Կոնդի եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պետրոսը դիմում է գրել
Տեղեկացնում ենք, որ Արարատյան Հայրապետական թեմի Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը՝ հովվական ծառայության ծանրաբեռնվածության պատճառով՝ իր դիմումի համաձայն, ս.թ. հունվարի 19-ից ազատվել է Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունների համակարգողի պարտականություններից:
Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը շնորհակալագիր հանձնեց Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանին, որում մասնավորապես ասվում է.
«Սույն շնորհակալագրով բերում ենք մեր օրհնությունը և գնահատանքը Արարատյան Հայրապետական թեմի Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ ՏԵՐ ՊԵՏՐՈՍ ԱՎԱԳ ՔԱՀԱՆԱ ՄԱԼՅԱՆԻՆ՝ որպես Հայ Եկեղեցու Արարատյան թեմի անդաստանում իր առաքելությունն իրականացնող հավատարիմ և նվիրյալ հոգևորականի»։
Նավասարդ սրբազանը նշեց, որ Տեր Պետրոսի շնորհիվ թեմում եկեղեցասեր երիտասարդների մասնակցությամբ կյանքի կոչվեցին ազգային-եկեղեցական տոներին նվիրված բազում միջոցառումներ, «Սիրո, Հավատքի և Հավատարմության ուխտերթ»-ը՝ դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին (20 հոկտեմբեր, 2013 թ.), և Սուրբ Հարության տոնին նվիրված ամենամյա «Կանթեղներով երթը» դեպի Հանրապետության հրապարակ:
Նավասարդ Սրբազանը նաև հոգեշահ մաղթանքներով ու օրհնություններով քաջառողջություն և արևշատ օրեր ցանկացավ Տեր Պետրոսին և իր ընտանիքին:
Qahana.am
