Արտակարգ իրավիճակ Երևանում․ 10 օր շարունակ կեղտաջրերը ողողում են Պոպովի փողոցն ու տների բակերը․ բնակիչները մնացել են անօգնական վիճակում
Արդեն 10 օր է, ինչ Երևան քաղաքի Պոպովի փողոցում ստեղծվել է արտակարգ ու վտանգավոր իրավիճակ։ Փողոցի դիտահորերից դուրս եկող կեղտաջրերը ողողում են ամբողջ տարածքը, լցվում ճանապարհ, սեփական տների բակեր և բնակարաններ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տարածքում տիրում է սուր գարշահոտ, իսկ իրավիճակը դարձել է բացահայտ հակասանիտարական, ինչը լուրջ վտանգ է ներկայացնում բնակիչների, հատկապես երեխաների և տարեցների առողջության համար։
Պոպովի փողոցի բնակիչները բազմիցս դիմել են «Վեոլիա ջուր» ընկերություն, սակայն այնտեղից ստացել են պատասխան, որ խնդիրը իրենց գործառույթների մեջ չի մտնում։ Դիմելով Երևանի քաղաքապետարան՝ քաղաքացիները ստացել են հակառակ պատասխան՝ նշելով, որ խնդիրը փոխանցվել է «Վեոլիա ջուր» ընկերությանը։
Այս ընթացքում պատասխանատու կառույցները միմյանց վրա են բարդում խնդրի լուծման պատասխանատվությունը, մինչդեռ բնակիչները ստիպված են արդեն տասը օր ապրել կեղտաջրերի մեջ։
SHAMSHYAN.com-ի թղթացի հետ զրույցում բնակիչները ասում էին․ «Մենք այլևս չգիտենք՝ ո՞ւմ դիմենք։ Տասը օր է՝ մեր բակերով կեղտաջուր է հոսում, տներ է լցվում, գարշահոտը անտանելի է։ Մեզ ասում են՝ սա իրենց գործը չէ։ Բայց ո՞վ է պատասխան տալու մեր առողջության ու անվտանգության համար։ Պահանջում ենք անհապաղ միջամտություն»։
Բնակիչները հույս են հայտնում, որ պատասխանատու կառույցները անհապաղ քայլեր կձեռնարկեն՝ վերացնելու համար ստեղծված խայտառակ իրավիճակը։
