Ադրբեջանական «դեմոկրատիան» հասավ Վաշինգտոն
«Գեղարդ» հիմնադրամը հոդված է հրապարակել․
Վաշինգտոնում ադրբեջանցի ընդդիմադիրների ակցիան Իլհամ Ալիևի թիկնապահների կողմից վերածվել է բռնության ու ծեծի։
Ադրբեջանցի մի խումբ ցուցարարներ փետրվարի 19-ին, փորձել են բողոքի ակցիա անցկացնել այն հյուրանոցի դիմաց, որտեղ կանգ էր առել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Վերջինս Վաշինգտոնում էր՝ մասնակցելու Խաղաղության խորհրդի առաջին նիստին։
Ադրբեջանական ընդդիմադիր աղբյուրները հրապարակել են ԱՄՆ-ում բնակվող ադրբեջանցիների և Ադրբեջանի կառավարության գործողությունները քննադատողների բողոքի ցույցի կադրերը, ուր հնչում են «Ազատություն քաղբանտարկյալներին», «Ազատություն Թոֆիգ Յագուբլուին» կարգախոսները։
«Մեր նպատակն էր պարզապես բողոքի խաղաղ ակցիա անցկացնել «Waldorf Astoria» հյուրանոցի առջև, որտեղ մնում էր Իլհամ Ալիևը՝ պահանջելով ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, այդ թվում՝ զրպարտված լրագրողներին, մարդու իրավունքի պաշտպաններին, «Ժողովրդական ճակատ»-ի նախագահ Ալի Քերիմլիին, Թոֆիգ Յագուբլուին: Այստեղ որևէ սադրանք չի եղել»,- ասել է Ալիևյան ռեժիմի կոշտ քննադատ ու ներկայումս էլ խարդախության մեղադրանքով 9 տարվա ազատազրկման դատապարտված Թոֆիգ Յագուբլուի որդին՝ ամերիկաբնակ Ռահիմ Յագուբլուն։
«Երկրում (Ադրբեջանում՝ խմբգ․) անհնար է բողոքել Իլհամ Ալիևի դեմ, հավաքների ազատությունն արգելված է Ադրբեջանում 2019 թվականից։ Մենք ցանկանում էինք մեր կարծիքն ու կարգախոսները բարձրաձայնել նաև արտասահմանում։ Դժբախտաբար, Ադրբեջանի իշխանությունները և Ալիևի թիկնապահները կոշտ արձագանքեցին դրան․․․»,- նշել է ցուցարարը՝ ընդգծելով, որ նախագահի թիկնապահները ծեծել են ակցիայի մասնակիցներին, պատռել իր հագուստը։
Հաղորդվում է, որ Վաշինգտոնի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել հյուրանոցի առջև տեղի ունեցած միջադեպի առնչությամբ։
Վերջին օրերին սա ընդդիմադիրների ու քննադատների նկատմամբ Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացրած բռնության առաջին դեպքը չէ։ Մասնավորապես՝ Շվեյցարիում բնակվող ադրբեջանցի հայտնի լրագրող Էմին Հուսեյնովը ևս հայտարարել է իր վրա հարձակման փորձի մասին։
«Մինչ Իլհամ Ալիևը Խաղաղության խորհրդի նիստում խոսում էր խաղաղության մասին, Ժնևի կենտրոնում ինձ հետևում էին երկու տղամարդ․․․։ Ընդամենը մի քանի օր առաջ Մյունխենում Իլհամ Ալիևի կինը՝ Մեհրիբան Ալիևան՝ Ադրբեջանի առաջին տիկինն ու փոխնախագահը, հրապարակավ հստակ սպառնալից տոնով ինձ իբր «առողջություն» մաղթեց։ Տեղի ունեցածը ես որակում եմ մահափորձ։ Ես հիմքեր ունեմ կասկածելու, որ Ալիևի ընտանիքն անմիջականորեն կապված է այս միջադեպի հետ»,- հայտարարել է Հուսեյնովը՝ իր սոցցանցերում հրապարակելով միջադեպի տեսանյութը։ Ըստ Հուսեյնովի՝ նա խնդրել է Իլհամ Ալիևին պատասխանել անկախ լրատվամիջոցների հարցերին, ինչին ի պատասխան՝ Ալիևն ասել է․«Աշխարհում անկախ լրատվամիջոցներ չկան»։
Նշենք, որ 2014 թվականին Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը քրեական գործ էր հարուցել Էմին Հուսեյնովի գլխավորած «Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտ» կազմակերպության դեմ, լրագրողին արգելել էին լքել երկիրը։ Հուսեյնովը թաքնվել էր Բաքվում՝ Շվեյցարիայի դեսպանատանը, ապա 2015 թվականին արտագաղթել էր երկրից։
Հատկանշական է, որ ԱՄՆ-ում՝ Խաղաղության խորհրդի առաջին նիստին մասնակցող Ադրբեջանի նախագահը չի «զլանում» իր «ժողովրդավար» քաղաքականությամբ հանդես գալ անգամ երկրի սահմաններից դուրս։
