Իրանն ունակ է հնարավոր տեղային բախումը վերածելու խոշոր տարածաշրջանային պատերազմի
Իրանագետ Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Իրան-ԱՄՆ հակամարտության այսօրվա փուլում պարզ է, որ նախագահ Թրամփի պահանջներն, ըստ էության, փաստացիորեն, առանց մարտի Թեհրանի հանձնվելու մասին են, ինչը երբեք տեղի չի ունենա, իսկ առանց ցամաքային երկարատև և արյունալի, ընդ որում, ոչ հստակ հեռանկարով, ռազմական գործողությունների, Իրանը ծնկի բերելն անհնար է։
ԱՄՆ-ի նախագահը հենց ինքն է ստեղծել մի իրավիճակ, որից կարճատև և տպավորիչ ռազմական գործողությամբ դուրս գալը չափազանց մեծ հարցական է պարունակում, եթե չասենք` բոլորովին անհնարին է։
Անշուշտ, ԱՄՆ-ն կարող է իրականացնել դեմքը պահպանելուն միտված մի քանի խորհրդանշական և չափավոր վնասի միտված հարված և հետո սոցցանցային գրառմամբ ավարտել «պատերազմը», սակայն Իրանի ռազմական և քաղաքական գործիչները գրեթե բոլոր մակարդակներով պնդում են, որ տեղային փոքր պատերազմ այս անգամ չի լինելու, այլ այս երկրի վրա հարձակումը հանգեցնելու է ողջ տարածաշրջանն ընդգրկող խոշոր անկայունության։
Որևէ կասկած չկա, որ Իրանն ունակ է հնարավոր տեղային բախումը վերածելու խոշոր տարածաշրջանային պատերազմի և անկայունության, ինչն էլ մի կողմից դրդում է Թուրքիային և արաբական մի շարք երկրների ակտիվացնել դիվանագիտական ճնշումը Վաշինգթոնի վրա՝ թույլ չտալու նման զարգացում, իսկ մյուսից՝ ստիպում նախագահ Թրամփին չափազանց երկար ծանրութեթև անել դրա հետևանքները»։
