ՄԵՌԵԼՈՑԻ ՄԵՌԵԼՈՑ. … հարցրեց՝ բա, ճի՞շտ ա, որ մեռելոցը տոնից առաջ անեն. Տիգրան Պասկևիչյան
Հայ վավերագրող է, գրող, լրագրող, հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանը Ֆեյսբուքի իր էջում «Մեռելոցի Մեռելոց» վերնագրով հրապարակման մեջ գրում է. «Երեկ զանգահարեց ՖԲ-ի ծառայությունները կատեգորիկ մերժող մի ընկեր ու հարցրեց՝ բա, ճի՞շտ ա, որ մեռելոցը տոնից առաջ անեն։ Ի՞նչ նկատի ունես՝ զարմացա։ Նկատի ուներ հունվարի 27-ը՝ որպես Հայրենիքի համար զոհվածների հիշատակի օր նշելը։ Սովորաբար մահացած (զոհված) մարդկանց հիշում ու հարգանքի տուրք են մատուցում տոնից հետո։ Օրինակ՝ Սուրբ ծննդյան կամ Հարության տոներից հետո է մեռելոց, ոչ թե առաջ։ Իսկ մենք բանակի փառապանծ տոնից առաջ մի հատ մեռելոց ենք անում, որ հաջորդ օրը մեռելոցի մեռելո՞ցն անենք։
Որ մեր պետական տոնացույցում Հայրենիքի համար զոհվածների հիշատակի օր պետք է լիներ եւ շատ վաղուց, անվիճարկելի է։ Բայց ինչո՞ւ հենց հունվարի 27-ը։ Ի՞նչ իրադարձությամբ, դեպքով, պատմական անցքով է այդ օրը նշանավորված որպես Հայրենիքի համար զոհվածների հիշատակի օր։ Ոչ մի… Տոն-մեռելոց տրամաբանությամբ գուցե մեկ օր հետո լիներ, ոչ թե առաջ։ Նույն օրը նշվում է Հոլոքոսթի զոհերի հիշատակի միջազգային օրը։ Այդ թվականն է ընտրվել, որովհետեւ հունվարի 27-ին են խորհրդային զորքերն ազատագրել «Օսվենցիմ» նացիստական համակենտրոնացման ճամբարը։
Հայերի կոտորածներ եղել են 19-րդ դարի վերջին տասնամյակում, 1909 թվականին, 1915-ից մինչեւ 1923, բայց նշում ենք Ապրիլի 24-ը, որովհետեւ դա է ամենանշանայինը՝ հայ մտավորականների աքսոր ու բնաջնջում։ Լավ, էս ի՜նչ եմ խոսում… Սրանք երկրի սահմանադրության վրա թքած ունեն, ուր մնաց հիշատակի հարմար օր գտնեն»:
