«Շանգրի-Լա» – «Արծվի արձան» հատվածում բախվել են «Kia»-ն և «Mercedes»-ները
Այսօր՝ հունվարի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15:55-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 13 կմ հատվածում՝ «Շանգրի-Լա» խաղատնից դեպի «Արծվի արձան» տանող հատվածում բախվել են 2 «Mercedes» և «Kia» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Բախման հետևանքով «Mercedes»-ներից մեկը գլխիվայր շրջվել է, իսկ ավտոմեքենաներից մեկն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց, փլուզել մի քանի մետր քարե պաշտպանիչ պարիսպը։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Արտակ Ասատրյանի, գումարտակի տեսուչ Կառլեն Բաղյանի և վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Ալբերտ Հովհաննիսյանն ու Սուրեն Բաղդասարյանը։Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։
