Իրան-ԱՄՆ բանակցություններն Օմանում. Ուժի հաշվարկ և տարածաշրջանային հավասարակշռության նոր ռազմավարություն. Թեհրանի «Ալիք» օրաթերթի խմբագրի հոդվածը

«Այլընտրանքային նախագծեր խումբը» ներկայացնում է Թեհրանի «Ալիք» օրաթերթի խմբագիր Արամ Շահնազարյանի վերլուծական հոդվածը։ «Իրան-ԱՄՆ բանակցություններն Օմանում. Ուժի հաշվարկ և տարածաշրջանային հավասարակշռության նոր ռազմավարություն»:


«Օմանում կայացած Իրանի և Միացյալ Նահանգների միջև անուղղակի բանակցությունների հերթական փուլը չի կարող դիտարկվել որպես մեկուսացված դիվանագիտական իրադարձություն կամ միայն միջուկային ծրագրի շուրջ ընթացող տեխնիկական քննարկում։ Այն արտացոլում է Մերձավոր Արևելքում վերջին տարիներին ձևավորված նոր աշխարհաքաղաքական իրականությունը, որտեղ ուժի կիրառման և դիվանագիտության հարաբերակցության դերը զգալիորեն վերաիմաստավորվել է։ Այս գործընթացը ծնվել է ոչ թե փոխադարձ վստահությունից, այլ պատերազմի գնի կտրուկ բարձրացման գիտակցումից և վերահսկվող ճգնաժամի պահպանման անհրաժեշտությունից։

Օմանի ընտրությունը որպես միջնորդական հարթակ ինքնին վկայում է այդ տրամաբանության մասին։ Օմանը հանդես է գալիս ոչ որպես նախաձեռնող կամ օրակարգ թելադրող դերակատար, այլ որպես միջավայր ապահովող, որտեղ կողմերը կարողանում են շփվել առանց քաղաքական կապիտալիզացիայի և հրապարակային պարտավորությունների։ Այս պարագայում միջնորդության նպատակը ոչ թե համաձայնության արագ կայացումն է, այլ լարվածության կառավարումը՝ թույլ չտալով, որ այն վերածվի ռազմական առճակատման։ Դա հատկապես կարևոր է ներկա իրավիճակում, երբ տարածաշրջանը գտնվում է բազմաշերտ ճգնաժամի պայմաններում՝ Գազայի խնդրից մինչ Պարսից ծոցում և Կարմիր ծովում աճող անվտանգային ռիսկեր։

Օմանում ընթացող գործընթացը փաստում է, որ բանակցությունների արդյունավետությունը անմիջականորեն կախված է կողմերի ռազմական կարողությունների և վերապահումների հաշվարկից։ Իրանի ռազմավարական ունակությունները ստեղծում են իրավիճակ, որտեղ ուժի կիրառումը դառնում է ոչ միայն տեխնիկական, այլ նաև քաղաքական, տնտեսական և տարածաշրջանային հետևանքների խնդիր։ Այս իրողությունն է, որ կարճաժամկետ և երկարաժամկետ ռազմական սցենարների պլանավորման համար տեխնիկական և քաղաքական հաշվարկները դարձնում է չափազանց ռիսկային և, միևնույն ժամանակ, նպաստում է դիվանագիտական գործողությունների շարունակությանը։

ԱՄՆ-ի համար Իրանի դեմ ռազմական ուժի կիրառման հարցը վաղուց այլևս զուտ ռազմական պլանավորման խնդիր չէ։ Այն դարձել է քաղաքական, տնտեսական և տարածաշրջանային հետևանքների համադրված հաշվարկի առարկա։ Իրանի ռազմական կարողականությունը, որը ներառում է բալիստիկ և թևավոր հրթիռների զարգացած համակարգեր, հարվածային անօդաչու թռչող սարքերի լայն սպեկտր, ծովային ասիմետրիկ միջոցներ և տարածաշրջանային գործընկեր ուժերի հետ ձևավորված փոխգործակցության ցանց, էապես փոխել է ուժի կրիառման նպատակահարմարությունն ու ռազմաքաղաքական հաշվարկը։ Խոսքը ոչ թե Իրանի ռազմական գերազանցության, այլ պատերազմի գնի այնպիսի բարձրացման մասին է, որը ԱՄՆ-ի համար ռազմական սցենարը հեռնկարային առումով դարձնում է ոչ շահավետ։ ԱՄՆ-ի ռազմական առավելությունը պահպանվում է, սակայն այն այլևս չի երաշխավորում արագ, սահմանափակ և վերահսկելի հաղթանակ։

