափարախոսության տարածման սահմանափակումը: «Միացյալ Նահանգները կփորձի հնարավորություններ գտնել` այս խնդիրների շուրջ Թուրքիայի հետ համագործակցությունը խորացնելու նպատակով»,- նշել է ամերիկյան Ազգային Անվտանգության խորհրդի ներկայացուցիչը: Մետաքսյա Շալունց

դիտվել է 64 անգամ
Լրահոս
Վրաստանի խորհրդարանը՝ միայն իշխող կուսակցության պատգամավորների մասնակցությամբ, վստահություն է հայտնել նոր կառավարությանը Նշված իրավիճակում, այդ թվում՝ խաբեությամբ կնքված ցանկացած միջազգային պայմանագիր առ ոչինչ է «Դժգույն և դժբախտ» մայթն այլևս հետիոտնի համար չէ Սա հայկական պետականության պահպանման, դրա ապագան ապահովելու տեսանկյունից գոյութենական խնդիր է․ Արման Մելիքյան ««Աբովյանի ծննդատուն» ՊՓԲԸ-ի տնօրենն աշխատավարձերը չի տալիս, ասում է՝ հիվանդանոցը պարտքերի մեջ է» Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին Վանաձորում բախվել են Mercedes-ն ու Nissan-ը. կա վիրավոր Արտակարգ դեպք՝ Երևանում․ «Սքեյթ պարկից» քթոսկրի կոտրվածքով հիվանդանոց տեղափոխված 16-ամյա աղջիկը հայտնել է, որ վնասվածքը պատճառել է ընկերուհին Ադրբեջանցիները փորձում են Թբիլիսի քաղաքը ներկայացնել «ադրբեջանական» Զուրաբիշվիլին հանդես կգա հրատապ հայտարարությամբ Սխալ են լսել, ես նման բան չեմ ասել․ Գեղամ Նազարյանը բոլորին սխալ հասկացող որակեց․ MediaHub Սպիտակ ծովից մինչև Ամուրի ափեր տարածվում է ռեկորդային ջերմություն․ Ազիզյան ՔԿ ղեկավարը նախընտրում է թուրքականը․ Էդգար Ղազարյան Փաշինյանի բախտը բերել է, կարողացել է մայթով քայլել Հայաստանում պատրաստվում են թուրքական պահանջով կրճատել բանակը. Հայաստանը շարունակում է գրավված մնալ. Վարուժան Գեղամյան Վահե Հովհաննիսյանն ու փողերի լվացումը. հրապարակումները կուսումնասիրվեն ՀԿԿ-ում Պուտին. ՀԱՊԿ-ը պարտավոր չէր կռվել Ղարաբաղում Երևանի համար Փաշինյանի և Գրիգորյանի նկատմամբ քրվարույթի պահանջով հաղորդում է ներկայացվել ՔԿ և դատախազություն Երևանը դեռևս չի հայտարարել ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին․ Պուտին Դատապարտյալը 22 օր է՝ գտնվում է հացադուլի մեջ, 16 կգ նիհարել է. Իրավապաշտպանն ահազանգում է «Բոլորդ կրակե՛ք»․ ի՞նչ է տեղի ունեցել «Կոկո»–ի և «Կյաժ Աշոտ»–ի միջև. բացառիկ հարցազրույց սպանվածի մոր հետ․ MediaHub 700 հայկական բեռնատար է կուտակվել Վերին Լարսի անցակետի մոտ Փաշինյանը չի հասկանում, որ դարձել է պարտության խորհրդանիշ․ Սուրենյանց Երևանի քրեական ոստիկանության մոտ բախվել են 2 «BMW», «Nissan»-ն ու «Hyundai»-ը «Էս վիժվածքը սարսափելի բան է պատրաստել, ժողովու՛րդ, ոտքի կանգնեք»․ Մեսրոպ Եղիազարյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 29-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Նոյեմբերի 29-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էլեոնորա Մանանդյանը Նոյեմբերի 29-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Նոյեմբերի 29-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Նոյեմբերի 29-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 27-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Քրիստինե Վարդանյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am