Կառավարությունը հավանություն է տվել 150 մլն դոլար վարկ վերցնելուն
ՀՀ կառավարությունը հունվարի 22-ին կայացած նիստում հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Հարկաբյուջետային կայունության և ֆինանսական շուկաների զարգացման ծրագիր – Ենթածրագիր 3» վարկային համաձայնագրի ստորագրմանը։
Նշվում է, որ համաձայնագրի կնքումը պայմանավորված է 2025 թվականի պետական բյուջեի կատարման ապահովման անհրաժեշտությամբ։ Այդ համատեքստում կառավարությունը հաստատել է 2025 թվականի փոխառությունների տարեկան ծրագիրը, որի համաձայն՝ բյուջետային աջակցության համար միջազգային ֆինանսական կառույցներից ներգրավվող վարկային միջոցների պահանջը գնահատվել է շուրջ 675 մլն ԱՄՆ դոլար, այդ թվում՝ Ասիական զարգացման բանկից։
Այս գործընթացի շրջանակում ՀՀ ֆինանսների նախարարությունը նախաձեռնել է ԱԶԲ-ից 150 մլն դոլարի բյուջետային աջակցության վարկի ներգրավումը։ Նշվում է, որ վարկի տրամադրման նախապայման հանդիսացող քաղաքականության գործողությունների և բարեփոխումների փաթեթը, որը սահմանված է երկկողմ համաձայնեցված գործողությունների աղյուսակով (Ենթածրագիր 3), արդեն իրականացվել է։
Վարկային միջոցները կուղղվեն «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով նախատեսված պակասուրդի ֆինանսավորմանը։
Վարկային համաձայնագրով նախատեսվում են հետևյալ պայմանները․ վարկի գումարը կազմում է 150 մլն ԱՄՆ դոլար, տոկոսադրույքը՝ լողացող։ Տարեկան տոկոսադրույքը սահմանվելու է SOFR ցուցանիշի հիման վրա՝ ավելացվելով 0.5% մարժա և 0.1% մարման հավելավճար։ Նշվում է, որ մարման հավելավճարի չափը կախված է վարկի միջին ժամկետից, իսկ 0.1% դրույքաչափը կիրառվում է 9-ից 13 տարի միջին մարման ժամկետ ունեցող վարկերի դեպքում։
Հաշվի առնելով 2025 թվականի դեկտեմբերի 17-ի դրությամբ ձևավորված SOFR ցուցանիշը՝ 3.69%, վարկի լողացող տարեկան տոկոսադրույքը կկազմի 4.66%։ Բացի այդ, նախատեսված է պարտավորության վճար՝ տարեկան 0.15% դրույքաչափով, որը հաշվարկվելու է վարկի չմասհանված գումարի նկատմամբ։
Վարկի ընդհանուր ժամկետը սահմանվում է 15 տարի, որից 3 տարին՝ արտոնյալ ժամանակահատված։
