Մեծ Բրիտանիայի վարչապետը կարող է հրաժարական տալ. Bloomberg
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը կարող է ստիպված լինել մեկ շաբաթվա ընթացքում հրաժարական տալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իշխող Լեյբորիստական կուսակցության իր աղբյուրներին։
Պատճառը կառավարության կողմից ԱՄՆ-ում Բրիտանիայի դեսպանի պաշտոնին Փիթեր Մանդելսոնի նշանակումն է։ Հայտնի է, որ վերջինս ընկերություն է արել մանկապղծության մեջ մեղադրվող ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի հետ։ Այս սկանդալի պատճառով փետրվարի 8-ին արդեն հրաժարական է ներկայացրել Բրիտանիայի վարչապետի աշխատկազմի ղեկավար Մորգան ՄըքՍուինին։
Bloomberg-ի տվյալներով՝ իշխող կուսակցության ներսում արդեն ձևավորվում է ճնշում՝ Սթարմերի հրաժարականի պահանջով։
Որոշ աղբյուրներ նշում են, որ Սթարմերը կարող է հրաժարական տալ մեկ շաբաթվա ընթացքում։
Լեյբորիստական կուսակցության ներսում արդեն կան քննարկումներ հնարավոր հաջորդ վարչապետի թեկնածության վերաբերյալ։
Ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնը ձերբակալվել էր Նյու Յորք նահանգի իրավապահ մարմինների կողմից 2019 թվականի հուլիսի 6-ին։ Դատախազությունը հայտարարել էր, որ ունեն ապացույցներ, որ ֆինանսիստն իր տուն այցելություններ է կազմակերպել տասնյակ անչափահաս աղջիկների համար, ամենափոքրը՝ 14 տարեկան։ Էփշտեյնի ընկերների և ծանոթների շրջանում մեծ թվով գործող և նախկին պաշտոնյաներ են եղել ոչ միայն ԱՄՆ-ից, այլև շատ այլ երկրներից, այդ թվում՝ պետությունների նախկին ղեկավարներ, հայտնի գործարարներ և շոու-բիզնեսի ներկայացուցիչներ։ ԱՄՆ-ում ֆինանսիստի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր 2019 թվականի օգոստոսին՝ բանտախցում նրա ինքնասպան լինելուց հետո։
