Ով ում հետ կմասնակցի 2026 թվականի ընտրություններին․ նախնական պատկեր. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Համապետական ընտրություններին ընդառաջ քաղաքական դաշտում ակտիվ բանակցություններ ու վերադասավորումներ են ընթանում։

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ խորհրդարանական ընդդիմադիր դաշտից այս պահին «Հայաստան» դաշինքը գրեթե վերջնական որոշում ունի սպասվող ընտրություններին մասնակցության ձևաչափի հարցում։ Պարզապես «աբդեյթ» կարվի ցուցակը, կփորձեն ակտիվ երիտասարդների ներգրավել՝ տարեցներին ուղարկելով վաստակած հանգստի։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Քրիստինե Վարդանյանը «Ժողովուրդ»-ին փոխանցեց, որ այս պահին խմբակցության կամ ցուցակի կազմի փոփոխությունը առաջնահերթություն չեն դիտարկում։

«Մանրամասներ չեմ կարող հայտնել, որովհետև որևէ կոնկրետություն չկա։ Մենք հայտարարել ենք, որ բանակցությունների փուլում ենք։ Նախ պետք է վերջնականանա դաշինքի ձևաչափը, և պլատֆորմի հետ կապված բոլոր հարցերը ի վերջո կհրապարակվեն»,- ասաց Վարդանյանը։

Նույն խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն էլ նշեց, որ ցուցակի և ձևաչափի վերաբերյալ քննարկումներ դեռևս չկան։

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել նաև, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած կուսակցությունը՝ ՀՀԿ-ն, այս անգամ այնքան էլ հակված չէ մասնակցելու ընտրություններին։ Իսկ թե ում կաջակցեն չմասնակցելու պարագայում, այս հարցն ուղղեցինք ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին։

«Հունվարի 16-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստը, որի վերաբերյալ համապատասխան մամուլի հայտարարությունը տարածվել է։ Մենք քննարկել ենք կուսակցության մասնակցության հարցը։ Հնչել են տարբեր կարծիքներ։ Որոշում դեռ չի կայացվել։ Քննարկումները շարունակվելու են»,- ասաց Աշոտյանը։

Արտախորհրդարանական դաշտում ևս ակտիվ բանակցություններ են ընթանում տարբեր քաղաքական ուժերի և անձանց միջև։

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ «Ապրելու երկիր» կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը և «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հնարավոր է միասնական ճակատով գնան ընտրություններին։ Համենայնդեպս, քաղաքական դաշտում նման բանակցությունների մասին խոսվում է։

Արթուր Վանեցյանն այս առիթով հրաժարվեց մանրամասներ հայտնել։ «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը մեզ փոխանցեց հետևյալը․ «Կոնկրետ ձեր նշած կուսակցությունների մասով առանձնահատուկ տեղեկատվություն չեմ կարող հաղորդել։ Կան տարբեր ընդդիմադիր կուսակցությունների հետ շփումներ, մտքերի փոխանակումներ, բայց ոչ ավելին։ Մենք այս պահին ունենք որոշում ընտրություններին ինքնուրույն մասնակցելու մասին, սակայն չենք բացառում նաև դաշինք կազմելու տարբերակը։ Մենք նաև չենք թաքցրել, որ մեր կուսակցության վարչապետի թեկնածուն կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն է»։

«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը կտրուկ հերքեց շրջանառվող լուրերը։ Նշենք, որ «Մայր Հայաստանը» վերջերս տեղական ընտրություններում շոշափելի հաջողություններ է արձանագրել։

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանն էլ հերքեց լուրերը։ «Նման բան չկա։ Ամբողջությամբ սխալ տեղեկություններ են»,- ասաց նա՝ միաժամանակ չհստակեցնելով, թե ինչ ձևաչափով են պատրաստվում մասնակցել ընտրություններին։

Տեղեկություններ կան, որ բանակցություններ են ընթանում նաև «Միասնության թևեր» շարժման, «Հայաքվե» ազգային-քաղաքացիական միավորման, Աբրահամ Գասպարյանի և Ռուբեն Մխիթարյանի միջև՝ ընտրություններին միասնական մասնակցելու նպատակով։

