Հասարակությունը սպասում է մյուս դավաճանների կարգալույծ հռչակման որոշումներին: Անձամբ ես` Կճոյանի փիլոնազրկմանը...
Հրապարակ օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը գրում է․
Երբ դու ոչ մի ինստիտուտ չես հարգում, ոչ օրենքին ես ենթարկվում, ոչ Սահմանադրությանը, քայքայում ես պետության հիմքերը:
Երբ դու չես հասկանում, որ ի պաշտոնե կարող ես գործել միայն Սահմանադրությամբ որոշված պաշտոնիդ լիազորությունների շրջանակներում, ուրեմն ամեն օր օրենք ես խախտում և մի գեղեցիկ օր դրա համար անպայման պատժվելու ես:
Երբ դու ոչ քո երկրի օրենքներն ես հարգում, ոչ բնության օրենքները, ոչ տիեզերական օրենքները, ոչ պետությունից անջատ գործող եկեղեցու օրենքները, ոչ հանրային համակեցության ու բարոյականության օրենքները, մի օր անպայման պատժվելու ես` եթե ոչ երկրային, ապա անպայման երկնային ու աստվածային օրենքներով:
Երբ դու չես գիտակցում, որ եկեղեցում հրամաններ արձակում է եկեղեցու հոգևոր ղեկավարը` հովվապետը, նա է որոշում` ով լինի թեմի առաջնորդ, ով` քահանա, ով` եպիսկոպոս ու արքեպիսկոպոս...դու քեզ զրկում ես անգամ օրենսդրությամբ քեզ վերապահված իրավասությունների շրջանակներում գործելու բարոյական իրավունքից:
Գևորգ Սարոյանին կարգալույծ անելու որոշման դեմ ՔՊ-ականների բարձրացրած ողբն ու կականը մի հետևանք կարող է առաջացնել` ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կարող է հայտարարել, որ այլևս չի ենթարկվում ՀՀ օրենքներին, չի ճանաչում Փաշինյանին` որպես վարչապետ, նրա նշանակած նախարարներին ու մյուսներին` որպես ՀՀ պաշտոնյաներ: Մարդիկ կարող են հանրային ընդվզումի ալիք բարձրացնել ու բոյկոտել ցանկացած պետական որոշում, օրենք, հրաման...
Եվ սա է անարխիայի ու պետության ոչնչացման ամենակարճ ուղին...
ՀԳ Իսկ հասարակությունը սպասում է մյուս դավաճանների կարգալույծ հռչակման որոշումներին: Անձամբ ես` Կճոյանի փիլոնազրկմանը...
