Նույնիսկ լավ գաղափարներն են մեծ հաջողությամբ... ձախողում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Պարտադիր առողջապահական ապահովագրության համակարգի ներդրումը Հայաստանում, ինչպես շատ այլ ոլորտներում իրականացված բարեփոխումները, ցույց տվեց իշխանությունների կողմից կառավարման, պլանավորման և նախապատրաստման հիմնարար թերությունները։ Չնայած այն հանգամանքին, որ պարտադիր առողջապահական ապահովագրությունը միջազգային մակարդակով ճանաչված և արդյունավետ փորձարկված մեխանիզմ է՝ բնակչության բժշկական ծառայությունների մատչելիությունն ու որակը բարձրացնելու, սոցիալական արդարության և ֆինանսական ռիսկերի հավասարաչափ բաշխման նպատակով, Հայաստանի դեպքում բարեփոխումը մեկնարկեց առանց խորքային վերլուծության, առանց համակարգային պատրաստության և առանց անհրաժեշտ ինստիտուցիոնալ կարողությունների ձևավորման։ Արդյունքում ստեղծվել է իրավիճակ, երբ տեսականորեն ճիշտ ու ողջամիտ նախաձեռնությունը գործնականում վերածվում է կազմակերպչական քաոսի, պատճառ դառնում հանրային դժգոհության ու առողջապահության ոլորտում նոր խնդիրների։

Նախ և առաջ պետք է արձանագրել, որ պարտադիր ապահովագրության գաղափարը պահանջում է երկարատև նախապատրաստական փուլ, բազմաշերտ հետազոտական աշխատանք, ֆինանսական, տեխնիկական և կառավարման ենթակառուցվածքների ստեղծում ու փորձարկում։ Բայց Հայաստանում ամեն ինչ արվում է գլխիվայր շրջված: Արդյունքում, հիմա արդեն հունվարի վերջն է, և տրամաբանորեն արդեն իսկ պետք է հնարավորինս սահուն գործեր համակարգը, սակայն պարզ դարձավ, որ թե՛ պոլիկլինիկաները, թե՛ հիվանդանոցները, թե՛ գործատուները և հաշվապահները չունեն հստակ պատկերացում՝ ինչպես է աշխատելու նոր կարգը, ինչ գործընթացների պետք է հետևեն, ինչ փաստաթղթեր ներկայացնեն, ինչպես են հաշվարկվելու ապահովագրական վճարները, ինչպես են վճարվելու ծառայությունների դիմաց փոխհատուցումները։ Այս անորոշությունը բերում է նրան, որ բազմաթիվ քաղաքացիներ, որոնք ցանկանում են օգտվել նոր կարգավորմամբ նախատեսված ծառայություններից, բախվում են ոչ միայն տեխնիկական խնդիրների, այլև տեղեկության բացակայության, անորոշ ընթացակարգերի ու մերժումների։

Հիմնական թերացումներից է նաև առողջապահական համակարգի աշխատակիցների՝ բժիշկների, բուժքույրերի, ադմինիստրատիվ անձնակազմի և հատկապես պոլիկլինիկաների ու հիվանդանոցների ներգրավվածության պակասը համակարգի նախապատրաստման և ներդրման գործընթացում։ Շատ դեպքերում բուժհաստատությունները չունեն բավարար տեղեկություն, չեն անցել անհրաժեշտ վերապատրաստում, չեն ստացել համապատասխան մեթոդական ցուցումներ և գործնական ձեռնարկներ։ Սա հանգեցնում է նրան, որ բուժաշխատողները, որոնք անմիջականորեն պետք է ապահովեն նոր համակարգի գործարկումը, մնում են անտեղյակ ու հաճախ պատահականության սկզբունքով են լուծում առաջացած խնդիրները։

Armed տեղեկատվական համակարգի թերի աշխատանքը, տվյալների մուտքագրման և փոխանակման դժվարությունները, հաճախակի տեխնիկական խափանումները ոչ միայն դանդաղեցնում են բժշկական սպասարկման ընթացքը, այլև խորացնում են բուժաշխատողների և քաղաքացիների դժգոհությունը։ Տեխնիկական խնդիրները հատկապես ծանր հետևանքներ են ունենում գյուղական կամ մարզային բուժհաստատություններում, որտեղ առանց այն էլ առկա է ռեսուրսների պակաս, կադրային խնդիրներ և տեխնոլոգիական թերություններ։

Ինչպես արդեն նշեցինք, գործատուների և հաշվապահների շրջանում ևս առկա է անորոշություն, ինչը բերում է հաշվարկների սխալների, վճարային պարտավորությունների թերի կատարման և, ի վերջո, աշխատողների նկատմամբ սոցիալական արդարության խախտման։ Պետական մարմինների կողմից տրամադրվող տեղեկությունը բավարար չէ, ավելին՝ հաճախ նույնիսկ հակասական է, իսկ խորհրդատվության ծառայությունները չեն ապահովում անհրաժեշտ օպերատիվություն և մասնագիտական աջակցություն։ Դրա արդյունքում էլ գործատուները հաճախ ստիպված են լինում դիմել մասնավոր խորհրդատուների, ինչը հավել յալ ծախսերի ու բյուրոկրատիայի ավելացման պատճառ է դառնում։

Ֆինանսական տեսանկյունից պարտադիր ապահովագրության համակարգի ներդրումը նույնպես հղի է լուրջ ռիսկերով։ Կան մտավախություններ, որ պետական բյուջեի սահմանափակ ռեսուրսները չեն բավարարի համակարգի բոլոր շահառուների բժշկական ծախսերը հոգալու համար։ Հատկապես խոցելի խմբերի՝ թոշակառուների, նպաստառուների, մինչև 18 տարեկան անձանց համար նախատեսված միջոցները կարող են արագ սպառվել, ինչն արդեն տարեսկզբին մտահոգության առիթ է դարձել։ Եթե ֆինանսավորումը բավարար չլինի, ապա գործնականում կարող է ձևավորվել հերթերի, սպասման ժամկետների երկարացման, ծառայությունների որակի անկման նոր իրականություն, ինչը հակասում է համակարգի ներդրման հիմնական նպատակին։

Մյուս կարևոր խնդիրն այն է, որ կառուցվածքային մակարդակում պարտադիր ապահովագրության համակարգի ներդրումը չուղեկցվեց նվազագույն ընդգրկմամբ փորձարարական փուլով, որը հնարավորություն կտար բացահայտել ու շտկել բոլոր թերությունները՝ նախքան լայնածավալ գործարկումը։ Բազմաթիվ երկրներում նման բարեփոխումները շատ հաճախ իրականացվում են պիլոտային ծրագրերի միջոցով՝ նախապես ընտրված տարածաշրջաններում կամ շահառուների շատ սահմանափակ խմբում, որպեսզի հնարավոր լինի իրական պայմաններում գնահատել ընթացակարգերի արդյունավետությունը, տեխնիկական ու ֆինանսական լուծումների կենսունակությունը, համակարգի ընդունելիությունը շահառուների համար։ Հայաստանի դեպքում կարելի էր գոնե սկզբնական շրջանում սահմանափակել համակարգի շահառուների շրջանակը, օրինակ՝ սկզբից ներգրավել միայն խոցելի խմբերին, ապա աստիճանաբար անցնել 200 հազար դրամից ավելի աշխատավարձ ստացողներին ներառելուն՝ քայլ առ քայլ շտկելով բացահայտված թերությունները։ Սակայն նման մոտեցում չկիրառվեց, և սկզբի համար շահառուների բավական մեծ խումբ ներառվեց՝ ստեղծելով կազմակերպչական և ֆինանսական քաոս։

Ավելին, լուրջ խնդիր է դարձել որոշ դեպքերում կրկնակի ապահովագրության հավանականությունը, երբ որոշ գործատուներ արդեն իսկ ապահովագրում են իրենց աշխատակիցներին, բայց վերջիններս նաև ընդգրկվել են պարտադիր ապահովագրության ծրագրում, ինչն ուղղակի անհեթեթ վիճակ է ստեղծում:

Հասարակական իրազեկման և հանրային քննարկումների պակասը ևս համակարգի ներդրման կարևոր թերացումներից մեկն է։ Հանրությունը փաստացի տեղյակ չէ սպասվող փոփոխությունների էությունից, ընթացակարգերից, իրավունքներից և պարտականություններից։ Առանց լայնածավալ տեղեկատվական արշավի, առանց առողջապահական ոլորտի շահառուների հետ երկխոսության, առանց շահագրգիռ կողմերի մասնակցության՝ համակարգի ներդրումը ընկալվում է որպես հերթական պարտադրանք, այլ ոչ թե որպես սոցիալական և առողջապահական առաջընթաց։ Իսկ սա հանգեցնում է անվստահության մթնոլորտի խորացման, իսկ որոշ դեպքերում՝ նաև բարեփոխման հիմնական նպատակների արժեզրկման։

Պարտադիր առողջապահական ապահովագրության համակարգի ներդրման հետ կապված այսպիսի թերացումները երկարաժամկետ կտրվածքով կարող են բերել առողջապահության ոլորտի լուրջ ճգնաժամի։ Առաջին հերթին, եթե համակարգը շարունակի գործել այսպիսի անորոշությամբ ու անկայունությամբ, ապա կվտանգվի բժշկական ծառայությունների որակը, կաճեն անհավասարությունների, կոռուպցիոն ռիսկերի և սոցիալական արդարության խախտման դեպքերը։ Մյուս կողմից էլ՝ համակարգի նկատմամբ վստահության կորուստը կարող է դառնալ լայնածավալ ստվերային ապահովագրության, ապօրինի վճարումների կամ ծառայություններից հրաժարվելու պատճառ։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

դիտվել է 108 անգամ
Լրահոս
Ոչ ոք չի ուզենա իրենց երեխու գլուխը ուտողը գնա իր երեխու կողքը կանգնի. Զոհվածի ծնող Փաշինյանը Եռաբլուր եկավ ևս մեկ անգամ մեզ ցավեցնելու և ծաղրելու համար. զոհվածի մայր Նարեկ Մկրտչյանի՝ սկանդալում հայտնված եղբայրն ազատվել է տնային կալանքից Կեղծիք և փարիսեցիություն Եվս մեկ ոչ աշխատանքային օր կլինի Սպասվում է ձյուն, բուք․ օդի ջերմաստիճանը կնվազի Ռուբեն Վարդանյանի դեմ ցուցմունք տված Միշա Գրիգորյանն Արցախից Հայաստան չի եկել․ վախեցել է, որ կսպանեն Մայր Աթոռում կատարվել է հոգեհանգստյան կարգ հանուն Հայրենիքի նահատակված քաջորդիների համար Հայ ժողովրդի հետ․ Ֆրանսիայի դեսպանությունը՝ հիշատակի օրվա առիթով Հայաստանի Սիրիա ցմահ դատապարտվածների փոխանցում՝ առանց պատժի շարունակության երաշխիքի. Hetq.am Նիկոլ Փաշինյանի ամբողջ կերպարը հենց այսօրվա «պետականորեն» նշվող օրվա «խորհրդի» մեջ է․ Զուրաբյան Ետ չեն եկել և չեն փոխել եկեղեցու դռների փականները․ Տեր Արտաշեսը՝ սպառնալիքների մասին Վագիֆ Խաչատրյանը դեռ հիվանդանոցում է․ հնարավոր է այս շաբաթվա վերջ դուրս գրեն․ Վերա Խաչատրյան Երևան-Գյումրի ճանապարհին բախվել է 15 տրանսպորտային միջոց, 2 քաղաքացի տեղափոխվել է ԲԿ․ մանրամասներ Իրանը ցանկանում է գործարք կնքել Ճապոնիայում հայտարարել են Հյուսիսային Կորեայից դեպի Ճապոնական ծով բալիստիկ հրթիռների արձակման մասին ԱՄՆ-ն կարող է հարվածել Իրանին այս շաբաթ․ Middle East Eye «ՔՊ-ն պետական բյուջեից 30 միլիարդ թալանեց, որպեսզի․․․»․Վոլոդյա Հովհաննիսյանը՝ փաստերով (video) «Էս ա՞ ձեր խաղաղությունը,Ալիևը երկու բաժակ խմելու է ու սկսի Հայաստանը բոմբիտ անել».Դավիթ Մկրտչյան (video) Ինչո՞ւ Ֆիդանը հրապարակավ աջակցեց Փաշինյանին, և ո՞ւմ էր ուղղված նրա այդ մեսիջը #ՈՒՂԻՂ. Գերլարված. ինչո՞վ կավարտվի Թուրքիայի և Ռուսաստանի մրցակցությունը Հայաստանի համար. Բոզոյան (video) Մոսկվայում առատ ձյուն է տեղում. այն չի ընդհատվի 3 օր Ձեր կինը, Սուրեն Պապիկյանի կինը պատրաստվու՞մ են կամավորագրվել բանակ․ լրագրողը՝ ՊՆ փոխնախարարին (video) Բաքվում կանխվել է դեսպանատներից մեկի նկատմամբ ահաբեկչության փորձը․ ձերբակալվել է 3 ադրբեջանցի Բակո Սահակյանին ու Արկադի Ղուկասյանին իմ դուրս գալու վերջին օրն եմ տեսել․Սարգսյանը մանրամասնում է (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանը Հունվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է հասարակական գործիչ Սամվել Աշոտյանը Հունվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունվարի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունվարի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը Հունվարի 26-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հայկ Նահապետյանը Հունվարի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը Հունվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը Հունվարի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունվարի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am