Եվրոպական հասարակությունն՝ ընդդեմ ադրբեջանական բռնաճնշումների

«Գեղարդ» հիմնադրամը գրում է․

Ադրբեջանում լրագրողների նկատմամբ շարունակվող բռնաճնշումների դեմ պայքարի միջազգային արշավը նոր թափ է ստանում։ Մասնավորապես՝ «Լրագրողներ առանց սահմանների» (RSF) միջազգային կազմակերպությունը Բեռլինի, Փարիզի և Բեռնի կենտրոններում վերստեղծել է ադրբեջանական բանտերում գտնվող լրագրողների բանտային պայմանները՝ ակցիայի շրջանակներում հանրության ուշադրությունը հրավիրելու ադրբեջանական լրատվամիջոցների՝ ազատությունից զրկված ներկայացուցիչների վրա։

Կազմակերպության հայտարարության մեջ ասված է. «Ադրբեջանցի լրագրող Սևինջ Վագիֆքիզին բանտում է արդեն 800 օր։ Այս ընթացքում նրան ծեծի են ենթարկել բանտի աշխատակիցները, զրկել անձնական իրերից և բավարար սնունդ ու ջուր չեն տրամադրել։ 675 օր անց «AbzasMedia»-ի գլխավոր խմբագիր Վագիֆքիզին տեղափոխվել է մեկ այլ բանտ։ Նա և ադրբեջանցի անկախ 24 այլ լրագրողներ բանտում են իրենց ընդդիմադիր գործունեության համար»։

Ըստ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության Արևելյան Եվրոպայի հարցերով խորհրդական Ա․ Շտրուժի՝ գործող համակարգի նկատմամբ իրենց քննադատական մոտեցման համար անկախ լրագրողները ստիպված են դիմանալ կտտանքներին, հոգեբանական սպառնալիքներին, միջատներին, կեղտին՝ մնալով ադրբեջանական բանտերում տիրող անմարդկային պայմաններում։ «Այս գործողությամբ, որը վերստեղծում է բանտային պայմանները, մենք տեսանելի ենք դարձնում մամուլի համակարգված ճնշումն Ադրբեջանում և հիշեցնում ենք մեզ, որ այս լրատվամիջոցների ներկայացուցիչները պաշտպանում են տեղեկատվության և խոսքի ազատությունը նույնիսկ ճաղերի հետևում: Մենք կոչ ենք անում աշխարհի ժողովրդավարական կառավարություններին ուժեղացնել ճնշումն Ադրբեջանի իշխանությունների և նախագահ Ալիևի նկատմամբ»,- նշել է Ա․ Շտրուժը:

Միջազգային այս կազմակերպությունը նշում է, որ, որպես ավտորիտար նավթային պետություն, Ադրբեջանը դարձել է Գերմանիայի և Եվրամիության ռազմավարական էներգետիկ կարևոր գործընկերը։ Տարիների ընթացքում Ադրբեջանի իշխանությունները լոբբիստական զգալի հաջողությունների են հասել ԵՄ մի շարք անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորների շրջանում։ 2026 թվականի հունվարից ի վեր Ադրբեջանը բնական գազ է արտահանում Գերմանիա։

Այսինքն՝ Արևմուտքը նախընտրում է պահպանել ռազմավարական էներգետիկ գործընկերոջը նույնիսկ այն պարագայում, երբ Ադրբեջանում ընդդիմադիր հայացքներ ունեցողները համակարգված կերպով հետապնդվում և լռեցվում են կամ ձերբակալվում ու մեկուսացվում են։

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության ներկայացուցիչները բարձրաձայնել են նաև Ադրբեջանում խորը արմատներ ունեցող կոռուպցիայի մասին՝ նշելով, որ դա արտացոլված է բանտային պայմաններում ևս։ Որպես օրինակ՝ նշում են կալանավորված լրագրող Նարգիզ Աբսալամովային՝ ընդգծելով, որ բժիշկները երբեմն դեղորայքի և բժշկական ծառայությունների համար գանձում են սովորականից երեք անգամ ավելի բարձր գումար։

Հատկապես խիստ սահմանափակված է լրագրողների շփումն արտաքին աշխարհի հետ։ Բանտի ղեկավարությունը նրանց պարտադրում է դադարեցնել գրելը բանտային պայմանների մասին։ Չնայած սպառնալիքներին և պատիժներին՝ լրագրողները շարունակում են բանտերից բաց նամակներ հղել հանրությանը՝ ներկայացնելով տիրող իրավիճակը, կալանավայրերում իրենց ոտնահարված իրավունքները։

