Քաղբանտարկյալների հարցը մեզ համար առաջնային օրակարգային խնդիր է․ Իշխան Սաղաթելյան
Երկու օր առաջ, Գեղամ Մանուկյանի հետ այցելեցինք «Արմավիր» ՔԿՀ՝ տեսակցելու այդ պահին 10 օր շարունակ հացադուլի մեջ գտնվող քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանին։ Այդ քայլով նա իր արդարացի բողոքն էր արտահայտում այս իշխանությունների ապօրինի որոշումների դեմ՝ հանրության ուշադրությունը սևեռելով բոլոր քաղբանտարկյալների խնդիրների վրա։ Այս մասին գրում է ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Արդեն այդ օրը նրան հայտնել էին, որ հաջորդ օրը վերջինս կտեղափոխվի բժշկական կենտրոն, որտեղ կցուցաբերվեն առողջության պահպանման համար անհրաժեշտ բժկական ծառայություններ և կիրականացվի անհրաժեշտ վիրահատական միջամտություն։
Սակայն Նարեկ Սամսոնյանի հիվանդանոց տեղափոխումն իրականացվեց միայն երկու օր անց, իսկ այսօր «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ հոսպիտալացման թույլտվություն տալու փոխարեն որոշում կայացվեց Նարեկին հետ վերադարձնել «Արմավիր» ՔԿՀ։
Ստեղծված իրավիճակն ուղիղ սպառնալիք է ապօրինի կալանավորված քաղաքացու առողջությանը և պահանջում է անհապաղ միջամտություն։
Մեր գործընկերներն ամեն ինչ անում են, որպեսզի Նարեկ Սամսոնյանը անհապաղ ստանա հասանելիություն անհրաժեշտ բժշկական ծառայություններին։
Նույնանման իրավիճակ է նաև Վարդան Ղուկասյանի պարագայում, ով ունենալով կալանքի հետ անհամատեղելի առողջական խնդիրներ և հիվանդություններ շարունակում է զրկված մնալ պատշաճ բուժօգնությունից՝ ապօրինի կալանքի պատճառով։
«Արմավիր» ՔՀԿ կատարած այցելության օրը տեսակցեցինք նաև քաղբանտարկյալներ Վազգեն Սաղաթելյանին և Խաչիկ Գալստյանին, ովքեր իրենց ողջույններն էին փոխանցում ազատության մեջ գտնվող համախոհ հայրենակիցներին։
Եվս մեկ անգամ ուզում եմ ընդգծել, որ քաղբանտարկյալների հարցը մեզ համար առաջնային օրակարգային խնդիր է, և հանդիսանում է մեր քննարկումների առանցքային թեմաներից մեկը` քաղաքական ուժերի հետ հանդիպումների ընթացքում»։
