Արցախի հանձնումը, հազարավոր քաջորդիների նահատակվելը ՀՀ իշխանությունների քաղաքական արդյունքն է․ Մետաքսե Հակոբյան
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրում է․ «Դավոսում ադրբեջանի նախագահի հայտարարությունը, թե իրենք այլևս հույս չունենալով միջազգային ինստիտուտների վրա «արդարությունը հաստատել են ուժով», ինքնին նոր բան չէ։ Ալիևը տարիներ շարունակ բաց տեքստով ասում է այն, ինչ իրականում արել է։ Սակայն այս անգամ խնդիրը ոչ այնքան այդ հայտարարությունն է, որքան Հայաստանի իշխանությունների արձագանքը դրան։
Երբ Հայաստանի Հանրապետության նախագահը այդ խոսքին չի հակադարձում, չի վիճարկում «արդարություն ուժով» ձևակերպումը և գործընթացը բնութագրում է որպես Երևանի ու բաքվի միջև դրսևորված «քաղաքական կամք», դա փոխում է ամբողջ պատմական ու քաղաքական գնահատականը։
ՀՀ նախագահը հայտարարելով, որ տեղի ունեցածը քաղաքական կամքի արդյունք է, փաստացի ընդունում է, որ գործընթացները չեն եղել միայն պարտադրված,այլ եղել է ընդունում, մասնակցություն կամ առնվազն համաձայնություն դրանց ընթացքին։
Սա արդեն վերացնում է «այլընտրանք չկար» թեզը։
Ստացվում է, որ պատերազմը և դրա հետևանքները ներկայացնելով որպես քաղաքական կամքի արդյունք, դրանք դուրս են բերվում հանցագործության և պատասխանատվության դաշտից։
Այս տրամաբանությամբ 2020 թվականի պատերազմը դադարում է դիտարկվել որպես Ադրբեջանի ագրեսիա և վերածվում է «խաղաղության հասնելու միջոցի»։
Արցախի հանձնումը, հազարավոր քաջորդիների նահատակվելը ՀՀ իշխանությունների քաղաքական արդյունքն է։
Եվ, եթե ամեն ինչ եղել է քաղաքական կամքի դրսևորում, ապա բնական հարց է առաջանում՝ ինչո՞ւ և ում որոշմամբ հազարավոր հայ զինվորներ զոհվեցին։
Այս հարցը իշխանությունների խոսույթում անընդհատ շրջանցվում է, որովհետև այն բացում է ամենացավոտ թեման՝ զոհերը դառնում են ոչ թե հայրենիքի պաշտպանության հերոսներ, այլ սխալ կամ հաշվարկված քաղաքականության գին։
Ու եթե այս ամենով հասարակությանը սովորեցվում է, որ հայրենիքի կորուստը կարելի է ներկայացնել որպես խաղաղություն, պարտությունը՝ որպես պատասխանատվություն, իսկ զիջումը՝ որպես քաղաքական հասունություն, ապա նույն տրամաբանությամբ վաղը կարելի է արդարացնել արդեն Հայաստանի տարածքի, անվտանգության և ինքնիշխանության նոր կորուստները։
Եվ այս ամենն ի վերջո պիտի հստակ քաղաքական, իրավական և հանրային հակազդեցություն ստանա։
Հասարակությունը պարտավոր է մերժել այս խոսույթը, այս իշխանություններին, որովհետև պետությունը, որը համաձայնվում է ուժով պարտադրված «արդարությանը», վաղ թե ուշ կորցնում է ոչ միայն տարածքները, այլ նաև գոյություն ունենալու իրավունքը»։
