Ի՞նչ պետք է անի ընդդիմությունը՝ Փաշինյանին «փոշիով» չաջակցելու համար. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նախընտրական վերադասավորումներից պարզ է դառնում, որ ընդդիմադիր դաշտում այս պահին երեք խոշոր միավոր կարող է ձեւավորվել՝ Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստանը», երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքը եւ Գագիկ Ծառուկյանի շուրջ ձեւավորվող «Առաջարկ Հայաստանին» միավորը։ Չնայած Ռոբերտ Քոչարյանն օրերս իր ասուլիսում հույս հայտնեց, որ նախորդ ընտրություններին մասնակցած 25 ուժերի փոխարեն այս ընտրություններին կմասնակցի 7-8 ուժ, ուստի փոշիացող ձայներն էլ ավելի քիչ կլինեն, սակայն այս պահին չի նկատվում, որ ընդդիմությունը հունիսի 7-ի ընտրություններին մտադիր է մասնակցել ավելի խելամիտ տարբերակով` փոշիացումները նվազագույնի հասցնելու հայեցակարգային մոտեցմամբ։ Առանձին կուսակցություններ, որոնք տարբեր հարցումներով չեն հաղթահարելու ընտրությունների անցողիկ շեմը, արդեն հայտարարել են միայնակ մասնակցելու մասին։ Այդ թվում է Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջնորդած ՀԱԿ-ը: ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանին հարցրինք՝ ի՞նչ պետք է անել, որ ձայները չփոշիանան, եւ դրանից չշահի իշխանությունը։ Ասաց, որ դժվարանում է պատասխանել, խոստացավ ավելի ուշ մանրամասն անդրադառնալ հարցին, քանի որ այս պահին ժողովի է մասնակցում, իսկ հետո չպատասխանեց մեր զանգերին։

Հիշեցնենք, որ, ըստ օրենքի, ԱԺ չանցած կուսակցությունների ձայները բաշխվում են անցած ուժերի վրա, եւ առյուծի բաժինը հասնում է առաջին տեղը զբաղեցրած ուժին, որը, որպես կանոն, իշխանությունն է լինում։ Այսինքն՝ ակնհայտ է, որ անցողիկ շեմը չհաղթահարողներն ուղղակի կամ անուղղակի օգնելու են իշխանությանը։ 2018-ին այդ «փոշին» կազմել է 17 տոկոս, որից 10-ը ստացել է «Իմ քայլը», եւ նրա տոկոսը դարձել է 73` բացարձակ մեծամասնություն։ ԸՕ-ն նաեւ 3 տոկոս բոնուս է նախատեսում ամենաշատ քվե ստացողին, որ նա լրացնի պակասը եւ ձեւավորի կայուն մեծամասնություն։

2021-ին էլ շուրջ 12 տոկոս փոշիացվեց, որը կրկին օգնեց Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական մեծամասնություն կազմել: Եվ դրա մեղավորն այն փոքր ու մեծ քաղաքական ուժերն էին, որոնք չհաղթահարեցին ԱԺ անցողիկ շեմը` 4 տոկոս կուսակցությունների, 8 տոկոս` դաշինքների դեպքում: Մինչդեռ ընտրություններից առաջ այդ բոլորին բազմիցս զգուշացվել էր` ինչ կլինի առանձին-առանձին հանդես գալու դեպքում, բայց նրանք անտեսեցին այդ հորդորները։ Անցած ընտրություններին Փաշինյանին «փոշիով» աջակցած «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը եւս մասնակցելու է այս տարի, սակայն նրա առաջնորդը` Էդմոն Մարուքյանը, ընդդիմադիր դաշտին միասնական ճակատով մասնակցության առաջարկ է արել՝ վրացական մոդելով։ ԼՀԿ փոխնախագահ Դավիթ Խաժակյանը, վկայակոչելով սոցհարցումների արդյունքները, հիշեցնում է, որ Փաշինյանը չունի մեծամասնություն եւ ընտրություններին հաջողելու համար կարող է ինքը նպաստել, որ հնարավորինս շատ ուժեր մասնակցեն եւ փոշիացնեն ձայները։ «Մեծ քանակի ուժերի մասնակցությունը եւ ձայների փոշիացումը ձեռնտու են միայն այս իշխանությանը։ Ուստի ԼՀԿ-ն առաջարկել է ընդդիմությանը՝ ընտրություններին մասնակցել մեկ միասնական ճակատով, որը 2012 թվականին Վրաստանում կիրառված մոդելն է, ընդդիմությունը, ի դեմս Բիձինա Իվանիշվիլու, մասնակցում էր 4-5 ճակատով եւ բազմաթիվ անհատների միավորմամբ, որի արդյունքում ոչ միայն Իվանիշվիլին հաղթեց Սահակաշվիլուն, այլեւ խորհրդարան անցավ 2 ուժ, եւ շատ փոքր էր մնացյալ մասնակից ուժերի փոշին։ Մեր դեպքում, հաշվի առնելով, որ եղել է Մոլդովայի, Ռումինիայի սցենարը, որ փակել են որոշ ուժերի մասնակցությունը` այս հարցը եւս լուծում է, քանի որ իշխանությունը չի կարող մեկ ընդդիմադիր միասնական ճակատին դուրս թողնել ընտրապայքարից, իսկ առանձին մասնակիցներին կարող է։ Հայտնի է նաեւ, որ նախընտրական շեմը դաշինքների համար բարձրացվել է 8-10 տոկոս, սա եւս մեծացնում է փոշիացման հնարավորությունը»։ Եթե միավորում տեղի չունենա, ԼՀԿ-ն, Խաժակյանի փոխանցմամբ, միայնակ կմասնակցի ընտրություններին։ «ԼՀԿ առաջնորդն անգամ հայտարարել է, որ այդ կոնսոլիդացիայի ժամանակ պատրաստ է անձնապես ցուցակում չլինել, միայն թե կուսակցական ամբիցիաները մի կողմ դրվեն, եւ իշխանափոխությունը կայանա: Բայց եթե ընտրությունների մասնակից 20 եւ ավելի ուժերը կարծեն, որ յուրաքանչյուրն առնվազն 10% ունի իր գրպանում, ապա մենք առավել եւս պոտենցիալ ունենք՝ հաջողելու ընտրություններում»,- հայտարարեց Խաժակյանը։

