Ճնշումներն ու կոմպրոմատները, որ դրել են իրենց առաջ, անհամեմատ նվազ են գալիք այն դատաստանից, որ սպասվում է ուրացողների համար. Տեր Զարեհը՝ տիրադավների մասին
Փետրվարի 16-ից սկսել է Մեծ պահքը, որը տևում է 48 օր՝ մինչև Սուրբ Հարության տոնի նախօրեն: Պահքի ընթացքում հրաժարվում են ոչ միայն որոշակի կերակուրներից, այլև մոլի սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և այլ մեղքերից: Զղջումը, աղոթքը, ապաշխարանքը հիմնական պայմաններն են Աստծո բուժիչ և քավիչ զորությունն ստանալու:
Պահքի խորհրդի, ներողամիտ լինելու, չզայրանալու, չհուսահատվելու, ապաշխարությամբ դարձի գալու և շատ այլ հարցերի շուրջ Aysor.am-ը զրուցել է Տեր Զարեհ քահանա Աշուրյանի հետ, ով ժամանակին հոգևոր ծառայություն էր իրականացնում Մասյացոտնի թեմում, իսկ այժմ Թեոդոսիայի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվն է։
- Տեր Հայր, Մեծ Պահքի շրջանն է, ժողովուրդը հիմնականում ուշադրություն է դարձնում ուտել-չուտելուն, բայց չէ՞ որ այստեղ սննդակարգը չէ առաջնայինը, այլ՝ հոգևոր կյանքը: Ինչպե՞ս ճիշտ Պահք պահել։ Հատկապես նրանց, ովքեր առաջին անգամ են Պահեցողության մեջ, ի՞նչ խորհուրդ կտաք։
- Այս ընթացքը հրաշալի առիթ է յուրաքանչյուր քրիստոնյա մարդու համար, որպեսզի իր կյանքի ընթացքը վերանայի, իր կյանքը սխալներից սրբագրի, հոգևոր զորացման հասնի։ Պահքը, եթե միայն սննդային լիներ, եկեղեցու հայրերն ասում են՝ սատանան այդ իմաստով ամենալավ Պահք պահողը կլիներ, բայց ամենակարևորն է, որ մենք Պահքի հոգևոր բովանդակությունը հասկանանք ու հոգևոր բովանդակությունը պահենք։ Սատանան ո՛չ ուտում է, ո՛չ խմում է, բայց շարունակում է մարդկանց կյանք ուտել, հետևաբար, եթե միայն սննդային Պահքով սահամանափակվենք, ապա այդ իմաստով չարն ամենալավ Պահք պահողը կլինի։ Ուստի մեզ համար Պահքի ամենակարևոր մասը հոգևոր մասն է։ Երբեմն մարդիկ են լինում, ովքեր, տարբեր առողջական խնդիրներով պայմանավորված, չեն կարող իրենց սննդակարգը փոխել, որովհետև հատուկ սննդակարգով են սնվում, նաև հղի կանանց Պահք պահելու սննդային խիստ անհրաժեշտությունը չկա։
- Շատերն այսօր Պահք են պահում, բայց պատարագների, ժամերգությունների ընդհանրապես չեն գնում, արդյոք սա կարելի՞ է Պահք կոչել։
- Պահքի ընթացքում նրանք, ովքեր Աստվածաշունչ չեն կարդացել, հրաշալի առիթ է, որպեսզի կարդան, ովքեր վաղուց Աստծու հետ իրենց կապն ընդհատել են, այս ընթացքում վերականգնեն, եթե դժվարանում են աղոթել, թող սկսեն Նարեկացի կարդալ, Աստվածաշնչի Սաղմոսաց գրքերը կարդալ, հաճախակի եկեղեցում լինել, ոչ միայն կիրակիները պատարագների մասնակցելով, այլ նաև շաբաթվա մեջ ժամանակ փնտրեն ու եկեղեցում լուռ աողթք անեն, մասնակցեն ժամերգություններին, խոկման աղոթք անեն ու իրենց հոգևոր կյանքն ամբողջացնեն։
- Մեր կյանքում չարն այսօր շատ է, ինչպե՞ս այդ մարդկանց անտեսել, որ նրանց չարությունը նաև չազդի քո հոգեկան աշխարհի վրա, հատկապես այս օրերին, երբ մարդը պահեցողության մեջ է։
- Մարդն ի բնե չար չի լինում, մարդը չար է դառնում իր ընտրության արդյունքում, որովհետև Աստված ինչ ստեղծել է, բարի է ստեղծել, ու չարն ընտրության արդյունք է։ Այո՛, այդ մարդկանցից, ովքեր չարի ազդեցության տակ են իրենց անձնական ընտրության արդյունքում, ոչ թե պետք է խորշենք, նրանցից երես դարձնենք, այլ՝ նրանց համար աղոթք անենք, խնդրենք Աստծուն, որ Աստված նրանց հոգիները խաղաղեցնի, միտքը պայծառացնի, չար խորհուրդներից ազատագրի։ Աստված միշտ իր օգնության ձեռքը մեկնում է, այլ հարց է, թե մենք ընդունո՞ւմ ենք այդ ձեռքը, թե՞ չէ։ Չար մտքերի, չար մարդկանց հետ երկխոսելը ողջունելի չէ, որովհետև սատանան մոլորեցնում է մարդուն իր մեքենայություններով հենց երկխոսության միջոցով՝ դրանք կլինեն չար մտքեր, արտաքին չար ազդեցություններ և այլն։ Անտարբերության մատնելու իմաստով մարդկանցից երես թեքել կամ հեռավորություն պահել՝ ճիշտ չեմ համարում, բայց մարդկանց համար աղոթելը շատ կարևոր եմ համարում, առավել ևս այն մարդկանց համար, ովքեր գայթակղության մեջ են, ովքեր չարի ադզեցության տակ են։