Նման ակցիա է տեղի ունեցել նաև Գերմանիայի Պասաու քաղաքում։ Միջոցառման շրջանակներում քաղաքի կենտրոնական փողոցներում փակցվել են Ադրբեջանում բանտարկված լրագրողների դիմանկարները։ Միաժամանակ տեղադրվել են «Լրագրողները պատանդ են պահվում Ադրբեջանի կառավարության կողմից» կարգախոսով պաստառներ։

Նախաձեռնության նպատակն է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Ադրբեջանում խոսքի և լրատվամիջոցների ազատությանը՝ աջակցելով բանտարկված լրագրողներին։ Նախատեսվում է արշավը շարունակել եվրոպական այլ քաղաքներում ևս։

Հունվարի 26-ին միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը դիմել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել ադրբեջանական անկախ «Meydan TV» -ի բանտարկված 12 լրագրողներին և շտապ բժշկական օգնություն ցուցաբերել առողջական խնդիրներ ունեցող առնվազն երեք անձանց։ Ըստ կազմակերպության՝ 2024 թվականի դեկտեմբերից ի վեր Ադրբեջանում անհիմն մեղադրանքներով կալանավորվել են «Meydan TV»-ի և դրան կից մեդիա հարթակների 12 լրագրողներ։ Նշվում է, որ «նրանց ձերբակալությունը վրեժխնդրություն է նրանց լրագրողական գործունեության նկատմամբ։ 2 լրագրողների դեմ առաջադրված քրեական մեղադրանքները կեղծ են և հորինված։ Բոլորը մեղադրվում են մի քանի հոդվածներով, հիմնականում՝ մաքսանենգության»։ Նշենք, որ ձերբակալված լրագրողներից ոչ մեկը չի ընդունում առաջադրված մեղադրանքները։ Նրանք ասում են, որ ձերբակալվել են իշխանության քաղաքական հրահանգով՝ լրագրողական գործունեության համար։

Ադրբեջանցի քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջով մեկ այլ ակցիա էլ տեղի է ունեցել Ստրասբուրգում գտնվող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) շենքի առջև, որը կազմակերպվել է արտերկրում բնակվող Ադրբեջանի քաղաքացիական հասարակության անդամների կողմից։ Ակցիայի ընթացքում եվրոպական կառույցներին կոչ է արվել Ադրբեջանի հետ հարաբերություններում կենտրոնանալ արժեքների վրա, այլ ոչ թե «նավթային և գազային դիվանագիտության»՝ կոչ անելով ազատ արձակել քաղբանտարկյալներին։

Օրեր առաջ արտերկրում բնակվող Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները դիմել են Եվրոպայի խորհրդին՝ Ադրբեջանի դեմ լրացուցիչ համատեղ ընթացակարգ սկսելու կոչով: «Վե՛րջ դրեք բռնաճնշումներին Ադրբեջանում» կոչով ներկայացուցիչները պահանջել են անհապաղ միջամտել Ադրբեջանում մարդու իրավունքների զանգվածային խախտումներին։ Արշավի անդամները նշել են, որ Ադրբեջանը տասնամյակներ շարունակ անտեսել է Եվրոպայի խորհրդում ստանձնած իր պարտավորությունները, ինչի արդյունքում քաղբանտարկյալների թիվը հասել է ռեկորդայինի, իսկ իրավական համակարգում չարաշահումները շարունակվում են։

Ադրբեջանի ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցության բանտարկված նախագահ Ալի Քերիմլին էլ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին է դիմել քաղբանտարկյալների հարցով՝ անդրադառնալով փոխնախագահի՝ փետրվարին Ադրբեջան կատարվելիք այցին։

Իր հայտարարության մեջ նշելով, որ Ադրբեջանում բռնաճնշումները հասել են իրենց գագաթնակետին՝ Ալի Քերիմլին գրում է, որ «մինչև 340 հասարակական և քաղաքական ակտիվիստներ ձերբակալվել են իրենց քաղաքական դիրքորոշումների համար, և ռեժիմը փորձում է ոչնչացնել երկրում ազատ մամուլը, քաղաքացիական հասարակությունը և ընդդիմությունը»։

Նշենք, որ այս տարվա հունվարին ադրբեջանցի իրավապաշտպանների հրապարակած թարմացված տվյալների համաձայն՝ Ադրբեջանում կա 340 քաղբանտարկյալ։ Քաղբանտարկյալների թարմացված ցուցակը բաժանված է 12 խմբի, որոնց մեջ են նաև հավատացյալներ (192), ընդդիմադիր կուսակցությունների և քաղաքացիական հասարակության անդամներ (45), լրագրողներ և բլոգերներ (31 ), մարդու իրավունքների պաշտպաններ (8), ազգային փոքրամասնությունների ակտիվիստներ (5), պատերազմի դեմ պայքարող ակտիվիստներ (2) և այլք։