Այս համատեքստում Դոնալդ Թրամփի վարչակարգի վարքագիծը հաճախ սխալ է մեկնաբանվում որպես անկանխատեսելիություն։ Իրականում այն բավական հետևողական է իր հիմքում։ Թրամփի համար ընդունելի է ուժի ցուցադրումը և կիրառումը, սակայն անընդունելի են երկարատև, թանկ և անկանխատեսելի պատերազմները, որոնք ուղեկցվում են ամերիկյան զինուժի կորուստներով, էներգակրերի գների աճով և գլոբալ շուկաների անկայունությամբ։ Իրանի դեմ ռազմական գործողությունը անխուսափելիորեն ներքաշելու է տարածաշրջանային այլ դերակատարների, այդ թվում՝ Իսրայելին և Պարսից ծոցի երկրներին, ինչը սահմանափակ բախումը կվերածի լայնամասշտաբ տարածաշրջանային պատերազմի։ Այս պայմաններում բանակցությունները Վաշինգտոնի համար առավել շահավետ տարբերակ է՝ ուժի կիրառման համեմատությամբ։

Իրանի դիրքորոշումը բանակցությունների ընթացքում նույնպես պետք է դիտարկել իր ռազմավարական տրամաբանության մեջ։ Թեհրանի համար հրթիռային ծրագիրը, պաշտպանական արդյունաբերությունը և տարածաշրջանային անվտանգության համակարգում իր դերակատարումը սակարկման առարկա չեն։ Դրանք ընկալվում են որպես ինքնիշխանության և ազգային անվտանգության հիմնարար բաղադրիչներ։ Իրանը պատրաստ է քննարկել միջուկային ծրագիրը միջազգային իրավունքի շրջանակներում, սակայն հրաժարվում է այդ օրակարգին կցել իր պաշտպանական ամբողջ ճարտարապետությունը։ Այս մոտեցումը թույլ է տալիս Թեհրանին պահպանել բանակցային դիրքերի հարաբերական հավասարակշռությունը և խուսափել ռազմավարական թուլացումից։

Օմանում ընթացող գործընթացը չի սահմանափակվում միայն Իրան-ԱՄՆ երկկողմ հարաբերություններով։ Այն ուղղակիորեն ազդում է մի շարք այլ դերակատարների վրա, որոնց շահերը խաչաձևվում են այս ճգնաժամում։ Իսրայելի համար Իրանի հետ ցանկացած պայմանավորվածություն կամ դրա բացակայությունը անմիջական անվտանգային հետևանքներ ունի։ Պարսից ծոցի երկրները շահագրգռված են նավթային և ծովային հաղորդակցության կայունությամբ և խուսափում են ռազմական առճակատման ցանկացած սցենարից։ Թուրքիան նույնպես կարևոր դեր է խաղում՝ առաջնորդվելով տարածաշրջանային ազդեցության ընդլայնման և անվտանգային հետաքրքրություններով, ինչպես նաև անվտանգության բալանսի պահպանման անհրաժեշտությամբ։ Ռուսաստանը և Չինաստանը Իրանի հարցը դիտարկում են ավելի լայն գլոբալ հակակշիռների համակարգում, իսկ Եվրոպան զգայուն է էներգետիկ և միգրացիոն հնարավոր հետևանքների նկատմամբ։ Այս բազմաշերտ շահերի համադրումը նշանակում է, որ Իրան-ԱՄՆ հակամարտությունը վաղուց դուրս է եկել երկկողմ ձևաչափից և ունի տարածաշրջանային և գլոբալ ներուժ:

Այս համատեքստում առանձնահատուկ ուշադրության է արժանի Հարավային Կովկասը, որը թեև ուղղակիորեն ներգրավված չէ Իրան-ԱՄՆ դիմակայության մեջ, սակայն զգայուն է դրա բոլոր հետևանքների նկատմամբ։ Իրանի շուրջ ցանկացած լայնամասշտաբ ռազմական սցենար կարող է ազդել տարածաշրջանային հաղորդակցությունների, էներգետիկ ուղիների, ինչպես նաև անվտանգության ընդհանուր միջավայրի վրա։ Հայաստանի համար, մասնավորապես, Իրանի հետ սահմանի անվտանգությունը և հարևան երկրի կայունությունը ռազմավարական նշանակություն ունեն՝ թե՛ քաղաքական-անվտանգային,թե՛ տնտեսական տեսանկյունից։ Ուստի Իրան-ԱՄՆ լարվածության կառավարումը և պատերազմի կանխումը բխում են նաև Երևանի կենսական շահերից, քանի որ Իրանի անվտանգությունն ու կայունությունը անմիջական ազդեցություն ունի Հայաստանի քաղաքական, անվտանգային և տնտեսական միջավայրի վրա:

Միևնույն ժամանակ, Օմանում ընթացող բանակցությունները պետք է դիտարկել որպես գլոբալ անվտանգության ճարտարապետության փոփոխության արտահայտություն։ Միաբևեռ ուժի մոդելը, որը բնորոշ էր նախորդ տասնամյակներին, աստիճանաբար փոխարինվում է բազմաբևեռ, զսպման վրա հիմնված իրականությամբ, որտեղ նույնիսկ գերտերությունները ստիպված են հաշվի նստել տարածաշրջանային տերությունների կարողությունների հետ։ Իրանի օրինակը ցույց է տալիս, որ ռազմական կարողականության, ինչպես նաև քաղաքական ու դիվանագիտական հաշվարկների ճիշտ համակցումը կարող է վերածվել բանակցային դիրքի ամրապնդման գործիքի։

Այս պայմաններում ձևավորվում է զսպման և դիվանագիտության նոր մոդել, որտեղ բանակցությունները պայմանավորված են ոչ թե փոխադարձ վստահությամբ, այլ բանակցային գործընթացի բացակայության բարձր ռիսկերով։ Սա դասական հաշտեցման կամ փոխզիջման դիվանագիտություն չէ, այլ իրապաշտական հաշվարկի վրա հիմնված գործընթաց, որի նպատակը ժամանակ շահելն է և լարվածության վերահսկումը։ Բանակցությունները չեն վերացնում հիմնարար հակասությունները և չեն երաշխավորում երկարաժամկետ համաձայնություն, սակայն թույլ են տալիս խուսափել անմիջական ռազմական առճակատումից՝ պահպանելով հարաբերական կայունություն։

Այս խորապատկերում Օմանում ընթացող Իրանի և ԱՄՆ-ի անուղղակի բանակցությունները ընդգծում են, որ դրանք հանդիսանում են ուժերի հարաբերական հավասարակշռության վրա հիմնված դիվանագիտական մարտավարություն, այլ ոչ թե հաշտեցման գործընթաց։ Դրանք ցույց են տալիս, որ ժամանակակից միջազգային համակարգում դիվանագիտությունը ավելի ու ավելի առաջնորդվում է շահերի և հաշվարկների, այլ ոչ թե դոգմաներով։ Այս պայմաններում տարածաշրջանային տերությունների համար առաջնահերթ է ոչ թե հայտարարությունների վրա հիմնվել, այլ խորքային հասկանալ ուժերի իրական դասավորությունը և դրա երկարաժամկետ հետևանքները։ Քաղաքական իմաստով սա նշանակում է, որ ճգնաժամերի կառավարումը, ոչ թե դրանց լուծումը, դարձել է միջազգային անվտանգության հիմնական օրակարգը, և Օմանում ընթացող գործընթացը հանդիսանում է այդ միտման ամենախոսուն օրինակներից մեկը՝ վկայելով այնպիսի միջազգայնացման և հաշվարկված դիվանագիտության մասին, որը ներկայում ձևավորում է տարածաշրջանային և գլոբալ անվտանգության նոր կանոնակարգեր»։

