Ինչո՞ւ է Ադրբեջանը կուլիսային պայքար սկսել ԱՄՆ-ում Վրաստանի դեմ, և ինչ՞ դերում է հայտնվել Հայաստանը
Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ի նախորդ վարչակազմի ժամանակ Կոնգրեսում ստեղծվել էր մի նախագիծ՝ MEGOBARI act, որի միջոցով պիտի պատժամիջոցներ կիրառվեին Վրաստանի ներկայիս իշխանությունների դեմ:
Թրամփի իշխանության վերադարձից հետո, Վրաստանի Իվանիշվիլու իշխանությունները փորձեցին համոզել ԱՄՆ-ի նորընտիր նախագահին, որ Բայդենի վարչակազմն էր մեղավոր ԱՄՆ-ի Վրաստանի միջև հարաբերությունների փչացման համար:
Սակայն Թրամփի վարչակազմը չէր շտապում վերականգնել հարաբերությունները ներկայիս Վրաստանի իշխանությունների հետ:
Ամերիկյան փորձագետների կարծիքով՝ դրա պատճառը Վրաստանի և Չինաստանի միջև կնքած 2023-ին ռազմավարական հարաբերությունների հաստատումն էր, որի արդյունքում Վրաստանի սևծովյան Անակլիա նոր նավահանգստի կառուցումը ամերիկյան ընկերությունից վերցրեցին և հանձնեցին չինացիներին:
Թրամփի թիմը պահանջում էր Իվանիշվիլու թիմից՝ չեղյալ հայտարարել այդ գործարքը, սակայն վերջիններս մերժում էին դա, քանի որ դա էապես կվնասեր չին-վրացական հարաբերությունների զարգացմանը: Չինաստանի համար, այսպես կոչված «Մետաքսի ճանապարհի» կառուցման ծրագրում, Վրաստանը ոչ երկրորդական դերակատում ունի:
Սակայն հենց այդ հանգամանքն էլ դուր չի գալիս Վաշինգտոնին:
Այդ իսկ պատճառով Թրամփի թիմակիցները չէին պատրաստվում չեղարկել MEGOBARI act-ը:
Սակայն, անսպասելիորեն, ԱՄՆ-ի հանրապետական կուսակցությունում առաջ եկավ նաև վրացամետ թև, որը փորձում է հաշտեցնել Թրամփի և Իվանիշվիլու թիմերին:
Մասնավորապես, ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության գլխավոր դոնորներից և Տեխասի նավթային ընկերության գործադիր տնօրենը լոբբինգ է անում այդ հակավրացական, երկկուսակցական օրինագծի դեմ, որը պատժամիջոցներ կսահմաներ ներկայիս Վրաստանի իշխանության ներկայացուցիչների դեմ,- հաղորդում է ամերիկյան The Hill-ը պարբերականը:
Հյուստոնում գործող էներգետիկ ընկերության նախագահ և գործադիր տնօրեն Սթիվ Նիկանդրոսը, որը պնդում է, որ Վրաստանում ներդրել է ավելի քան կես միլիարդ դոլար, այս ամիս նամակ է ուղարկել Ներկայացուցիչների պալատի առնվազն մեկ հանրապետական անդամի՝ կոչ անելով նրանց դեմ դուրս գալ MEGOBARI օրենքին։
Նամակում Նիկանդրոսը նշում է, որ իր ընկերությունը Վրաստանում պատրաստում է 100 միլիոն դոլարի նոր ներդրումային ծրագիր, որը կիրականացվի հաջորդ երկու տարիների ընթացքում: Նա պնդում է, որ MEGOBARI օրենքը և Թբիլիսիի դեմ պատժամիջոցներ կիրառելու այլ փորձերը կվնասեն Վրաստանում գործող ամերիկյան բիզնեսներին:
Ամերիկյան փորձագետների կարծիքով՝ այս հարցում Թրամփի թիմը բաժանվել է երկու մասի. Իվանիշվիլու կողմնակիցների և հակառակորդների:
Ըստ The Hill-ի, Ներկայացուցիչների պալատի խոսնակ, կարկառուն հանրապետական ՝Մայք Ջոնսոնը անցյալ տարվա վերջին փորձեց MEGOBARI օրենքը ներառել Ազգային պաշտպանության լիազորման մասին օրենքում, սակայն Սենատի մեծամասնության առաջնորդ, և ոչ պակաս կարկառուն հանրապետական Ջոն Թունը արգելափակեց այդ ջանքերը։