Չնայած միջազգային որոշ ճնշումներին` Ալիևի ռեպրեսիվ քաղաքականությունը շարունակում է անկախ ձայների լռեցնել երկրում ու դրա սահմաններից դուրս: Գրեթե ամեն օր նոր տեղեկություններ են ստացվում անկախ լրագրողների, ընդդիմադիր գործիչների դեմ քրեական տարբեր գործերի հարուցման և ձերբակալությունների մասին: Բաքվի իշխանությունները 2025 թվականին քրեական գործեր են հարուցել արտասահմանում բնակվող շուրջ 24 անձանց դեմ, ովքեր քննադատել են նրանց քաղաքական գործունեությունը։ Տեղական դատարաններն արդեն իսկ հեռակա դատավճիռներ են կայացրել ադրբեջանցի հայտնի մի շարք լրագրողների ու բլոգերների նկատմամբ։

դիտվել է 103 անգամ
Լրահոս
«Լա՞վ ես լսում՝ քեզ այդ քայլը չեն ներելու․ նույնիսկ Պապիկյանը քեզ դուրս շպրտեց»․ Նաիրա Գևորգյան (video) Գագիկ Ծառուկյանի մայրը հանգիստ չի մնում, նա այնպիսի կին է, որ․․․ Խոսրով Հարությունյան (video) Պայթյունի ահազանգ Գյումրի քաղաքում․ 1 անձ հոսպիտալացվել է Լավ է՝ Արեգա Հովսեփյանին չասացիք՝ ինչո՞ւ Ստեփանակերտի բենզալցակայանում չէիք, որ զոհվեիք. Գրիգորյան (video) Ի՞նչ կապ ունի ԱԱԾ-ն Վերաքննիչ դատարանի որոշումների հետ (video) ԱԺ «բարեկիրթ զոնը»․ օրենքը փոխարինվում է «ասողի» քմահաճույքով Զարուհի Փոստանջյանը «նեղը գցեց» ոստիկաններին (video) Ի՞նչ իրավունքով եք մեր ամեն ելույթից հետո մեկնաբանություն թողնում․ Աննա Գրիգորյանը՝ ՔՊ-ականներին (video) «Այ գետնաքա՛րշ, դու ո՞նց համարձակվեցիր այդպիսի հարց տալ արցախցի կնոջը»․ մանկավարժը պոռթկաց (video) Վերին Լարսում ուղևորահոսքի ռեկորդ է գրանցվել Հիշեցնե՞մ՝ ինչ էին ասում Ռուբինյանը, Կոնջորյանը․․․ Արամ Վարդևանյանը՝ ԱԺ լարված իրավիճակից հետո (video) «Գնել Սանոսյան, տղեդ էդ ո՞նց հիվանդ դարձավ, որ բանակ չի կարող գնալ»․ պահեստազորի փոխգնդապետ (video) Շտապ պետք է ճշտել՝ ինչ են արել Նիկոլի հետ բանտում, որ ինքը․․․ Շողեր Մաթևոսյան (video) Ազգային ժողովի ղեկավարությունը խախտում է կանոնակարգը. Լևոն Քոչարյան Կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ «Ներողություն, Նիկոլը տվող ա․․․ տեսնենք՝ ոնցա՞ տակից դուրս գալու»․ քաղաքացի (video) «Opel»-ը Գավառում վրաերթի է ենթարկել 10-ամյա աղջնակին. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Աշխատում է շատ պարզ սխեմա «Ծայրահեղ անբարոյական քայլի եք դիմել»․ Նինա Կարապետյանցը՝ իշխանությանը (video) Մենք կործանվում ենք, հասկացե՛ք․․․ Աննա Մայիլյան (video) Արարատի մարզի գյուղերից մեկում շտապօգնության բժիշկները հայտնաբերել են 8-ամյա տղայի մարմինը Իրանն անհիմն է որակել ԱՄԷ-ի ուղղությամբ հրթիռներ արձակելու մեղադրանքը Արեգա Հովսեփյանի հենց այս ելույթից հետո ԱԺ-ում իրավիճակը լարվեց, ՊՊԾ աշխատակիցները մտան ներս (video) Ֆրանսիան երկու իրանցի դիվանագետի արտաքսելու որոշում է կայացրել Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով 26 վագոն ցորեն կուղարկվի Հայաստան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am