Ադրբեջանում գերիների վիճակը կրիտիկական է եղել
«Հրապարակ օրաթերթը» գրում է․ Նախորդ շաբաթ «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում ադրբեջանական գերությունից ազատված Վագիֆ Խաչատրյանը վիրահատվել է, սրտի վիրահատությունն ընթացել է հարթ, առանց բարդությունների։ Նա տեղափոխվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել էր ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Վիճակը գնահատվում է կայուն, կրած վիրահատության ծավալին համապատասխան։ Շուտափույթ ապաքինում եմ մաղթում»,- վստահեցրել էր նախարարը: Հիշեցնենք, որ երկու տարի և ավելի տարեց Վագիֆ Խաչատրյանը գտնվում էր ադրբեջանական դաժան գերության մեջ` անմարդկային պայմաններում: «Հրապարակը» Խաչատրյանի դստերը` Վերա Խաչատրյանին հարցրեց, թե ինչպես է հայրիկի առողջական վիճակը վիրահատությունից հետո: Նա մեզ հետ զրույցում ասաց. «Դեռևս հիվանդանոցում ենք, վիճակը նորմալ է, սակայն դեռ դուրս չեն գրել, բաց վիրահատություն է տեղի ունեցել, չենք կարող ասել, որ վիճակը լավ է: Ադրբեջանում բնականաբար վիճակը կրիտիկական է դարձել, այն իր ազդեցությունն է թողել, հնարավոր է եկող շաբաթ նոր դուրս գրեն հայրիկին»: Մենք նաև հետաքրքրվեցինք `Վագիֆ Խաչատրյանի հոգեբանական վիճակով: Դուստրը նշեց, որ հոգեբանական վիճակը նորմալ է:
