ԱՄՆ արժույթը արժեզրկվում է չորրորդ օրն անընդմեջ․ ինչն է պատճառը
Ամերիկյան դոլարի փոխարժեքը հիմնական արժույթների նկատմամբ անկում է ապրել՝ գրեթե չորս տարվա ընթացքում հասնելով ամենացածր մակարդակին, գրում է Bloomberg-ը։
Դոլարի սպոտային ինդեքս Bloomberg Dollar Spot Index (BBDXY)-ը երեքշաբթի օրը անկում է ապրել 0.4%-ով՝ հասնելով 2022 թվականի մարտից ի վեր իր ամենացածր մակարդակին։ ԱՄՆ արժույթը արժեզրկվում է չորրորդ օրն անընդմեջ։ Դոլարը ամենակտրուկ անկումն ապրել է չինական իենի նկատմամբ։
Դոլարի թուլացումը արտացոլում է ներդրողների զգուշությունը Վաշինգտոնում անկանխատեսելի քաղաքականության շրջանից հետո, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Գրենլանդիան զավթելու ծրագրերի մասին հայտարարությունից հետո։
Դոլարի անկմանը նպաստել են ԱՄՆ բյուջեի աճող դեֆիցիտի, ֆինանսական կարգապահության վերաբերյալ մտահոգությունների և երկրում աճող քաղաքական բևեռացման հետ կապված ռիսկերը։
Դոլարը նաև ճնշման տակ է Դաշնային պահուստային համակարգի հաջորդ նախագահի վերաբերյալ սպասումներից, քանի որ կան մտահոգություններ, որ Դաշնային պահուստային համակարգի հաջորդ նախագահը ավելի հակված կլինի իջեցնել վարկերի ծախսերը։
Դաշնային պահուստային համակարգի ներկայիս նախագահ Ջերոմ Փաուելի ժամկետը լրանում է 2026 թվականի մայիսին։
Ավելին, Միացյալ Նահանգներում արդիական է կառավարության աշխատանքի ևս մեկ շաթդաունի ռիսկը, քանի որ դեմոկրատները պլանավորում են արգելափակել ծախսերի փաթեթը Կոնգրեսում, եթե հանրապետականները չկրճատեն ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության ֆինանսավորումը։ Սենատը պետք է ծախսերի մասին օրինագիծը հաստատի մինչև հունվարի 30-ի վերջը, ինչը կկանխի կառավարության մասնակի փակումը: Մինչ այդ ուժի մեջ է ժամանակավոր բյուջե:
