Ճապոնիայում հայտարարել են Հյուսիսային Կորեայից դեպի Ճապոնական ծով բալիստիկ հրթիռների արձակման մասին
Հյուսիսային Կորեան մի քանի կասկածելի բալիստիկ հրթիռ է արձակել դեպի Ճապոնական ծով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է «Kyodo News»-ը` վկայակոչելով Ճապոնիայի կառավարության աղբյուրներին։
Նշվում է, որ հրթիռներն ընկել են երկրի բացառիկ տնտեսական գոտուց դուրս՝ Ճապոնական ծովում:
Ավելի վաղ Ճապոնիայի ափային պահպանությունը հայտնել էր Հյուսիսային Կորեայից հրթիռների արձակման մասին՝ կոչ անելով տարածաշրջանում գտնվող նավերին խուսափել դրանցից և անմիջապես կապվել իշխանությունների հետ՝ հրթիռների բեկորներ նկատելու դեպքում:
Կորեայի Հանրապետությունը նույնպես հաստատել է ԿԺԴՀ-ի կողմից հրթիռի արձակումը:
Հրթիռի արձակման հետևանքով վնասների կամ զոհերի մասին հաղորդագրություններ չկան: Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը և երկրի վարչապետ Սանաե Տակաիչիի գրասենյակը, ըստ տեղեկությունների, հավաքում և վերլուծում են արձակման հետ կապված բոլոր տեղեկությունները, տեղի բնակիչներին կոչ է արվում հետևել պաշտոնական աղբյուրներին:
Ճապոնիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ 2026 թվականին սա հրթիռի արձակման արդեն երկրորդ դեպքն է Հյուսիսային Կորեայի կողմից ։
