Ի՞նչ հեռանկարներ կան Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև խաղաղության հաստատման համար․ Rand
Մինչդեռ 2025 թվականին ողջ աշխարհի ուշադրությունը սևեռված էր Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում սրվող հակամարտությունների վրա, Հայաստանի և Ադրբեջանի միջև նախնական խաղաղության հաստատման գործում առաջընթաց է գրանցվել, Rand կորպորացիայի համար գրում է քաղաքական մեկնաբան Ուիլյամ Դանբարը:
Հոդվածի հեղինակի կարծիքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը, որը ստորագրվել է 2025 թվականի օգոստոսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ, կարող է վերափոխել նախկին Խորհրդային Միության տարածքի ամենադժվար լուծելի հակամարտություններից մեկը և առևտրային ու տրանսպորտային երթուղիներ բացել Ասիայից դեպի Եվրոպա՝ շրջանցելով Ռուսաստանն ու Իրանը:
«Սակայն սահմանադրական խնդիրների և աշխարհաքաղաքական միջամտության համակցությունը կարող է խոչընդոտել այս բեկմանը, որը տանում է դեպի տևական խաղաղության հաստատում: Եթե Արևմուտքը ցանկանում է հազվադեպ դիվանագիտական հաղթանակի հասնել Կովկասում, ապա 2026 թվականին մշտական ներգրավվածություն կպահանջվի»,- նշում է հոդվածի հեղինակը։
Ըստ նրա՝ բացի սկզբնական հանդիսավոր հայտարարություններից, որոնցով ուղեկցվել է Վաշինգտոնում ընդունված համատեղ հռչակագիրը, շատ բան դեռևս մնում է անորոշ, իսկ դիվանագիտական գործողությունները, կարծես թե, դանդաղել են։ «Համաձայնագիրը նախատեսում է դիվանագիտական հարաբերությունների հաստատում և սահմանների դելիմիտացիա, ինչն առանցքային նշանակություն ունի՝ Ադրբեջանն իր էքսկլավ Նախիջևանի հետ կապող տրանսպորտային ուղու կառուցման գործում։ Այս երթուղին այժմ անվանում են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարեկեցության» (TRIPP)։ Սակայն առաջընթացը կանգ է առել, քանի որ երկրներից և ոչ մեկը դեռևս չի ստորագրել այն»,- գրում է Դանբարը։
Նրա կարծիքով՝ Բաքուն չի ստորագրի համաձայնագիրը, քանի դեռ Հայաստանը իր սահմանադրության տեքստից չի հեռացրել այն, ինչը, ըստ ադրբեջանական կողմի, «տարածքային հավակնություն է հանդիսանում Ադրբեջանի նկատմամբ»։
«Հայաստանն իր հերթին սահմանադրական փոփոխություններ է նախապատրատսում, բայց դրանք պետք է վավերացվեն հանրաքվեով, որը նախատեսված է 2027 թվականին։ Հաշվի առնելով, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարող է վերընտրվելու համար բարդ պայքարի բախվել՝ սա հարցականի տակ է դնում թե՛ սահմանադրական փոփոխությունները, թե՛ խաղաղության համաձայնագրի ապագան»,- նշում է հոդվածի հեղինակը։
Ինչպես ընդգծվում է Rand-ի նյութում, խաղաղության համաձայնագիրը ոչ միայն ինքնին փխրուն է, այլև այն աշխարհաքաղաքական համատեքստը, որում այն ստորագրվել էր, զգալիորեն փոխվել է այն պահից ի վեր, երբ նախագահ Թրամփը օգոստոսին Վաշինգտոնում հյուրընկալել է Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
«Այդ պահին ռուս-ադրբեջանական հարաբերությունները ավելի քան վեց ամիս գտնվել են պատմականորեն ամենացածր մակարդակի վրա։ Սակայն 2025 թվականի հոկտեմբերին Մոսկվայի և Բաքվի միջև մերձեցումը և ռուսական միջամտության վերսկսումը Հայաստանի գործերին կարող են խաթարել Ամերիկայի ու Արևմուտքի ազդեցությունը և այս գործընթացը դուրս մղել հունից։ Բացի Վաշինգտոնում ընդունված համատեղ հայտարարությանը հաջորդած հանդիսավոր արարողություններից, շատ բան մնում է անորոշ և թվում է, թե դիվանագիտական գործողությունները դանդաղել են»,- գրում է Դանբարը։
