Էդուարդ Աղաջանյանի հեգնանքը, Նիկոլ Փաշինյանի պատասխանը
Վերջին օրերին լրագրողական համայնքի կողմից կառավարության իրական դեմքը քողազերծող հերթական բացահայտումը տեղի ունեցավ և պարզվեց, որ պետական բյուջեն անխնա թալանվում է և ՀՀ կառավարության անդամները, պատգամավորները, պետական համակարգի աշխատակիցների ստանում են աշխատավարձ, որոշ դեպքերում նաև պարգևավճարներ։ Այս մասին, այսօր՝ հունվարի 21–ին, ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ հեգնանքով նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը։
«Երբ է վերջ տրվելու այս անխնա թալանին, և ինչո՞ւ դուք անվճար չեք աշխատում որպես վարչապետ արդեն 8 տարի, երբ եք հրաժարվելու ձեր աշխատավարձից»,– դիմելով Նիկոլ Փաշինյանին սարկազմով հարց ուղղեց ՔՊ–ական պատգամավորը։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց. «2017 թվականի համեմատ 2025 թվի արդեն կատարված բյուջեի եկամտային մասը ավելի քան 130%–ով ավել է։ Երկրորդը, ուզում եմ մեզ բոլորիս հիշեցնել որ 2025 թվականի բյուջեում մենք պետական ապարատի պահպանման ծախսերը կրճատել ենք 4%–ով, որը ընդհանուր առմամբ կազմում է 6.5 միլիարդ դրամ։ Այսինքն 2025–ին մենք պետական ապարատի ծախսերի, այդ թվում աշխատավարձերի և այլնի համար ֆոնդը կրճատել ենք 6.5 միլիարդ դրամով։
Մենք համարել ենք, որ պիտի մեխանիզմներ ստեղծենք, որպեսզի պետական ապարատը ինքը փնտրի և գտնի պետական բյուջեում անարդյունավետ ծախսող տեղեր, հաստիքներ, որոնց անհրաժեշտությունը չկա, բայց որոնց վրա գումար ենք ծախսում։ Դրանից հետո մենք ներդրել ենք կատարողականի վրա հիմնված վարձատրության համակարգ, որը պիլոտային ծրագիր է, և որին մենք նպատակադրված ենք օրենքի տեսք տալ։
Մենք պետական ինստիտուտները պետք է ուժեղացնենք։ Մենք սրանով իրականացնում ենք մեր տեսլականը, որի համաձայն մենք ուզում ենք ունենալ բառիս բուն իմաստով անարատ և որևէ կողմնակի ազդեցությունից զերծ պաշտոնյա, այսինքն «զրո կոռուպցիա» քաղաքականության իրագործում,–ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա նկատեց, որ նոր համակարգը պետք է լինի հիմնված կատարողականի գնահատման, վարձատրությունը պետք է փոխկապակցված լինի ծրագրային ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքի հետ։
«Մենք նաև նկատում ենք, որ որակյալ կադրերի արտահոսք է պետական համակարգից դեպի մասնավոր հատված, և որակավորված կադրերի պետական համակարգում ներգրավելու հետ կապված խնդիր կա, որը լուծում ենք։
Հաջորդը, մենք մեր կարգավորումների մեջ դրել ենք, որ այդ գումարի X տոկոսը պաշտոնյան պետք է իր որակավորումները բարձրացնելու վրա պետք է ծախսի անպայման։
Մենք նաև նկատել ենք որ այն մարդիկ, որոնք անսահմանափակ փող ունեն և քաղաքականության մեջ ներգրավված են, պետական պաշտոնյաներին ծանրաբեռնում են ամենատարբեր անձնական բնույթի անհամաչափ հայցադիմումներով, և պաշտոնյաները ուղղակի հնարավորություն չեն ունենում, առաջինը էֆեկտիվ պաշտպանություն իրականացնել, որովհետև դա ծախս է, և երկրորդը դեզինֆորմացիայի դեմ պայքարը էլի իրավական ծախս է։ Մենք գործընկերներ ունենք, որոնք տարիների արդյունքում հաղթել են դատական պրոցեսները, և ասենք 1,5 մլն դրամ ծախսել են պետական համակարգը պաշտպանելու վրա, և դատարանը ծախսերի համար փոխհատուցել է 200-300 հազար դրամի չափով։ Սա նշանակում է, որ հաջորդ անգամ այդ պաշտոնյան ոչ կարող է որևէ դատից պաշտպանվել, ոչ էլ կարող է իր դեմ զրպարտություններով պաշտպանություն գտնել։
Այս ամեն ինչի նպատակը և առաջնային շահառուն քաղաքացին է, որովհետև ինչ հարց լինում է, պաշտոնյային են դիմում։ Մեզ պետք է որ պաշտոնյան գերկենտրոնացած լինի իր խնդրի վրա և որևէ մինիմալ բան նրան չշեղի իր աշխատանքից։
Այո, այդ որոշումը ես եմ կայացրել, իսկ նրանք, որոնք առանց աշխատավարձի կամ սիմվոլիկ աշխատավարձով աշխատել են վարչապետ կամ չգիտեմ ինչ, հիմա նրանք դոլարային միլիոնատերեր են։ Ես նման խնդիր չունեմ իմ առաջ դրած»,– հայտարարեց Փաշինյանը։
NEWS.am
