Նախօրեի համեմատ ավելի վատ էր զգում, ավելի կարճ շփվեցինք. Աստղիկ Մաթևոսյան
«Կեսօրից հետո տեսակցել եմ 13 օր հացադուլի մեջ գտնվող քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանին, – տեղեկացրել է նրա պաշտանական խմբի անդամ Աստղիկ Մաթևոսյանը և հավելել,- Նախօրեի համեմատ ավելի վատ էր զգում, ավելի կարճ շփվեցինք՝ պայմանով, որ ավելի ուշ նորից կտեսակցեմ կարճ ժամանակով՝ անձամբ նրա վիճակի մասին իրազեկ լինելու համար։
Ի դեպ, վճռական էր, կամային, բայց բառեր հարկավոր չեն տեսնելու համար, որ 13-օրյա հացադուլն «իր գործն արել է» և օրգանիզմը զգալիորեն թույլ է և հյուծված. երկար նստել ու քայլել չի կարողանում, անգամ խոսելուց էներգիայի մեծ ծախս է նկատվում։ Խոստացել էր երեկոյան օգտվել փաստաբանին զանգելու հնարավորությունից, եթե ի վիճակի լինի։ Չզանգեց…
Հիշեցնեմ, որ Սամսոնյանը առողջական խնդիրներ է ունեցել մինչ կալանավորումը։ Նա դեռ դեկտեմբերին պետք է վիրահատության ենթարկվեր։ Բայց նոյեմբերի 13-ին տեղի ունեցած իրավական խուլիգանությունը հնարավորություն չտվեց զբաղվել առողջությամբ։ Ապօրինի կալանքի 69 և պատժախցային 10 օրերի ընթացքում առողջական վիճակը վատթարացավ։
Դեռ հունվարի 5-ին Սամսոնյանը ցանկություն էր հայտնել, որ իրեն իր բժիշկը տեսակցի։ Բժշկի այցը տեղի ունեցավ հունվարի 15-ին և Սամսոնյանին անհապաղ վիրահատական միջամտություն ցուցվեց։ Հացադուլի և առողջական խնդիրների հանգամանքները գումարվել են իրար և Սամսոնյանին բուժհաստատություն տեղափոխելն անհետաձգելի անհրաժեշտություն է։
Այսօր Սամսոնյանը դեռ պատժախցում է։ Սպասում ենք, որ ՕՐ ԱՌԱՋ հիվանդանոց տեղափոխելն իրականություն դառնա։
Հ.Գ.
Սամսոնյանն անժամկետ հացադուլ է հայտարարել հունվարի 9-ին՝ եթերում «հետույք» բառն ասելու համար ապօրինի երկամսյա կալանքը ևս երեք ամսով երկարաձգելու դատարանի որոշման հրապարակումից անմիջապես հետո։ Սամսոնյանի նախնական պահանջն է՝ անհապաղ ազատ արձակել իրեն ապօրինի կալանքից։
Հ.Գ.
2. Քիչ անց կլինեմ «Արմավիր» ՔԿՀ-ում՝ Սամսոնյանին տեսակցելու և վիճակի մասին տեղեկություններ ստանալու համար»։
