Եզրակացրեք ինքներդ՝ սա եկեղեցին «բարենորոգելո՞ւ», թե՞ այն քանդելու ծրագիր է․ ՀՅԴ
ՀՅԴ ֆեյսբուքյան էջում հրապարակվել է վերջին օրերի ընթացքում գործող վարչախմբի կողմից հոգևորականների նկատմամբ իրականացված գործողությունները.
«Վերջին օրերի ընթացքում գործող վարչախումբը.
Լուծարել է Բանակի հոգևոր սպասավորության ինստիտուտը:
Շինծու մեղադրանքներով արգելել է 6 հոգևորականի մեկնումը երկրից՝ նպատակաուղղված կերպով խոչընդոտելով նրանց մասնակցությունը Ավստրիայում կայանալիք Եպիսկոպոսաց ժողովին:
Քրեականացրել է եկեղեցական նվիրապետությունը, հնազանդության ուխտը և եկեղեցական կանոնները։ Սա ՀՀ Սահմանադրության բացահայտ խախտում է և կոպիտ միջամտություն Եկեղեցու ներքին ինքնավարությանը։
Ավելի վաղ վարչախումբը՝
Ամեն կերպ թիրախավորել է Ամենայն Հայոց Վեհափառին՝ նրա նկատմամբ օգտագործելով անթույլատրելի բառապաշար։ Շինծու քրեական գործեր են հարուցվել նրա ընտանիքի անդամների նկատմամբ, անհիմն կալանավորվել է նրա եղբայրը։
Մի քանի ամիս արդեն անազատության մեջ են գտնվում Հայ Առաքելական Եկեղեցու 4 բարձրաստիճան արքեպիսկոպոսներ:
Ուժային կառույցների գործուն մասնակցությամբ նախաձեռնվել են Մայր Աթոռը գրավելու փորձեր:
Ապօրինի կերպով և ուժայինների ներգրավմամբ զավթվել են Հայաստանի մի քանի եկեղեցիներ՝ խոչընդոտելով հավատացյալների մասնակցությունը հոգևոր արարողություններին և խաթարելով բնականոն հոգևոր կյանքը»։
