Չարիքի թիրախը մեր հոգևոր-քաղաքակրթական բովանդակությունն է. Բագրատ Սրբազանն ուղերձ է հղել
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից ուղերձ է հղել։
«Ինչպես բազմիցս անդրադարձել եմ, այսօրվա մեր կյանքի ճգնաժամը հոգևոր-քաղաքակրթական է, որից էլ բխում է ընդհանուր կյանքի ճգնաժամը` քաղաքական, տնտեսական, սոցիալական, առողջապահական, բնապահպանական, ընտանեկան, հասարակական հարաբերություններ և այլն:
Այն, ինչ «գեղեցիկ» փաթեթավորմամբ ներկայացվում է այսօր, ընդհանուր առմամբ ընդամենը պատրանքային կամ ձևապաշտության (imitation) դաշտից է` առանց որևէ իրական և մնայում կամ հաստատուն հիմքի և հիմնավորման, առանց խորը վերլուծված նպատակային բովանդակության:
Բազում առիթներով նշել եմ, որ վտանգը հենց այդ բովանդակային փոփոխության միտումն է, այսինքն` չարիքի թիրախը մեր հոգևոր-քաղաքակրթական բովանդակությունն է: Եվ մեր «Սրբազան պայքար»-ն էլ հենց այս մասին է եղել և մնում` կառուցել Հոգևոր Հայաստանի տեսիլքը:
Հետևաբար, հեռու բոլոր տիրադավներից ու ազգադավներից, որոնց «հեղինակների խոսքերը քաղցկեղի պես ճարակ են գտնում» (Բ Տիմ. Բ:16) իրենց «պիղծ և դատարկ զրույցներով», որոշել եմ մեր կյանքի բոլոր ոլորտներին առնչված կարճ, բայց կարծում եմ` բովանդակալից ներկայացնել մեր պատկերացումն ու տեսիլքը, որը մեր երազած Հոգևոր Հայաստանի մասին է`
երազող և երազներն իրականացնող Հայաստանի մասին է,
Հաղթանակների ձգտող և Հաղթող Հայաստանի մասին է,
Հաշտությամբ և սիրով ապրող Հայաստանի մասին է,
Արդարությամբ և արդարադատությամբ Հայաստանի մասին է,
որտեղ մարդը գնահատվում է ոչ թե ինչ ունենալով կամ ում ճանաչելով, այլ` ով լինելով,
որտեղ ամեն ինչ միտված է ծառայելու մարդուն և պետությանը, և ոչ թե մարդուն ու պետությունը ծառայեցնելու իրենց:
Բնականաբար, այս ամենը «Հրաժարիմքն» է «իրական Հայաստան» կոչված կեղծիքից, «խաղաղության» պատրանքից և ստից, «կրթվելու նորաձևությունից» և այլնից, որոնց «վերջը կորուստ է, նրանց Աստվածը իրենց որովայնն է և փառքը` իրենց ամոթը» (Փիլիպ. Գ:19) «հեռու մնալով պիղծ և նորահնար տեսություններից և մոլար անուն (խաբեպատիր) գիտության հակառակություններից» (Ա Տիմ. Զ:20):
Նույնիսկ չեմ անդրադառնալու մեր` «դատական» կոչված գործընթացներին` այն առոչինչ համարելով ներկայացվելիք գաղափարների համեմատությամբ:
Պահելով ավանդը, ձեզ հետ խոսելու եմ Հոգևոր Հայաստանի` իմ պատկերացումների մասին, որոնք հիմնականում արձանագրված են իմ ստեղծագործություններում և որոնց մասին խոսել ենք ողջ 2024-2025թթ. «Սրբազան Պայքարի» բովում:
Նկատի ունենալով, որ առաջիկայում մեր երկրի կյանքում վճռական ժամանակներ են` հուսալից եմ, որ դրանք որպես դրույթներ օգտակար կլինեն բոլոր նրանց համար, ովքեր պայքարում են մեր կյանքի ազատագրության համար...
քանի որ ՀԱՂԹԱՆԱԿՆ այլընտրանք չունի...
Բագրատ արք. Գալստանյան
Հայրենիքի Կալանավոր
19.01.2026»,- նշված է ուղերձում։