Նիկանդրոսը և հանրապետական կուսակցության ներկայացուցիչների մի մասը, Թբիլիսիի հետ հարաբերությունների վատթարացման համար մեղադրում է ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենին։
Ավելին, հանրապետական կուսակցության այս թևի ներկայացուցիչները համարում են, որ Վրաստանում անցած ընտրություններն «արդար էին և ժողովրդավարական»:
Նրանք նաև պաշտպանում են իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ընդունումը և պնդում, որ «Վրացական երազանքի» կառավարությունը Թրամփի վարչակազմի գաղափարական դաշնակիցն է և արժանի է աջակցության։
Պարզվում է, սակայն, որ Հանրապետական կուսակցության հակաիվանիշվիլիական հատվածի հետ ակտիվորեն կուլիսներում աշխատում են ներկայիս Ադրբեջանի իշխանությունները:
Մասնավորապես հանրապետական սենատոր Ջո Ուիլսոնը հայտարարել է, թե իբր MEGOBARI օրենքը անհրաժեշտ է Հարավային Կովկասում Թրամփի ջանքերը ամրապնդելու համար, այդ թվում՝ այսպես կոչված «միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղին»՝ Հայաստանի և Ադրբեջանի միջով։
Ըստ The Hill-ի ադրբեջանցիներըփորձում են համոզել, որ ներկայիս Վրաստանի իշխանությունները, իրականում դեմ են Թրամփի նախաձեռնությանը կովկասյան տարածաշրջանում և դրա պատճառով, իբր, խիստ լարվել են Ադրբեջանի և Վրաստանի հարաբերությունները:
Ավելին, ադրբեջանցիների ցանկությունները ներկայացնող սենատոր Ուիլսոնը հայտարարել է, թե «Թրամփի երթուղու» հաջողությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ փոխվի «Վրացական երազանքի» կառավարության «հակաամերիկյան վարքագիծը»։
«Պատմական խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև, միջազգային խաղաղության և բարգավաճման համար «Թրամփի ճանապարհի» հաջողությունը և Չինաստանի, Իրանի և Ռուսաստանի հեռացումը Միջին միջանցքից հնարավոր են միայն այն դեպքում, եթե «Վրացական երազանքի» կառավարությունը փոխի իր հակաամերիկյան վարքագիծը»,- հայտարարել է սենատորը։
Վրացական իշխանությունները հակազդում են այդ շրջանակներին, իսկ ադրբեջանցիների այս քայլերը բացատրում են այն հանգամանքով, որ Ալիևը ուզում է միայն ինքը կյանքի կոչել Հյուսիս-Հարավ և Արևելք-Արևմուտք նախագծերը:
Ըստ վրացիների՝ Ալիևը ցանկանում է, որ Վրաստանն ու Հայաստանը մնան միայն Արևելք-Արևմուտք միջին միջանցքի տիրույթում, որի արդյունքում Ադրբեջանի դերակատարումը տարածաշրջանում շեշտակի կմեծանա, իսկ Վրաստանն ու Հայաստանը կդառնան լոկ Ադրբեջանի համար տարանցիկ և սպասարկող երկրներ:
Վրացիները նշում են, որ իրենք դեմ են ադրբեջանցիների մոտեցմանը, այլ հարց է, որ հայերը, հայտնվելով ծանր վիճակում, պատրաստ են սպասարկել Ալիևը բոլոր կապրիզները:
Այն, որ Փաշինյանն Հայաստանի իմիջը իջեցրել է շրիշակից ներքև, հայտնի է բոլորին:
Սակայն Հայաստանում, թերևս քչերն են հասկանում, թե ինչ աստիճանի է նվաստացրել Ալիևը Հայաստանը, վրացիների, ամերիկացիների, ռուսների, պարսիկների և չինացիների առջև:
Սա է իրականությունը:
Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ Zham.am
