ՌԴ Պետդուման հաստատել է ԱԴԾ-ի խնդրանքով համացանցի և հեռախոսային ծառայությունների անջատման մասին օրինագիծը
Ռուսաստանի Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) պահանջով համացանցի և հեռախոսային ծառայությունների անջատման մասին օրինագիծը, գրում է «Коммерсантъ»-ը։
Նման դեպքում օպերատորները պատասխանատվություն չեն կրի հաճախորդներին ծառայություններ չմատուցելու համար։ Փաստաթուղթը հրապարակվել է օրենսդրական տվյալների բազայի կայքում։
Ըստ օրինագծի՝ օպերատորները պարտավոր կլինեն դադարեցնել ծառայությունները, եթե Անվտանգության դաշնային ծառայությունը նման խնդրանքով դիմի՝ քաղաքացիներին և պետությունը անվտանգության ի հայտ եկող սպառնալիքներից պաշտպանելու համար։ Նման սպառնալիքների թվում են ահաբեկչական գործողությունները և այլ արտակարգ իրավիճակներ, որոնք պահանջում են համացանցի և հեռախոսային ծառայությունների անջատում։ Փոփոխություններ կկատարվեն «Կապի մասին» դաշնային օրենքի 44-րդ և 46-րդ հոդվածներում։
Կառավարությունն օրինագիծը Պետդումա է ներկայացրել անցյալ տարվա նոյեմբերին։ Օրինագծի հիմնավորման մեջ նշվում է, որ փոփոխություններն անհրաժեշտ են Ռուսաստանի Դաշնությունում անվտանգության հարաբերությունները և հակաահաբեկչական ջանքերը կարգավորելու համար։ Թվային զարգացման, կապի և զանգվածային լրատվամիջոցների փոխնախարար Իվան Լեբեդևը նշել է, որ կապի օպերատորներն անվտանգության մասին ահազանգեր ստանալիս արդեն իսկ խստորեն հետևում են հատուկ ծառայությունների հրահանգներին։ Նա նշել է, որ օրենսդրությունն անհրաժեշտ է ավելի լավ համագործակցություն ապահովելու համար։
