Նախիջևանի հայկական Շահկերտ գյուղը․ այստեղ է կառուցվել Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին
«Գեղարդ հիմնադրամի» հոդվածը․
Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Երնջակ գավառի հայկական նշանավոր բնակավայրերից էր Շահկերտը, որի մասին առաջին հիշատակությունը վերաբերում է 13-րդ դարին։ Ըստ հայ նշանավոր պատմագիր Ստեփանոս Օրբելյանի՝ գյուղը Տաթևի վանքին վճարել է տարեկան ութ դահեկան հարկ[1]։
Հայտնի է, որ միջնադարից սկսած, հայկական տեղանուններին զուգահեռ, օգտագործվել են նաև օտար անուններ, որոնք երբեմն մատնանշել են նաև արհեստներ։ Այդ կարգի տեղանունները հիմնականում վերջացել են թյուրքական «չի» վերջածանցով[2]։ Շահկերտը հայտնի է եղել նաև Ղազանչի անունով, որ նշանակել է «Կաթսայագործ գյուղ»[3]։
Գյուղը գտնվում է Երնջակ գետի աջ ափին՝ այգեվետ և հարթավայրային վայրում։ Բնակիչները, մինչև 1919 թվականը, բացառապես հայեր են եղել։ 1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմից հետո՝ 1828-1829 թվականներին, Սալմաստից այստեղ են գաղթել բազմաթիվ հայ ընտանիքներ։ 1915-1918 թվականներին գյուղն ունեցել է մոտ 400 տուն հայ բնակչություն[4]։ Իր մեծաթիվ բնակչության պատճառով Շահկերտը, գյուղի փոխարեն, երբեմն անվանվել է նաև ավան։
13-17-րդ դարերում շահկերտցիների շրջանում տարածված է եղել պղնձագործությունը (այստեղից էլ Ղազանչի անունը, որը նշանակում է կաթսայագործ)։
Ավանդության համաձայն՝ գյուղն ունեցել է 1500 տուն և աշխատեցրել է 42 աղորիք-ջրաղաց[5]։ Սակայն 19-րդ դարի 2-րդ կեսից գյուղի բնակչության հիմնական զբաղմունքը եղել է երկրագործությունը, շերամապահությունն ու մեղվաբուծությունը։ Տեղացիները Շահկերտ անվան ծագումը կապում են մի ավանդության հետ, ըստ որի, պարսից շահը մտել է գյուղ, և գյուղացիներն այդ պատճառով այն անվանել են նախ՝ «Շահ գիրդի» (իմա՝ «Շահը մտավ»), ապա ձևափոխվելով դարձել է Շահկերտ[6]։
Ժողովրդական մեկ այլ ստուգաբանությամբ՝ գյուղի Ղազանչի անունը կապված է ոչ թե պղնձագործության, այլ՝ «ղազանչի, կազանչի» բառի հետ, որ նշանակում է «դատել, վաստակել»[7]։
Շահկերտ գյուղը 1749-1750 թվականներին Հովհաննես Խանդամիրյանի գլխավորությամբ ապստամբել է Նախիջևանի Հեյդար-Ղուլի խանի դեմ։ Այս կռիվներում շահկերտցիներն օգտագործել են իրենց կողմից ձուլված թնդանոթներ։ Ի վերջո, ապստամբությունը ճնշվել է, և շահկերտցիները գաղթել են Կապան[8]։ Հեյդար-Ղուլի խանի վրեժխնդրությունից խուսափելու նպատակով հետագայում Ղազանչի գյուղի բնակիչները գաղթել են Արցախ՝ Շուշի՝ ձևավորելով Ղազանչեցոց թաղամասը[9]։ Այստեղ էլ 1868-1887 թվականներին կառուցվել է Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին, որի բացումը կատարվել է 1888 թվականի սեպտեմբերի 20-ին[10]։
Շահկերտում 1897 թվականին բացվել է պետական (ռուսական) դպրոց[11]։
Հայտնի շահկերտցիներ են եղել 16-րդ դարի հայ նշանավոր կաթողիկոս Ազարիա Ջուղայեցին[12], իշխաններ՝ Հովհաննես և Վարդազար Խանդամիրյանները, զորահրամանատար Ղազանչեցի Ղազարը, Շուշիում հաստատված մեծահարուստ առևտրականներ և բարերարներ Մարկոս ու Զահրապ Թառումյանները[13] և այլք։
Խորհրդային շրջանում գյուղում ապրել են հայեր և ադրբեջանցիներ։ Սակայն 1974 թվականից հետո այստեղ այլևս հայեր չեն ապրել[14]։
Գյուղի տարածքը հարուստ է պատմամշակութային հուշարձաններով, սակայն դրանց մեծ մասը ներկայումս ավերակ վիճակում է։
Շահկերտի կենտրոնական մասում է գտնվում Սուրբ Ամենափրկիչ վանքը, որը կառուցվել է 12-13-րդ դարերում, վերանորոգվել է 1654 թվականին։ Մուտքն արևմտյան, հյուսիսային և հարավային ճակատներում է։ Արևմտյան ճակատում կան արձանագրություններ, իսկ մուտքերը երիզված են զարդաքանդակներով։ Վանքը 1990-ական թվականների սկզբներին կանգուն է եղել։
Շահկերտի Սուրբ Հովհաննես եկեղեցին կառուցվել է 12-13-րդ դարերում։ Գտնվել է գյուղի հարավարևելյան մասում, մուտքն՝ արևմտյան ճակատում։ Որմնանկարներ, պատկերաքանդակներ, զարդաքանդակներ չի ունեցել։ Ներկայումս եկեղեցին ավերված վիճակում է։
Երնջակ գետի վրա 1551 թվականին Պողոս Ղազանչեցի վարդապետի կողմից կառուցվել է Շահկերտի կամուրջը, որը ներկայումս գործող է։
Գյուղի հյուսիսարևելյան մասում է գտնվում հին գերեզմանատունը, որը վերաբերում է 10-18-րդ դարերին։ Պահպանված են 700-720 տապանաքարեր, որոնցից արձանագիր են 236-ը[15]։
Նոր գերեզմանատունը գտնվում է գյուղի հարավարևմտյան մասում և վերաբերում է 18-20-րդ դարերին։ Այստեղ պահպանված են 400-410 տապանաքարեր, որոնցից արձանագիր են 270-275-ը։ 18-19-րդ դարերին վերաբերող արձանագրությունների մի մասը քայքայված է[16]։ Մեկ այլ գերեզմանատուն, որը վերաբերում է 17-20-րդ դարերին, գտնվում է գյուղի հյուսիսային կողմում։ Այստեղ պահպանված են 71 տապանաքարեր, որոնցից 23-ը՝ արձանագիր[17]։
Գյուղի հյուսիսային կողմի սրածայր լեռնագագաթին է գտնվել 10-12-րդ դարերում կառուցված Շահկերտի բերդը։ Կառուցվել է Սյունյաց աշխարհի և Երնջակ գավառի հայ իշխանների կողմից։ 18-րդ դարում բերդը վերակառուցվել է շահկերտցի մեծատոհմիկ Հովհաննես Խանդամիրյանի կողմից։ Միջնաբերդը գտնվել է լեռան գագաթի անմատչելի տեղում, պարիսպները եղել են քարաշեն, աշտարակազարդ։ Ներկայումս բերդն ավերակ վիճակում է։
Գյուղի հյուսիսարևելյան թաղամասում է գտնվել Շահկերտի քարավանատունը, որը կառուցվել է 16-17-րդ դարերում․ այն ավերված է։
Շահկերտ գյուղն այժմ գտնվում է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Ջուլֆայի շրջանում, ադրբեջանաբնակ է[18]։