- Մեծ Պահքի առիթով Վեհափառ Հայրապետն իր ուղերձում նշել էր՝ «Մեր Սուրբ Եկեղեցու դեմ տարատեսակ հարձակումների մտահոգություններով ալեկոծ են մեր հոգիները»։ Շատ հաճախ անհնար է չզայրանալ, չհուսահատվել, երբ տեսնում ենք, թե ինչ է կատարվում մեր Սուրբ Եկեղեցու շուրջ։ Ինչպե՞ս հաղթահարել այս հուսահատությունը։
- Ճիշտ եք նկատում, Վեհափառն էլ Պահքի իր ուղերձում անդրադարձավ եկեղեցահալած գործողություններին, միանշանակ, չբարկանալ հնարավոր չէ, բայց բարկության մեջ պետք է զգույշ լինենք, որ մեղք չգործենք, որովհետև Աստվածաշունչն էլ ասում է՝ «Ձեր բարկության վրա թող արևը մայր չմտնի», այսինքն՝ բարկությունը չպետք է տանի ատելության ու շատ ուրիշ երևույթների, որոնք մեզ հեռացնում են Աստծուց, ուղղափառ հավատքից ու ճշմարիտի ճանապարհից։ Միանշանակ, չզայրանալ կամ չանհանգստանալ նման իրավիճակներում հնարավոր չէ։
- Երբ մեկնարկեց Մեծ Պահքը, Դուք դիմել էիք Եկեղեցու դեմ արշավին միացած տիրադավներին ու հույս հայտնել, որ գուցե ապաշխարությամբ դարձի գան և ուխտը վերականգնեն։ Կարծում եք՝ Մեծ Պահքը նրանց դարձի կբերի՞, թե՞ նրանց համար այլևս այլ արժեքներն են առաջնային։
- Քրիստոսի առաքյալներից երկուսն ուրացան Քրիսոսին՝ մեկը մատնիչ Հուդան, մյուսը՝ Պետրոս առաքյալը։ Հուդան, գիտակցելով իր մեղքի ծանրությունը, անհուսության մեջ ընկավ ու գնաց ծայրահեղության՝ ինքնասպան եղավ, իսկ Պետրոս առաքյալը Տիրոջ խոսքերը հիշելուց հետո զղջաց, տագնապեց, լաց եղավ, ապաշխարեց ու դարձավ դեպի Աստված, և Աստված նրան ներեց ու ընդունեց։ Սուրբ Գիրքը մեզ սովորեցնում է, որ Աստված մեղավորի մահը չի ուզում, այլ ուզում է նրա դարձն ու ապաշխարությունը, որովհետև յուրաքանչյուր մեղավոր, եթե իր մեղքի մեջ մահանա, դա կլինի չարի հաղթանակը, իսկ մեր նպատակը այն չէ, որ մեղավորներից երես դարձնենք, այլ՝ նրանց համար աղոթում ենք, առիթներ ենք փնտրում կոչ, հորդոր ուղղելու, որ դարձի գան իրենց սխալ ընթացքից, որովհետև մեր հաղթանակը այդպիսինների կորուստները չեն, այլ՝ նմանների դարձն ու ապաշխարությունն է եկեղեցու հաղթանակը, եկեղեցու շահը ամեն մի ապաշխարած հոգին է։ Հույս ունենք, որ, այո՛, նրանց մեջ էլ կգտնվեն մարդիկ, որ իրենց սխալից զղջումով ու ապաշխարությամբ հետ կդառնան ու պահեցողության ընթացքը պիտի առիթ դարձնեն՝ վերանայելու իրենց կյանքի ընթացքը, իրենց որոշումը։ Ինչ տեսակ ճնշումներ, ինչ տեսակ կոմպրոմատներ իրենց առաջ դրել են, դրանք անհամեմատելի նվազ են գալիք այն դատաստանից, որ սպասվում է ուրացողների համար, նրանք էլ Հուդայի հետ բաժին են ունենալու, եթե չդառնան դեպի ճշմարիտ վարդապետությունը, Մայր եկեղեցին, իրենց տված ուխտը չվերանորոգեն, չնորոգեն, բայց, քանի դեռ ապրում են, առիթ ունեն նաև Պետրոսի հետ բաժին ունենալու համար։ Աստված թող իրենց քաջություն տա, որ իրենց սխալից հետ դառնան։ Վստահ ենք, որ գիտակցում են իրենց սխալը, տարբեր առիթներով տարբեր տեղերում խոսել են այդ մասին։ Ովքեր չեն խոսել, իրենց հոգու խորքում համոզված են, որ ծանր մեղք են գործում ու շատ սխալ է իրենց դիրքավորումը եկեղեցու դեմ։