Մեկնաբանի կարծիքով՝ թե՛ Բաքվում, թե՛ Երևանում Ռուսաստանի ազդեցության թուլացումը հնարավորություն էր բացել Արևմուտքի գլխավորած խաղաղության միջնորդության համար։
«Մոսկվայի ռազմական ձախողումները և լիամասշտաբ ներխուժումից հետո Ուկրաինայի դիվանագիտական մեկուսացումը արձակել են Ադրբեջանի ձեռքերը՝ վիճելի Ղարաբաղյան տարածաշրջանում։ 2023 թվականին ռուս խաղաղապահները, որոնք տեղակայվել էին տարածաշրջանում և պետք է պաշտպանեին 100-հազարանոց էթնիկ հայ բնակչությանը՝ 2020 թվականի Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո, ոչինչ չեն ձեռնարկել, երբ ադրբեջանական զորքերը ներխուժել են տարածաշրջան՝ տեղահանելով բնակչությանը մի գործողությամբ, որը Եվրոպական խորհրդարանն անվանել է էթնիկ զտում։ Սա երկակի ազդեցություն է ունեցել՝ Ռուսաստանի հեղինակության անկում Ադրբեջանում և Ռուսաստանի հեղինակության կործանում Հայաստանում։ 2021 թվականին հայերի 37 տոկոսը Ռուսաստանին համարում է երկրի գլխավոր բարեկամ, 2024 թվականին այդ ցուցանիշը նվազել է մինչև 12 տոկոս։ Ռուս-ադրբեջանական հարաբերություններն այդ տարի է՛լ ավելի են վատթարացել այն բանից հետո, երբ ռուսական ՀՕՊ ուժերը խոցել են ադրբեջանական ուղևորատար ինքնաթիռը»,- ընդգծում է նա։
Դրան հաջորդել են հուլիսին Եկատերինբուրգում ադրբեջանցիների նկատմամբ իրականացված դաժան ձերբակալությունները, որոնց հետևանքով երկու մարդ է զոհվել, գրում է Դանբարը։
Սակայն այժմ Ռուսաստանը ձգտում է վերականգնել իր դիրքերը երկու երկրներում էլ։
«Ադրբեջանում Պուտինի վերջերս արված ավելի լիարժեք ներողությունները, որոնք կապված են խոցված ուղևորատար ինքնաթիռի հետ, կարծես թե օգնել են հարաբերությունները վերադարձնել «բնականոն գործնական հուն», թեև այժմ դրանք ավելի շատ հիշեցնում են իրավահավասար գործընկերություն, քան այն վիճակը, որում Բաքուն գտնվում էր մինչև 2023 թվականը։ Ադրբեջանի շահերից է բխում դիվանագիտությունը զարգացնել երկու ուղղությամբ. մեկը՝ արևելք-արևմուտք ուղղությամբ իր դաշնակից Թուրքիայի հետ, իսկ մյուսը՝ հյուսիս-հարավ ուղղությամբ Մոսկվայի հետ։ Իրոք, երբեմն այս երկու ուղղությունները պատահականորեն մերձենում են, ինչպես Եվրոպա ադրբեջանական գազի արտահանման ավելացման դեպքում, որը, որոշ փորձագետների կարծիքով, իրականում գալիս է Ռուսաստանից»,— ասվում է հոդվածում։
Միևնույն ժամանակ, ըստ նրա, Հայաստանում Ռուսաստանն աջակցություն է ցուցաբերում Փաշինյանի հակառակորդներին, որոնցից ոմանք կոչ են անում Հայաստանի և Ռուսաստանի միջև ստեղծել «բելառուսական մոդելով» ստեղծել միություն։
Դանբարը հիշատակում է նաև բարերար և գործարար Սամվել Կարապետյանին, ով ձերբակալվել էր հունիսին՝ կառավարությանը տապալելու կոչեր հնչեցնելու համար։
«Հատկանշական է, որ թեև Ռուսաստանը ձգտում է ինչպես վերականգնել փոխշահավետ հարաբերությունները Բաքվի հետ, այնպես էլ տապալել Երևանում Փաշինյանի արևմտամետ կառավարությունը, նա նաև ցանկանում է վերահաստատել իր դերը որպես տարածաշրջանային արբիտր (միջնորդ)»,- գրում է հոդվածի հեղինակը։
Ինչպես նշում է Դանբարը, հաշվի առնելով այս անկայուն դիվանագիտական լանդշաֆտը, կենսականորեն կարևոր է, որ արևմտյան քաղաքական գործիչները ակտիվացնեն փոխգործակցությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ, եթե Արևմուտքում ցանկանում են իրացնել ԱՄՆ նախագահի խաղաղության համաձայնագրից բխող պոտենցիալ օգուտները։
