Մի կրակոցով սպանեց Նիկոլին ու ՔՊ-ին
ԱԺ քպ-ական պատգամավոր Հռիփսիմե Հունանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից և չի ընդգրկվի առաջիկա ընտրությունների ՔՊ ցուցակում։ Ֆեյսբուքյան իր գրառմամբ նա ներողություն է խնդրում այն ձևակերպումների համար, որոնք առաջացրել են քաղաքացիների զայրույթն ու դժգոհությունը։
Նույնիսկ հրաժարականի տեքստը Հունանյանը փորձում է համապատասխանեցնել ՔՊ-ի շահերին։ Բայց ապարդյուն։ Ոչ թե որովհետև չի ուզում, այլ որովհետև անկարող է։ Այնպիսի պատճառաբանություն է գրել, որ մարդիկ կարդան ու ասեն՝ «վա՜յ խեղճ աղջիկ, տեսեք՝ ոնց է մտածում, քաղաքացիներին վիրավորելու համար ներողություն է խնդրում, արժանապատվություն է ցուցաբերում»։
Բայց ՔՊ-ի մուրազը փորում է մնում։ Որովհետև Հռիփսիմե Հունանյանի հրաժարականի մեջ կա մեկ նախադասություն, որը միաժամանակ հարված է հասցնում Նիկոլ Փաշինյանին և ողջ ՔՊ-ին։ Դա ենթագիտակցական նախադասություն է․ մտածված, ձևակերպված և բարձրաձայնված։ Նա ասում է․
«Լավագույն առաջնորդությունը սեփական օրինակով առաջնորդությունն է»։
Սա ուղիղ հարված է Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ թիմին։ Որովհետև հենց դա է, ինչ մարդիկ սպասում են Նիկոլից ու իր թիմից՝ սեփական օրինակով առաջնորդություն։ Իսկ ավելի ուղիղ ասած՝ մարդիկ սպասում են նրանց սեփական օրինակին, այդ թվում՝ հրաժարականին։
Երբ այդ բառերը հնչում են ոչ թե ղեկավարի, այլ նրա ենթակայի շուրթերից, դրանք դադարում են լինել բարոյական սկզբունք և վերածվում են ակամա մեղադրանքի։ Հռիփսիմե Հունանյանի հրաժարականի այս ձևակերպումը առաջին հայացքից կարող է թվալ համեստ, ինքնաքննադատական, նույնիսկ «քաղաքակիրթ»։ Բայց իրականում այն քաղաքականապես շատ ավելի կոշտ է, քան ցանկացած ուղիղ քննադատություն։
Որովհետև այն հարց է տալիս՝ առանց հարց տալու․ եթե սեփական օրինակով առաջնորդելը արժեք է, ապա ո՞ւմ օրինակով է այսօր առաջնորդվում Նիկոլ Փաշինյանը։ Եթե նա ստանձնել է պատասխանատվություն, ինչո՞ւ չի կատարում այն և հրաժարական չի տալիս։ Նա այդ մտայնությունն է արթնացնում հանրության գիտակցության մեջ։
Քաղաքական պատասխանատվության դասական տրամաբանության մեջ սխալների, ձախողումների, հանրային հիասթափության պայմաններում առաջինը չի հեռանում հանձնաժողովի նախագահը։ Հեռանում է ղեկավարը՝ այն ղեկավարը, որը նրան և նրա նմաններին բերել է իշխանության։
Երբ դա տեղի չի ունենում, իսկ ստորադասը «օրինակ է ցույց տալիս», առաջանում է վտանգավոր հակասություն․ առաջնորդը քարոզում է պատասխանատվություն, իսկ պատասխանատվությունը կրում են ուրիշները։ Փաշինյանն այդ խոսքը փողոցից, ժողովրդից չստացավ։ Նա այն ստացավ ներսից՝ իր թիմակցից։ Ներսի հայելին, որտեղ երևում է իր իրական դեմքը, անթույլատրելի է Փաշինյանի համար։ Դա հայելի է, որը պետք է կոտրել, ոչ թե նայել։ Ինչո՞ւ հենց հիմա որոշեց կոտրել։
Որովհետև ընտրությունների շեմին ՔՊ-ն փորձում է մաքրել ցուցակը այն դեմքերից, որոնք հեշտ են ծաղրի ենթարկվում, վատ են հաղորդակցվում և ամենակարևորը՝ հիշեցնում են թիմի կադրային սխալների մասին։
Սա ինքնին վկայություն է, թե ով է կոտրել հայելին։
Այս հրաժարականը կարելի է կարդալ ոչ թե որպես համեստ ժեստ, այլ որպես լուռ հարց՝ ուղղված վերև․ եթե առաջնորդությունը օրինակով է, ապա ինչո՞ւ այդ օրինակը միշտ սկսվում է ներքևից։
Հասմիկ Բաբաջանյան