«Հայաստան» դաշինքի պատգամավոր, դաշնակցական Արթուր Խաչատրյանն էլ է ընդդիմադիր գործընկերներին հորդորում՝ հետեւել ՀՅԴ-ի օրինակին, որը գալիք ընտրություններին դաշինքով մասնակցելու որոշում է կայացրել։ «Դեղատոմսը, որը մենք առաջարկում ենք, խոշոր դաշինքների ձեւավորումն է, եւ մենք անում ենք այն, ինչը կոչ ենք անում ուրիշներին, եթե փոքր ընդդիմադիր ուժերը տեսնում են, որ շանս չունեն անցնելու, պետք է գան՝ խոշոր դաշինքներին միանան կամ իրար հետ միավորվեն, այլապես գիտակցաբար կամ ոչ գիտակցաբար կարող են ջուր լցնել Նիկոլ Փաշինյանի ջրաղացին»,- ասաց Խաչատրյանը՝ հիշելով, որ 2021 թվականին շուրջ 25 ուժ էր մասնակցում ընտրություններին: «Ես ուզում եմ հավատալ, որ այդ մասնակիցների մեծ մասն ուղղակի սխալ էր գնահատել իր շանսերը, ոչ թե գիտակցաբար ընդդիմադիր դաշտում Փաշինյանի խաղն էր խաղում։ Հիմա էլ ենք կոչ անում ընդդիմադիր ուժերին՝ ընտրություններին մասնակցել մի քանի բլոկով, այլ լծակ չկա, գոյություն չունի` այս խնդրի դեմն առնելու»։

դիտվել է 244 անգամ
Լրահոս
««Եկեք լինենք բարեկիրթ» առաջարկը կարող է վերածվել քաղաքական խոսքի թակարդի». Հովհաննիսյան Ռոնալդուի մայրը ներկա չի եղել որդու հարսանիքին․ հայտնի է, թե ովքեր են մասնակցել արարողությանը Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել Սահմանադրական խորհուրդն արգելափակել է սոցիալական ցանցեր երեխաների մուտքն արգելող օրենքը Մեծ Բրիտանիայում ռեկորդային թվով բնական հրդեհներ են գրանցվել ՔՊ-ի առաջարկը ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ սրիկայություն «Եկեղեցիներից ու մատուռներից գողությունները կատարում են Արմավիր քաղաքի 30 և 38-ամյա տղամարդիկ»․ ՆԳՆ «Հրապարակ»․ Բերդի պետը գողականներին համբուրելով է բարեւում «Հրապարակ»․ Բանակում գողությունների համար ո՞վ պետք է պատասխան տա «Հրապարակ»․ Որոշ արցախցիներ էլ են տխրել Գրիգորյանի պաշտոնաթողությունից «Հրապարակ»․ Ցմահ ազատազրկվածը 34 տարի հետո ազատ է արձակվել Վերաքննիչ դատարանը բեկանել է Ռուսաստանում բնակվող Հովհաննես Սահակյանի ձերբակալման որոշումը Ուժեղ քամին Երևանում տապալել է կառուցվող շենքի երկաթե կառուցատարրերն ու էլեկտրասյուները Վնասվել է 4 ավտոմեքենա Ռոբերտ Ամստերդամը Հայաստանում ահազանգում է անմեղության կանխավարկածի ոտնահարման մասին Երևանում ավտոմեքենաներ են հայտնվել տապալված տախտակամածի տակ Ադրբեջանը չի կատարում ՄԻԵԴ-ի վճիռները․ «Հետք» «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց Դատախազությունը պահանջում է արագացնել Արցախի սեփականազրկման գործի քննությունը. փաստաբան Մալաթիա-Սեբաստիայում թալանել են 10-ից ավելի ավտոմեքենա Սուրբ Աստվածածին վանքի ուխտի տոնի առիթով կատարվել են աղօրհնեքի և անդաստանի արարողություններ Զինված ուժերում 2026 թվականին արձանագրվել է մահվան 11 դեպք․ ՊՆ Հայտնաբերվել և ձերբակալվել է 19-ամյա բնակիչ Նախագահի աշխատակազմի նոր ղեկավար է նշանակվել Արմեն Գրիգորյանի ազատումից հետո Անվտանգության խորհրդում նոր պաշտոնանկություն է եղել
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am