«Ստորագրման հիմնական խոչընդոտը Բաքվի պահանջն է առ այն, որ Հայաստանը փոխի իր սահմանադրությունը, ինչը չի կարող տեղի ունենալ առանց հանրաքվեի և չկա որևէ երաշխիք, որ հայ ընտրողները կաջակցեն նոր մայր օրենքին։ Այս տարի հանրաքվեի անցկացումն ակնկալվում էր իրականացնել խորհրդարանական ընտրությունների հետ միաժամանակ, սակայն Փաշինյանն այն հետաձգել է մինչև հաջորդ տարի։ Նա հույս ունի, որ ընտրությունները կհանգեցնեն բևեռացման և նա կկարողանա առանձնացնել սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ վերկուսակցական հարցից և ժամանակ շահել աջակցություն հավաքելու համար»,- նշվում է հոդվածում։
Միևնույն ժամանակ ընդգծվում է, որ հասարակական կարծիքի հարցումներում Փաշինյանի վարկանիշը ցածր է և ընտրություններում կամ հանրաքվեում նրա հաջողությունը չի կարող երաշխավորված լինել։
«Հապաղումը կարող է նաև դրդել Բաքվին որդեգրել ավելի ռազմատենչ դիրքորոշում։ Վաշինգտոնի օգոստոսյան հանդիպումից հետո հայտնի է դարձել, որ Բաքուն դադարեցնում է իր «Արևմտյան Ադրբեջան» իրրեդենտիստական նախագիծը, որը տարածքային հավակնություններ էր ներկայացնում Հայաստանի տարածքի մեծ մասի նկատմամբ, սակայն սեպտեմբերին արդեն հայտնի է դարձել, որ «Արևմտյան Ադրբեջանի համայնքը» կշարունակի վայելել կառավարության օրհնությունը»,- գրում է Դանբարը։
Նրա կարծիքով, Բաքվի նման հռետորաբանությունը կարող է մեծացնել այն ռիսկը, որ հայ ընտրողները կմերժեն հանրաքվեն։
«Այսպիսով, ներկայումս խաղաղության համաձայնագիրը գտնվում է դիվանագիտական անորոշության («կախված») վիճակում. այն համաձայնեցված է, բայց ստորագրված չէ. դա ապագայի ճանապարհային քարտեզ է, իսկ այժմ այն կռվախնձոր է։ Եթե Արևմուտքը լրջորեն տրամադրված է ստեղծել խաղաղ Հարավային Կովկաս, որը զերծ կլինի ռուսական միջամտությունից, ապա հիմա աջակցությունն ավելացնելու ճիշտ ժամանակն է։ Հաշվի առնելով այս հանգամանքները՝ Արևմուտքը կարող էր փորձել օգնել կողմերին մշակել «Պլան Բ», օրինակ՝ ստորագրել համաձայնագիրը՝ առանց այն վավերացնելու։ Ցանկացած պարագայում Արևմուտքը պետք է Ադրբեջանին հասկացնի, որ Հայաստանի նկատմամբ ցանկացած հետագա ռազմական ճնշումն անընդունելի կլինի։ Արևմուտքը կարող էր նաև օգնել Երևանին և Բաքվին՝ խաղաղության համաձայնագիրը ներկայացնել տեղական լսարաններին։ Այստեղ ավելի շատ հնարավորություններ կան Հայաստանի հետ փոխգործակցության և վերջին մի քանի տարիների ընթացքում ձեռք բերված ժողովրդավարական առաջընթացն ու դեպի Արևմուտք շրջադարձն ամրապնդելու համար։ Երկրի անկախ լրատվամիջոցներում և քաղաքացիական հասարակության մեջ ներդրումները կարող են օգնել նրանց արձագանքել Ռուսաստանի ազդեցության գործողություններին և հիբրիդային այլ մարտավարություններին՝ հավանական շեշտադրում կատարելով Բաքվի առջև Փաշինյանի ենթադրյալ կապիտուլյացիայի վրա։ Երկարաժամկետ հեռանկարում Արևմուտքը պետք է սատարի Հայաստանի կառավարությանը, որպեսզի նա հանդես գա հօգուտ այն բանի, որ արևմտամետ Հայաստանը խաղաղության մեջ ապրի իր հարևանների հետ։ USAID-ի (ԱՄՆ ՄԶԳ) վերջերս փակվելը վերջ դրեց այն ծրագրերին, որոնք ուղղված էին հայկական լրատվամիջոցներին ֆինանսական կայունության հասնելուն և դադարեցրել է ՀՀ կառավարության ռազմավարական հաղորդակցության կարողությունների հզորացման համար ֆինանսավորումը»,- ասվում է հոդվածում։
NEWS.am
