Խաղաղության մրցանակ՝ Աբու Դաբիում, ցմահ դատավճիռներ՝ Բաքվում․ «եղբայրության» իրական գինը
«Ականջդ կանչի, Սեթո ջան…
Սեթոն մեր բակի բնակիչներից էր։ Օրերից մի օր էս մեր Սեթոն գլուխ է գովում, թե նոր թաղապետին հանդիպել է, նստել-խոսել են, իրեն թեյ ու սուրճ է հյուրասիրել։ Մի խոսքով՝ լավ հարաբերություններ է հաստատել։ Ասում էր՝ էդ ամենում միջնորդել է իր էնինչ բարեկամը, որը նոր թաղապետի համար շատ ազդեցիկ մարդ է։
Բակի բեսեդկան այդ պահից սկսած թարմ շունչ է ստանում։ Նարդու զառերի զրնգոցին զուգահեռ՝ մարդիկ բակի խնդիրներն էին բարձրաձայն քննարկում, իրար հետ վիճում՝ որն է առավել կարևոր ու հրատապ լուծման արժանի, ու հերթով պատվիրակում Սեթոյին, որ դրանք ներկայացնի իր «ընկեր» թաղապետին։ Սեթոն էլ, որի խոսքին մինչ այդ բակում ոչ բոլորն էին լուրջ վերաբերվում, հանկարծ իրեն այնքան կարևորված էր զգում, որ անգամ իրեն «թույլ էր տալիս» ոչ բոլորի հարցերին արձագանքել։
Ոգևորությունն ընտանեկան էր․ երեխաները թաղի ընկերներին էին պատմում, թե իրենց հայրիկն օրը քանի բաժակ թեյ ու սուրճ է խմում թաղապետի հետ, իսկ կինն էլ թաղի կանանց շրջանում էր տեղի-անտեղի տարածում՝ նոր թաղապետի մոտ Սեթոյի ասածն ասած է, խոսքը՝ խոսք։ Մի խոսքով, մի ընկերություն, մի բարեկամություն, որի նմանը չկար։
Ժամանակն անցնում էր, հին բյուջետային տարին գնում, նորը գալիս, բայց բակի ոչ մի խնդիր լուծում չէր ստանում։ Սեթոն, իհարկե, չէր ուզում «մեջքը գետնով տալ», բայց նաեւ հոգնել էր ժողովրդի հարցերին պատասխանելու համար ամեն անգամ նոր պատճառ հորինելուց։
Մի օր էլ եղավ «ամենասարսափելին»։ Սեթոն առավոտյան զարթնում է, տեսնում՝ թաղապետի հրամանով էքսկավատորը սկսել է քանդել տարիներ առաջ իր կառուցած «ինքնաշեն» փոքրիկ շինությունը, որտեղ ոչ ամենօրյա օգտագործման որոշ իրեր էին պահում։ Խեղճ Սեթոն գրեթե լեղապատառ վազում է բակ, գոռգոռում, բացատրություն պահանջում, բայց էքսկավատորն արդեն իր սև գործն արել-պրծել էր։ Ու ոչ ոք չէր էլ զգուշացրել…
-Այ Սեթո ջան,- հարցնում են բակում հավաքվածները,- բա ուր մնաց քո ընկեր թաղապետը, բա էն հարաբերությունները…
Սեթոն, դառնացած ու քիթը կախ, պատասխանում է.
-Թքեմ ես ըտենց ընկերության վրա…
Ասածս ինչ է։ Փաշինյանն ու Ալիևը Աբու Դաբիում «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակ են ստանում, իսկ անմիջապես հաջորդ օրը Բաքվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին դատապարտում են ցմահ ազատազրկման։
Թե բա խաղաղություն, եղբայրություն․․․
Ականջդ կանչի, Սեթո ջան…»։
Տիգրան Դումիկյան
Քաղաքական վերլուծաբան
