Ակցիա «Ո՛չ «Արևմտյան Ադրբեջանին»»․ «Ժողովրդավարական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանց
«Ժողովրդավարական այլընտրանք» կուսայցության նախագահ Սուրեն Սուրենյանցը գրում է․ «Հրավիրում եմ ԶԼՄ ներկայացուցիչներին՝ ՄԱԿ-ի Հայաստանի ներկայացուցչության գրասենյակի մոտ՝ փետրվարի 18-ին, չորեքշաբթի, ժամը 14-ին
Ինչքան էլ Հայաստանի իշխանությունները պնդեն, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության էջը փակված է, փաստերը խոսում են հակառակի մասին.
1) Ադրբեջանը հրաժարվում է ստորագրել խաղաղության պայմանագիրը՝ որպես նախապայման Հայաստանից պահանջելով փոխել Սահմանադրությունը,
2) Ադրբեջանը շարունակում է օկուպացված պահել Հայաստանի ինքնիշխան տարածքները, զուգահեռաբար առաջ է քաշում, այսպես կոչված, անկլավների վերադարձի, ժողովրդագրական էքսպանսիայի(Արևմտյան Ադրբեջանի թեզ) պահանջները,
3) Այսպես կոչված, Արևմտյան Ադրբեջանի օրակարգը խրախուսվում է պետական ամենաբարձր մակարդակով,
3) Բաքվի բանտում պահվող ռազմագերիները դատապարտվում են ցմահ կամ երկարաժամկետ ազատազրկման: Ավելին, Ալիևը Բաքվի դատարանը ներկայացնում է որպես Նյուրնբերգի շարունակություն, իսկ արցախցի առաջնորդներին՝ որպես նացիստներից էլ «ավելի ծանր հանցագործներ»:
Ալիևի «Նյուրնբերգը» խաղաղության մասին չէ։ Այն խաղաղության լեզվով ձևակերպված պարտադրանք է՝ Հայաստանին հասցեագրված, որից պահանջվում է ոչ թե համաձայնություն, այլ անվերապահ կապիտուլյացիա։
Հայաստանի իշխանությունները, որոնք պարտավոր էին հակադարձել Բաքվի վտանգավոր օրակարգին, ընտրել են միակողմանի և նվաստացուցիչ զիջումների ճանապարհը:
Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի, հասարակական խումբ, քաղաքական ուժ պետք է հակադրվի հարաբերությունների կարգավորման այս մոդելին, որը ոչ թե ինստիտուցիոնալ խաղաղության, այլ Հայաստանի անշրջելի կապիտուլյացիայի մասին է:
Գործող իշխանության պարտվողական լռությունը չի կարող նույնացվել Հայաստանի և նրա ժողովրդի դիրքորոշման հետ:
Ես իմ խորհրդանշական ակցիան անցկացնելու եմ ս.թ փետրվարի 18-ին, չորեքշաբթի, ժամը 14-ին՝ բողոքի նամակ փոխանցելով ՄԱԿ-ի Հայաստանի ներկայացուցչության գրասենյակ(Երևան, Պետրոս Ադամյան 14):
Իմ ու Հայաստանի բազմաթիվ քաղաքացիների նպատակն իրական խաղաղությունն է՝ անվերջանալի թվացող կապիտուլյացիայի փոխարեն:
Հրավիրում եմ ԶԼՄ-ների հարգելի ներկայացուցիչներին՝ ակցիան լուսաբանելու նպատակով: Սիրով կպատասխանեմ թեմայի շուրջ նրանց հուզող բոլոր հարցերին»:
