Հայկական ֆենոմենը. Մխիթարյանը Բունդեսլիգայի վերջին երկու տասնամյակների ամենաազդեցիկ աստղերի թվում
Ֆրանսիական հայտնի PopFoot վիճակագրական հարթակ ներկայացրել է 2009 թվականից ի վեր Գերմանիայի Բունդեսլիգայում հանդես եկած այն ֆուտբոլիստների ցանկը, որոնք ունեն «Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ» (Man of the Match) մրցանակը նվաճելու ամենաբարձր տոկոսային ցուցանիշը՝ անցկացրած խաղերի հարաբերակցությամբ։ Այս մասին տեղեկանում ենք armsport.am կայքից։
Լավագույն տասնյակում է հայտնվել նաև Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, այժմ Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ Դորտմունդի «Բորուսիայում» ցուցադրած փայլուն խաղի շնորհիվ հայ կիսապաշտպանը զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը։ Գերմանիայում անցկացրած 90 խաղում Մխիթարյանը 17 անգամ ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ, ինչը կազմում է ընդհանուր հանդիպումների 18,9 տոկոսը։
Ցուցակը գլխավորում է ֆրանսիացի հարձակվող Ռանդալ Կոլո Մուանին, որը «Այնտրախտի» կազմում անցկացրած հանդիպումների 31,4 տոկոսում ճանաչվել է «Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ»։ Նրան հաջորդում են «Բավարիայի» առաջատար ֆուտբոլիստներ Հարի Քեյնը (29,8 տոկոս) և Մայքլ Օլիսեն (23,6 տոկոս)։