դիտվել է 51 անգամ
Լրահոս
Բողոքի ակցիա ԱՄՆ դեսպանատան դիմաց․․․․«Լա՛վ իմացեք, հայ գերիները խոշտանգվում են, եկեղեցին՝ հալածվում» (video) «Պապիկյա՛ն, սրիկայություն է այս մահերի ժամանակ ցույց տալ սեփական երջանկությունը»․ Անժելա Թովմասյան (video) Ճանապարհներն ահավոր են, ձյունը փակել է չի երևում, որ հալվեց անհնար է դառնում գնալ-գալը․ հայկավանցի (video) Երկու օր առաջ մահացած պայմանագրային զինծառայողը՝ Դավիթ Մանուկյանը 22 տարեկան էր․ դեպքից երկու օր առաջ տանն է եղել Բուշին հյուրընկալած Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին այժմ գտնվում է բանտում, իսկ Բուշը… Այսօր Հայաստան է ժամանում Վենսը. Ղազարյան Զատուլինը «պայթեցնում է» Նիկոլի ամբողջ ծրագիրը․ 5 միլիարդն ու Ալիևի հիստերիան․ Անժելա Թովմասյան (video) Վարդաշեն թաղամասի բնակիչները ցեխաշաղախ են իրենց տուն հասնում. Սոնա Աղեկյան Բրյուսելը կանի ամեն հնարավորը՝ ազատվելու Վիկտոր Օրբանից Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները Այս կռվում Փաշինյանի շանսերը զրոյական են․ Սևակ Խաչատրյան Այսօր առավել քան երբևէ մեր հասարակությունը ծարավ է սիրո, ճշմարտության, հույսի և ողորմածության. Հայր Ռուբեն Ալիևը հենց այդ պահին շատ վտանգավոր հայտարարություն արեց․․․ նոր պատերազմների դուռը բաց է․ Մարգարյան (video) Եկեղեցին այսօր հարձակման տակ է հենց այն պատճառով, որ պաշտպանում է հայկական ինքնությունը. Բագրատ սրբազանի նամակը՝ Վենսին Լոս Անջելեսի հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա են իրականացրել՝ ի աջակցություն Վեհափառի Լուսնի վրա առաջին «ինքնազարգացող քաղաքը» կարող է հայտնվել 10 տարուց Էլ պակաս ժամանակահատվածում․ Մասկ #ՈՒՂԻՂ․ Զատուլինը տակնուվրա արեց Ադրբեջանը․ հերթը մերն է․ Գառնիկ Դանիելյան (video) Հենց հիմա Հայաստանում մեծ հանցագործություն է տեղի ունենում (video) Իրան-ԱՄՆ բանակցություններն Օմանում. Ուժի հաշվարկ և տարածաշրջանային հավասարակշռության նոր ռազմավարություն. Թեհրանի «Ալիք» օրաթերթի խմբագրի հոդվածը ՌԴ անվտանգության ծառայությունը պնդում է՝ ռուս գեներալի դեմ մահափորձը պատվիրել է Ուկրաինան Ռուբեն Վարդանյանի գործով Բաքվում ընթացող շինծու դատավարությունը կշարունակվի վաղը Երևանի մի քանի փողոցներում կլինեն երթևեկության սահմանափակումներ Կոչ եմ անում Ձեզ 20 հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը դարձնել Ձեր դիվանագիտական առաքելության առաջնահերթությունը. Թանդիլյան Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ հնչել են կրակոցներ․ կան մարմնական վնասվածք ստացած քաղաքացիներ «Նիկոլի ու Ալիևի համատեղ մրցանակի գինը․ ինչպե՞ս ստորացրեց Էրդողանը»․ Աննա Մկրտչյան (video) Ամենադաժան խնդիրը ճանապարհներն են, գոնե չնչին չափով ասֆալտապատվի․ կաքավասարցի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միասին շարժումից Ժասմինա Ղևոնդյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արշակ Սարգսյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am