Քահանաներն ունեն նաև ընտանիքներ՝ երեցկանայք, երեխաներ, որոնք այսօր տառապում են այս ճնշումների ու սպառնալիքների հետևանքով․ Հայր Ռուբեն
Քահանաները ուխտ են արել, ստացել են հոգևոր կրթություն, ստացել են շնորհ՝ ի վերջո ձեռնադրվել՝ քաջություն ունենալու համար, սակայն քահանաներն ունեն նաև ընտանիքներ՝ երեցկանայք, երեխաներ, որոնք այսօր տառապում են այս ճնշումների ու սպառնալիքների հետևանքով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Ռուբեն վարդապետ Զարգարյանը՝ անդրադառնալով քահանաների նկատմամբ ճնշումներին։
«Ի՞նչ անենք՝ «բարենորոգումը» կառուցե՞նք մարդկանց տառապանքների, տանջանքների, լացի ու տագնապի վրա»,- ասաց Հայր Ռուբենը՝ պատմելով, որ ինքը տեսել է, թե ինչպես են մարդիկ լացում, տագնապի մեջ են։ Ընտանիքի անդամների հետ անձամբ ճնշումներ գործադրելու մասին Հայր Սուրբը տեղեկություն չունի, սակայն նշում է, որ կապ են հաստատել ընտանիքների՝ պաշտոնյա անդամների հետ՝ փորձելով ազդել քահանաների վրա։
Հայր Ռուբենը վերահաստատեց պատարագում իր հնչեցրած քարոզը՝ նշելով, որ իր օրակարգը բախումը չէ, իր օրակարգը հաշտությունն է, միասնությունն է, իր օրակարգը հոգևոր է և եկեղեցական։
