Պուտինը պատրաստ է Թրամփին զիջումների գնալ. Bloomberg
Ամերիկյան Bloomberg-ը հաղորդում է, որ Պուտինը Կրեմլում հանդիպել է ԱՄՆ դեսպաններ Ուիթկոֆի և Քուշների հետ՝ քննարկելու ուկրաինական հակամարտությանը վերջ դնելու ծրագիրը: Հանդիպման ընթացքում տարածքային հարցը չի լուծվել: Հաջորդ բանակցությունները՝ ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Ռուսաստանի միջև, տեղի կունենան ԱՄԷ-ում, իսկ Մոսկվայի պատվիրակությունը կգլխավորի Իգոր Կոստյուկովը:
Կրեմլի արտաքին քաղաքականության հարցերով օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ քննարկումների ընթացքում չի լուծվել Ուկրաինայի այն մասերի վերաբերյալ «տարածքային հարցը», որոնք պահանջում է Պուտինը։
Նա Հայտարարել է, որ Միացյալ Նահանգների, Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցությունների հաջորդ փուլը կսկսվի Արաբական Միացյալ Էմիրություններում, եռակողմ աշխատանքային խմբում Մոսկվայի պատվիրակությունը կգլխավորի Ռուսաստանի ռազմական հետախուզության ղեկավար Իգոր Կոստյուկովը։
Ուշակովի խոսքով՝ Ուիթկոֆը և Պուտինի ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը առանձին-առանձին կքննարկեն ռուս-ամերիկյան երկկողմ տնտեսական հարցեր։
ԱՄՆ-ի և Ուկրաինայի պաշտոնյաները հայտարարել են, որ զգալի առաջընթաց են գրանցել 20 կետից բաղկացած ծրագրի իրականացման գործում, որն ուղղված է Ռուսաստանի գրեթե չորս տարի տևած հատուկ գործողության դադարեցմանը: Այնուամենայնիվ, Կիևն ու Մոսկվան շարունակում են փակուղի մտնել հիմնական հարցերի շուրջ, այդ թվում՝ Պուտինի պահանջների շուրջ՝ վերահսկելու այն տարածքները, որոնք Ռուսաստանը դեռևս ուժով չի գրավել և որոնք մնում են Կիևի վերահսկողության տակ, սակայն արդեն Մոսկվան համարում է իրենը:
Այս ամսվա սկզբին Պուտինը Դմիտրիևի միջոցով ստացավ խաղաղության ծրագրի նախագիծ, որը, ըստ տեղեկացված աղբյուրների, համաձայնեցված էր Ուկրաինայի և եվրոպացի գործընկերների հետ: Փաստաթղթերը ոչ պաշտոնապես փոխանցվել էին Մոսկվա՝ վերանայման համար, ինչը թույլ է տվել Պուտինին պատրաստել պատասխան և առաջարկել փոփոխություններ Ուիթկոֆի և Թրամփի փեսայի՝ Քուշների այցից առաջ:
Ըստ Bloomberg-ի, Կրեմլը այս առաջարկը համարեց էական առաջընթաց, չնայած այն հանգամանքին, որ այն չի կարող վերջնական լինել, և Մոսկվայի համար կարևոր շատ հարցեր կամ բացակայում են, կամ ձևակերպված են անընդունելի ձևով։
Մասնավորապես, չորեքշաբթի երեկոյան Պուտինը հայտարարեց, որ պատրաստ է օգտագործել 2022 թվականին Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից ի վեր Միացյալ Նահանգներում սառեցված ռուսական ակտիվները՝ խաղաղության համաձայնագրի կնքումից հետո մարտական գործողությունների հետևանքով վնասված ուկրաինական շրջանները վերականգնելու համար։
Սակայն, ըստ փորձագետների, Ռուսաստանի ակտիվները ԱՄՆ-ում, որոնց արժեքը կազմում է չորսից հինգ միլիարդ դոլար, կազմում են այն միջոցների միայն մի փոքր մասը, որոնք Ուկրաինային անհրաժեշտ կլինեն վերականգնելու համար: Դրանք նաև կազմում են երկրի ամբողջ աշխարհում սառեցված ակտիվների ընդհանուր թվի միայն մի փոքր մասը, որը գնահատվում է 300 միլիարդ դոլար, որի մեծ մասը գտնվում է Եվրոպայում:
Մինչդեռ, նշում է Bloomberg-ը, 2025 թվականի փետրվարին վերակառուցման, ինչպես նաև Ուկրաինայի տնտեսական և սոցիալական աջակցության ընդհանուր արժեքը գնահատվել է մոտավորապես 524 միլիարդ դոլար:
Հատկանշանական է, նշում է ամերկիյան գործակալությունը, որ Պուտինը ցանկանում է համաձայնության գալ Թրամփի հետ, մինչդեռ եվրոպացիներն ու ուկրաինացիները հոռետես են Թրամփի քայլերից:
Հավանաբար, այստեղ գործում են նաև Գրենդլանդիայի և ուրիշ հարցերը, որոնք բաժանում են եվրոպացիներին Թրամփից:
Հետաքրքիր է, սակայն, որ Դավոսում, շատերի համար անսպասելիորեն, Ուկրաինայի ղեկավար Զելենսկին իսկական շան լափ թափեց եվրոպացիների գլխին:
«Եվրոպան սիրում է քննարկել ապագան, բայց խուսափում է այսօր գործողություններ ձեռնարկելուց», - ասաց Զելենսկին հինգշաբթի օրը Դավոսում, չթաքցնելով իր զայրույթը։ «Որտե՞ղ են Եվրոպայի այն պատրաստ առաջնորդները, ովքեր ունակ են գործելու, այլ ոչ թե միայն խոսելու»,- զայրացած նշեց Զելենսկին։
Այս ամենը հիշեցրեց նաև մեզ հայերիս, թե ինչ է լինում, երբ երկրի կամ ազգի ղեկավարները փորձում են ապավինել արևմտյան երկրների վրա:
Հիշենք, որ 1920 թվականի Սևրից հետո, ընդամենը երեք տարի անց, այդ նույն արևմտյան գործիչները կնքեցին Աթաթուրքի հետ Լոզանի պայմանագիր և իրենց հայտնի կեղծ ժպիտներով ձեռք սեղմեցին Թուրքիայի ղեկավարի հետ: Այդ նույն ղեկավարի, որի դեմ մահափորձ էին կազմակերպում և կոկորդիլոսի արցունքներ էին թափում՝ հայերի և քրդերի համար:
Սա է միշտ եղել արևմտյան ղեկավարների իրական էությունը:
Սա է իրականությունը:
Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ Zham.am
