Կյանքից հեռացել է օպերային երգչուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Օլգա Գաբայանը
Մահացել է օպերային երգչուհի, մեցցո-սոպրանո, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Օլգա Գաբայանը: Այս մասին հայտնում է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը։
«Օլգա Գաբայանն անգնահատելի ներդրում է ունեցել հայկական օպերային արվեստում: Տասնամյակներ շարունակ նրա մարմնավորած կերպարները հիացմունք են արթնացրել հանդիսատեսի սրտում, իսկ նրա օրինակով կրթվել են բազում սերունդներ:
Սիրված երգչուհու հիշատակը հավերժ կմնա նրա արվեստի երկրպագուների սրտերում և հայ օպերային արվեստի պատմության մեջ: Օպերային թատրոնի անձնակազմը ցավակցություն է հայտնում արվեստագետի ընտանիքին, հարազատներին եւ մտերիմներին»,-ասվում է հաղորդագրության տեքստում։
Օլգա Գաբայանը ծնվել է 1940 թվականի դեկտեմբերի 27-ին։ 1966 թվականին ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիան։ Նույն թվականից եղել է Երևանի օպերային թատրոնի մեներգչուհի։ 1992 թվականից դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։
Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայում կերտել է Ալմաստի դերը, Տիգրան Չուխաճյանի «Արշակ Բ» օպերայում՝ Փառանձեմի դերը, Արմեն Տիգրանյանի «Դավիթ Բեկ» օպերայում մարմնավորել է Թամարին, Ալեքսանդր Հարությունյանի «Սայաթ-Նովա» օպերայում Աննայի դերն է կերտել, Ժորժ Բիզեի «Կարմեն» օպերայում մարմնավորել է Կարմենին, Ջուզեպե Վերդիի «Աիդա» օպերայում՝ Ամներիսին, Վերդիի «Տրուբադուր» օպերայում՝ Ազուչենային։
2016 թվականին հայրենիքին մատուցած ծառայությունների համար արժանացել է 2-րդ աստիճանի մեդալի։
