Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահը մասնակցել է Մարտունու Սբ. Աստվածածին եկեղեցու Պատարագին
Փետրվարի 8-ին, Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տ. Իսահակ վրդ. Պողոսյանը մասնակցություն բերեց Մարտունու Սբ. Աստվածածին եկեղեցում ընթացող Սրբազան Պատարագին։
Պատարագը մատուցվեց ձեռամբ Հոգեշնորհ Տ. Մաղաքիա աբղ. Տեր-Մկրտչյանի:
Հայր Սուրբը, նախ` ողջունեց ներկա հավատացյալներին և պատարագիչ Հայր Մաղաքիային և քարոզեց ըստ օրվա խորհրդի, մասնավորապես նշելով. «Քրիստոսի`«Ով ծարավ է թող գա ինձ մոտ և խմի» խոսքը, պարզ դիտարկում կամ` կարգախոս չէ, ոչ էլ հարկադրանք, այլ` հրավեր, մեկնված սրտի փափագ, որը դիպչում է մարդու գոյաբանական խորքին և այն ներքին բացին, որը չի լցվում ոչ գիտելիքով, ոչ ձեռքբերումներով, և ոչ էլ որևէ այլ բանով։ Երբ Աստծու պատկերով ստեղծված մարդը փորձում է իր հոգեկան ծարավը հագեցնել անցողիկ երևույթներով, այն ավելի է խորանում։ Այդուհանդերձ Աստված չի ներխուժում մարդու ազատության մեջ, այլ` սպասում է որպես անսպառ աղբյուր անապատում դեգերողի համար։ Իսկ Քրիստոսին փութացող մարդը պարզապես մխիթարություն կամ բարոյական խորհուրդ չի ստանում, այլ` կյանք»։
Սուրբ Պատարագին ներկա էին նաև Գեղաքունյաց թեմի փոխառաջնորդ հոգեշնորհ Տ. Բաբգեն վրդ. Սալբիյանը, Թեմական խորհրդի ատենապետ Տիար Սարո Ղազարյանը, Մարտունու տարածաշրջանում սպասավորող քահանա հայրերը:
