Անօրեն առևտրի մեղքը և դրա հասցրած վնասը ազգին ու պետությանը․ Տեր Վրթանես Բաղալյան
Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես Բաղալյանը գրում է․
«Անօրեն առևտրի մեղքը և դրա հասցրած վնասը ազգին ու պետությանը
Ողբա՛մ, եղբայրք և քույրք, քանզի մեր օրերում շատերի սրտերում մթագնել է արդարության լույսը, և շահի մոլուցքը գերադասվել է օրենքից ու խղճից։ Տեսնում ենք, թե ինչպես է առևտրի մեջ ոմանք վաճառում կոշիկը՝ առանց ՀԴՄ-ի, առանց հաշվետվության, առանց ճշմարտության վկայության, կարծես թե Աստծո աչքը չի տեսնում, և պետության ձեռքը չի հասնում։
Սակայն մի՞թե կարելի է թաքցնել գործը, երբ խիղճն է դատավորը։ Քանզի գրված է. «Ով փոքր բանում անարդար է, մեծում ևս անարդար կլինի»։ Առանց ՀԴՄ վաճառքը փոքր մեղք չէ, այլ սերմ է, որից բուսնում է մեծ անօրենություն։ Այդ վաճառքով ոչ միայն օրենքն է ոտնահարվում, այլև վնաս է հասցվում պետությանը՝ այն մարմնին, որի մեջ ապրում ենք բոլորս։
Պետությունը մեր ընդհանուր տունն է, և հարկը՝ մեր համատեղ զոհաբերությունը, որպեսզի կառուցվեն դպրոցներ, բժշկարաններ, ճանապարհներ, եկեղեցիներ, վանքեր, կամուրջներ և օգնություն հասնի կարիքավորին։ Երբ առևտրականը թաքցնում է իր վաճառքը, նա ոչ միայն գրպանում է ավելին, այլև գողանում է այդ հացը որբի բերանից, այդ դեղը հիվանդի սեղանից, այդ աղյուսը՝ ապագայի շինությունից։
Ավելին՝ տնտեսությունն է խաթարվում, արդար մրցակցությունն է խեղաթյուրվում։ Նա, ով ազնվորեն է աշխատում և ՀԴՄ տալիս, դառնում է տուժող, իսկ անօրենը՝ ժամանակավոր շահող։ Սակայն ժամանակավոր շահը հավիտենական կորուստ է բերում հոգուն։
Եկեղեցու ձայնը հնչում է ոչ թե դատապարտելու, այլ արթնացնելու համար։ Արթնացե՛ք, սիրելի՛ եղբայրներ և քույրեր, և հիշեցե՛ք, որ առևտուրը նույնպես ծառայություն է՝ ծառայություն ճշմարտությանը, արդարությանը և հասարակ բարօրությանը։ Ստեփա’ն, տո’ւր ՀԴՄ՝ որպես վկայություն քո մաքուր գործի, և քո ձեռքի աշխատանքը օրհնված կլինի։
Քանզի ավելի լավ է քիչ շահել արդարությամբ, քան շատ՝ մեղքով։ Եվ ով իր գործը կատարում է օրենքով ու խղճով, նրա տունը հաստատուն կլինի, իսկ ազգը՝ զորացած։
Ամեն»։