«Մենք պարբերաբար հանդիպումներ ու քննարկումներ ենք ունենում քաղաքական դաշտի բոլոր ներկայացուցիչների հետ։ Եթե լինեն նորություններ կամ արդյունքներ, անպայման կհրապարակենք»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց Աբրահամ Գասպարյանը։

«Հայաքվե»-ից Արմեն Մանվելյանը փոխանցեց․ «Մենք լայն բանակցային գործընթացի մեջ ենք բազմաթիվ քաղաքական ուժերի հետ։ Ձեր նշած ուժերի մեծ մասի հետ դեռ հարաբերություններ չունենք, նույնիսկ հանդիպումներ չեն եղել, սակայն դրանք դիտարկում ենք։ Որոշ փուլում հնարավոր է հանդիպենք։ Այս պահին բանակցությունների մասին ոչինչ ասել չեմ կարող, մինչև դրանք հասնեն, այսպես ասած, տրամաբանական ավարտի։ Կարծում եմ՝ փետրվարի սկզբին արդեն պարզ կլինի»։

«Միասնության թևեր» շարժումից տեղեկացրեցին, որ այս պահին ապագայի վերաբերյալ հրապարակային տեղեկատվություն չունեն։

Ռուբեն Մխիթարյանից մեզ չհաջողվեց մեկնաբանություն ստանալ, սակայն ակնհայտ է, որ նրա մասնակցությունը կարող է նոր լիցք հաղորդել ցանկացած միավորման։

Համապետական ընտրություններին ընդառաջ ակտիվ բանակցությունների մեջ են նաև «Հայ ազգային կոնգրեսը» (ՀԱԿ), ԲՀԿ-ն, «Ապրելու երկիր» կուսակցությունը, «Սասնա ծռեր»-ը, «Նժար» ուժը, «Հաղթանակ» կուսակցությունը՝ նախագահ Վիկտոր Մնացականյանի գլխավորությամբ, ինչպես նաև նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։

«Ապրելու երկիր» կուսակցությունն արդեն տվել է իր ընդհանրական պատասխանը։ Վիկտոր Մնացականյանը նշեց, որ այս պահին չի կարող տեղեկություններ հայտնել։ Հայկ Մարությանը ևս հրաժարվեց պատասխանել մեր հարցերին։

«Սասնա ծռեր»-ից Գևորգ Սաֆարյանը փոխանցեց․ «Մենք այս պահին համապետական ընտրություններին մասնակցելու որոշում չունենք։ Ձեր նշած հանդիպումների և բանակցությունների մասին տեղեկություն չունեմ»։

ՀԱԿ-ի փոխնախագահ և միաժամանակ կուսակցության վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը հերքեց շրջանառվող լուրերը՝ նշելով, որ դրանք լիովին սուտ են։

ԲՀԿ-ից ևս մեզ չհաջողվեց պատասխան ստանալ։ Նրանք ակտիվորեն առաջ են տանում «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությունը, որը, ըստ իրենց, լայն համախմբում է ապահովել։

Հայտնի է, որ ընդդիմադիր քաղաքական դաշտում ակտիվ գործունեություն է ծավալում նաև «Մեր ձևով» շարժումը։ Գործունեության մաս են կազմում շարունակական հանդիպումներն ու բանակցությունները։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ «Մեր ձևով» շարժումը բանակցություններ է ունեցել նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցության և մի շարք այլ քաղաքական ուժերի հետ։

«Մեր ձևով» շարժման մամուլի քարտուղար Մարիաննա Ղահրամանյանը մեզ փոխանցեց․ «Ինչպես հայտարարել է «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը, շարժումը ձևավորվել է հստակ տեսլականի հիման վրա՝ Հայաստանում իրական ու շոշափելի փոփոխությունների հասնելու նպատակով, ինչը հնարավոր է նոր ղեկավարի միջոցով, որը կկարողանա համախմբել պառակտված հասարակությանը։ Մենք նաև նշել ենք, որ շարժումը չի բացառում քննարկումները այն ուժերի և անհատ պրոֆեսիոնալների հետ, որոնք կկիսեն մեր գաղափարներն ու մոտեցումները։ Սակայն այս պահին ձեռնպահ կմնանք մանրամասնելու հնարավոր քննարկումները»։

ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանն էլ կտրականապես հերքեց մեր տեղեկությունները՝ նշելով, որ որևէ ձևաչափով հանդիպում, քննարկում կամ բանակցություն չի եղել։

Այդուհանդերձ, «Մեր ձևով» շարժումը մտադիր է դառնալ լայն միավորում։

Տեսնենք, թե ինչպես կստացվի «կոնսենսուս մինուս մեկ» ծրագիրը, քանի որ Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն քաղաքական դաշտում դաշնակիցներ չունի։ «Հանրապետություն» կուսակցությունն ու արևմտյան մյուս ուժերը տեղական մի շարք ընտրություններում պարտվել են, ուստի դժվար է կանխատեսել, թե ինչ տեսք կունենա 2026 թվականի հետընտրական քաղաքական փազլը։

դիտվել է 398 անգամ
Լրահոս
Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք. Լևոն Ազիզյան Մովսիսյանը նշել է, թե եվրոպական թոփ 5 լիգաներից, որ ակումբին կհամապատասխաներ Սպերցյանը Լիտվայի Սեյմը վարչապետի պաշտոնում հաստատել է սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Սինկևիչուսին ՀՀ դեմ մշակվող զավթողական ծրագրի թեմայով հերթական հավաքն է տեղի ունեցել Ադրբեջանում․ ադրբեջանագետ Ի՞նչ «բացահայտեց» Նաթանյահուն Հայաստանում «Այծի մորուքով» Սերժ Թանկյանը թող խոսի՝ ինչպես է Նիկոլը մեր պետությունը սարքել «փալաս»․ Մարգարյան (video) Թող սրանք լա՛վ իմանան՝ էս ծանր հանցագործությունների տակից դուրս չե՛ն գալու․ Երվանդ Բոզոյան (video) «ՍԴ-ն ծանր քար է լինելու Փաշինյանի վրա»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) «Ռուբեն Բաբայան սրիկա՛, դու ո՞նց նման բան ասացիր»․ տարեց կին (video) Իսրայելը մահացու վտանգի առաջ է․ Երվանդ Բոզոյան (video) Ինչպե՞ս է Փաշինյանը Ռուսաստանում հարցերի տակից դուրս գալու․․․ (video) ՍԴ որոշումից հետո համախմբելու ենք ընդդիմադիր ուժերին, որից հետո հաջորդ քայլերը կանենք. Կարապետյան (video) Վիճակը ծանր է լինելու․ Ռուսաստանը վերջին փրկողակն է նետում Փաշինյանին․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Ձեր հանձնառության մեջ ամուր մնացեք հավատքով. Գարեգին Բ-ն՝ Գևորգյան ճեմարանի սաներին Հանդիպե՞լ է Սամվել Կարապետյանը Ռոբերտ Քոչարյանին և ի՞նչ գաղտնի պլանի մասին է խոսում (video) Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել Արարատյան դաշտում և Երևանում գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճաններ Նիկո՛լ, այ «շակա՛լ», հիմա էլ պիտի ասե՞ս՝ ռուսներն են քեզ նման բան ասել․․․ տարեց կնոջ դիպուկ խոսքը (video) Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է զիջումներ անել Անկարային կործանիչների վաճառքի հարցում Մի քիչ էլ գազ տանք, կտենա՛ք՝ ՍԴ-ն ինչ որոշում կկայացնի․ Սամվել Կարապետյանի ակնարկը (video) Սամվել Կարապետյանի գործով մեղադրյալ Անդրանիկ Խաչատրյանի խափանման միջոցը դատարանը թողեց անփոփոխ Ժամանակի հարց է, որ ժողովուրդը լցվի փողոց․ Սամվել Կարապետյան (video) «Փաշինյանի բերած նոր աղետից մեր ամբողջ հասարակությունը ոռնալու է»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ռեժիմի գործողության ժամկետը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am