Խոշոր հարկատուների ցանկում բանկերի առկայությունը աճող վարկերի մասին է խոսում. Արամյան
2025թ-ի խոշոր հարկատուների ցանկում թերևս ամենադրականը առաջին տասնյակում տեխնոլոգիական ընկերությունների ներկայությունն է. Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է ֆինանսների նախկին նախարար, հանրային ֆինանսների կառավարման միջազգային խորհրդատու Վարդան Արամյանը։
Պետեկամուտների կոմիտեն հրապարակել է 2025 թվականի 1000 խոշոր հարկատուների ցանկը։ Առաջին տեղում «Մոբայլ սենթրն» է, 2-րդ տեղում «Գրանտ Տոբակոն» է, 3-րդ տեղում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է։
«Օրինակ՝ «Ալֆաբեթը» 10-յակում կա, ինչը լավ լուր է. բայց այսօր ամբողջ աշխարհը գնում է AGI համակարգին, որով արդեն հումանոիդ ռոբոտներ են ստեղծում։ Այնպես որ, ճիշտ է, մեր ընկերությունները ևս աշխատում են աշխարհից հետ չմնալ, բայց քանի դեռ մենք մեր կրթական համակարգի ներուժը՝ տեխնիկական գիտությունների մասով, չենք օգտագործել, այստեղ մենք միշտ մրցունակության կորուստ ենք ունենալու»,- ասում է Արամյանը՝ հավելելով, որ կրթության որակը Ակադեմիական քաղաքը կամ ենթակառուցվածքները չեն։
Անդրադառնալով ցուցակի առաջատարներին՝ նախկին նախարարը նկատում է, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր տրադիցիոն տեղում է։
Բացի այդ, պղնձի համաշխարհային գներն աճում են, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ 2026 թ-ին ևս Զանգեզուրը կպահպանի իր դիրքը։
Ինչ վերաբերում է «Մոբայլլ սենթրին», որը վերջին տարիներին սրընթաց աճ գրանցեց ու արդեն գլխավորում է խոշոր հարկատունեռի ցուցակը, ապա այստեղ գաղտնիքը վերաարտահանումն է։
Անդրադառնալով բանկային համակարգին ու բանկերի՝ վերջին տարիներին ավելացող շահույթներին՝ Արամյանը նկատում է, որ 2022 թ․-ին բանկային համակարգի հիմնական շահույթը ձևավորվել է ոչ տոկոսային եկամուտների տեսքով, ինչը պայմանավորված էր ռուս-ուկրաինական կոնֆլիկտի հետևանքով առաջացած ներհոսքով։ Մինչդեռ 2025 թ․-ին բանկերում հիմնականում աճել են վարկերը։
«Շուրջ 28 %-ից ավելի մենք ունեցել ենք վարկային պորտֆելի աճ ամբողջ բանկային համակարգում, և, այդտեղ առաջատար են «Արդշինբանկը», «Ամերիաբանկը»։ Ակնհայտ է, որ այդ վարկերի աճը բերել է լրացուցիչ եկամուտներ բանկային համակարգին»,- ասում է մասնագետը։
Իսկ մտահոգիչն այս իրողության մեջ, նրա խոսքով, այն է, որ հիմնականում աճել են սպառողական վարկերը։ Իսկ սպառողական վարկ վերցնում է բնակչության հիմնականում անապահով հատվածը։
«Պատկերացրեք՝ միջին աշխատավարձ՝ ամսական 297 000 դրամ ստացող մարդը ունա՞կ է կերակրել իրեն, իր ընտանիքին և միևնույն ժամանակ գնել սառնարան, հեռուստացույց և այլն։ Բնականաբար, պետք է թակի բանկային համակարգի դուռը, հենց դրա համար էլ մեզ մոտ մենք տեսնում ենք սպառողական վարկերի աճ»,- պարզաբանում է նախկին նախարարը։
Նրա դիտարկմամբ՝ բանկերն այս իրավիճակում պետք է զգուշավորություն ցույց տան ոչ վարկունակ վարկառուներին վարկ տրամադրելու հարցում, քանի որ մրցակցության պատճառով շատ հաճախ այդ զգուշավորությունը երկրորդ պլան է մղվում։
Վարդան Արամյանի գնահատմամբ՝ էլ ավելի մեծ են ռիսկեր կան ՀՀ տնտեսական կառուցվածքում, որտեղ հիմնական շարժիչ ուժը եղել է շինարարությունը՝ 20 % աճով։ Իսկ իրական հատվածում արդյունաբերությունը չնչին աճ է գրանցել, այն էլ հիմնականում հանքագործության հաշվին։ Մշակող արդյունաբերությունը շուրջ 2 %-անոց անկում է գրանցել, իսկ գյուղատնտեսությունում աճը, մեղմ ասած, խիստ համեստ է տնտեսական ցուցանիշների վրա ազդելու համար։
