«Նախ Աստծուն, հետո Էրդողանին ենք վստահում». Սուդանի առաջնորդ
Սուդանի Ինքնիշխանության խորհրդի նախագահ Աբդուլֆեթահ ալ-Բուրհանը հայտարարել է, որ երկրում շարունակվող պատերազմում «Արագ աջակցման ուժերի» (HDK) դեմ պայքարը շարունակելու են մինչև վերջ և ընդգծել է Թուրքիայի նկատմամբ իրենց ունեցած վստահությունը, գրում է ermenihaber.am-ը:
Թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Բուրհանը նշել է, որ Սուդանում 2023-ի ապրիլից սկսված բախումները մեծ մարդկային ու նյութական կորուստներ են պատճառել, իսկ երկրում գրեթե չկա մարդ, որը պատերազմից չի տուժել։ Նրա խոսքով՝ սուդանցիները միավորված են «HDK»-ի դեմ։
Բուրհանը հայտարարել է նաև, որ խաղաղություն չի կարող հաստատվել, քանի դեռ «HDK»-ն չի չեզոքացվել՝ հավելելով, որ լուծումը կարող է լինել նաև զենքը վայր դնելն ու հանձնվելը։ Նա նշել է, որ որոշ երկրներ փորձում են հրադադար հաստատել «HDK»-ի օգտին, ինչը, ըստ նրա, միայն հետաձգում է ճգնաժամի լուծումը։ Բուրհանը մեղադրել է Արաբական Միացյալ Էմիրություններին (ԱՄԷ)՝ «HDK»-ին աջակցելու համար։
Այս համատեքստում Սուդանի առաջնորդը հայտնել է, որ Թուրքիան և Կատարը ցանկալի միջնորդներ են, սակայն այդ առաջարկը չի ընդունվել: Վերջինս նաև Թուրքիայի նկատմամբ ունեցած իր վստահությունն արտահայտել է հետևյալ կերպ․ «Նախ Աստծուն, ապա Էրդողանին ենք վստահում»։
Սուդանի Ինքնիշխանության խորհրդի նախագահը շնորհակալություն է հայտնել Թուրքիային, Եգիպտոսին, Կատարին և Սաուդյան Արաբիային աջակցության համար և նշել, որ ցանկանում է Թուրքիայի հետ հարաբերությունների խորացում ոչ միայն ռազմական, այլ նաև մյուս ոլորտներում։
