Թուրք-հունական երկխոսություն՝ առանց լուծումների
Շուրջ 2 տարվա դադարից հետո Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը պաշտոնական այց կատարեց Թուրքիա։ Մայրաքաղաք Անկարայում մամուլի համար դռնփակ ռեժիմով տեղի ունեցավ Էրդողան-Միցոտակիս հանդիպումը։ Այնուհետև Հունաստանի վարչապետը մասնակցեց Թուրքիա-Հունաստան Բարձր մակարդակի համագործակցության խորհրդի (ԲՄՀԽ) 6-րդ նիստին։
Միցոտակիսը Թուրքիա էր մեկնել 9 նախարարից կազմված պատվիրակությամբ։ Հատկանշական է, որ այդ նախարարների թվում չկար ընդգծված հակաթուրքական հայտարարություններով հայտնի Հունաստանի նախկին արտգործնախարար և ներկայիս պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը։
Այցի շրջանակում կողմերը ստորագրեցին համատեղ հայտարարություն և համագործակցության 7 հուշագիր, որոնք վերաբերում են առևտրին, տրանսպորտին, ենթակառուցվածքներին, զբոսաշրջությանը, ինչպես նաև տնտեսական և տեխնիկական համագործակցությանը։ Կողմերը հայտարարեցին նաև, որ նպատակ ունեն երկկողմ առևտրաշրջանառությունը հասցնել 10 միլիարդ դոլարի։ Թուրքիայի առևտրի նախարարի հաղորդած տվյալներով՝ 2025թ․ Թուրքիայի և Հունաստանի միջև առևտրաշրջանառությունը հասել էր 6․7 մլրդ դոլարի։ Քննարկվեցին մաքսակետերի արդիականացումը, ավտոմոբիլային փոխադրումների թույլտվությունների ավելացումը, Իզմիր-Սալոնիկ ծովային հաղորդակցության վերագործարկումը, երկաթուղային կապերի ակտիվացումը և ավիաչվերթերի ավելացումը։
Երկու ղեկավարներն էլ հանդես են եկել հայտարարություններով՝ ընդգծելով «դրական օրակարգը» և երկխոսության շարունակման անհրաժեշտությունը։ Էրդողանը շեշտել է, որ առաջնահերթ է «երկխոսության ուղիները բաց պահելը», իսկ Միցոտակիսը հարաբերությունների կայունացման համար անհրաժեշտ է համարել սպառնալիքների վերացումը։
«Ճակատագիրը մեզ դարձրել է նույն թաղամասի բնակիչներ։ Անշուշտ, մենք չենք կարող փոխել այս աշխարհագրությունը։ Սակայն կարող ենք դաշինք ձևավորել։ Պատասխանատվության զգացումով կարող ենք աշխատել մեր երկրների խաղաղության և բարօրության համար։ Մենք պարտավոր ենք հավատարիմ մնալ Էլեֆթերիոս Վենիզելոսի (Հունաստանի նախկին վարչապետ) և Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի (Թուրքիայի Հանրապետության հիմնադիր առաջնորդ) ժառանգությանը»,-նշել է Միցոտակիսը։
https://ermenihaber.am/am/important/22418/
Հիշեցնենք, որ Վենիզելոսը Թուրքիայի հետ պատերազմի ավարտից 7 տարի անց՝ 1930թ․ այցելել էր Անկարա և ստորագրել թուրք-հունական բարեկամության պայմանագիրը։ 1934թ․ Էլեֆթերիոս Վենիզելոսը նույնիսկ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին առաջադրել էր Նոբելյան խաղաղության մրցանակի։
Պետք է նշել, որ Թուրքիա-Հունաստան հարաբերություններում «դրական օրակարգի» հայեցակարգը որպես համակարգված քաղաքականություն առավել հստակ ձևակերպվել է 2021–2022 թվականներին՝ քաղաքական հռետորաբանության մեղմացման և համագործակցության խորացման նպատակով։
Հետագա տարիներին երկու երկրների միջև սկսեցին պարբերաբար անցկացվել հանդիպումներ «Դրական օրակարգի համատեղ գործողությունների ծրագրի» շրջանակում։ Այս քաղաքականությունը կառուցված է այն սկզբունքի վրա, որ բարձր քաղաքական լարվածություն առաջացնող հարցերին զուգահեռ պետք է ակտիվացվեն այն ոլորտները, որտեղ հնարավոր է համագործակցություն և առկա են փոխադարձ շահեր։
Գլխավոր նպատակների շարքում են առևտրաշրջանառության աճը, ներդրումների խթանումը, ինչպես նաև էներգետիկայի, տրանսպորտի, հեռահաղորդակցության, շրջակա միջավայրի, զբոսաշրջության և կրթության ոլորտներում համագործակցության զարգացումը։ Նշվում է նաև, որ պարբերական շփումները կոչված են ամրապնդելու հաղորդակցությունը և կանխելու փոխադարձ սխալ մեկնաբանությունները, որոնք հաճախ նպաստում են քաղաքական լարվածության աճին։
Այս փուլում «դրական օրակարգը» ավելի շատ լարվածությունը վերահսկելու մեխանիզմ է, քան իրական հաշտեցման ճանապարհային քարտեզ։ Իսկ մինչև Թուրքիայի կողմից ուժի կիրառման սպառնալիքի հստակ վերացումը և միջազգային իրավունքի շրջանակում հավասարակշռված մոտեցման որդեգրումը, վստահության լիարժեք վերականգնում դժվար է պատկերացնել։
Այսօր թուրք–հունական հարաբերությունները կարելի է բնութագրել որպես վերահսկելի լարվածության փուլ․ կողմերը փորձում են խուսափել սրումից, բայց դեռ չեն մոտեցել երկարաժամկետ լուծումների։ «Դրական օրակարգը» կարող է ծառայել որպես «կամուրջ», եթե այն ուղեկցվի քաղաքական կամքով և փոխադարձ վստահության ամրապնդմամբ։ Հակառակ դեպքում այն կմնա ժամանակավոր գործիք՝ լարվածությունը կառավարելու, բայց ոչ հաղթահարելու համար։
Ավելին՝ Ermenihaber.am կայքում:
